Էկոսֆերա

«Կլիմապոլիս»․ խաղալով հաղթահարենք կլիմայական փոփոխությունների հետևանքները. «Էկոսֆերա»

Ստորագրվել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։

Հայաստանը երեսունութերորդ երկիրն է աշխարհում և առաջինը Կովկասում, որը ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ:

Ինչպես Վեդիի երիտասարդները ստեղծեցին «Կլիմապոլիս» խաղը։

Վերջին 130 տարվա ընթացքում երկրագնդի մթնոլորտի ստորին շերտի միջին ջերմաստիճանը բարձրացել է գրեթե 1°C-ով։ Ջերմաստիճանի նույնիսկ այսպիսի բարձրացումը մոլորակի մասշտաբով լուրջ վտանգ է նրա «բնակիչների»՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար: Բացի դրանից՝ 1°C-ը միջին համաշխարհային տվյալ է, և որոշ տարածաշրջաններում, ինչպես, օրինակ՝ Արկտիկայում, ջերմաստիճանը շատ ավելի արագ է բարձրանում, իսկ Հայաստանում հասել է 1․3°C-ի:

Մասնագետների պնդմամբ՝ թվերը մտահոգիչ են։ Այն մարտահրավեր է հասարակության յուրաքանչյուր անդամի համար և, կանխատեսվող կլիմայական փոփոխությունները հաշվի առնելով, կարևորվում է պատրաստ կամ գիտելիքներով «զինված» հասարակություն ունենալը։

Այս առումով, էկոկրթության մակարդակի բարձրացմանը նպաստելու և երիտասարդների շրջանում հետաքրքրությունը կլիմայի փոփոխության հիմնախնդիրների հանդեպ բարձրացնելու ուղղությամբ օրերս ստորագրվեց Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։

Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը, հռչակագրով Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ:

Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած վտանգների մասով ամենից խոցելին երեխաներն են։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայանգքի խոսքով՝ նրանք պետք է պատրաստ լինեն կլիմայական փոփոխություններին՝ ապահովելով բնականոն կենսակերպ.

«Ստորագրել ենք հռչակագիր, որը վերաբերում է երեխաների առողջությանն ու բարեկեցությանը։ Կլիմայի փոփոխությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի մասն է կազմում, քանի որ երեխաներին վերաբերող կոնվենցիա է Հայաստանը ևս բացառություն չէ։

Բոլոր երեխաները ենթարկվում են օդի աղտոտվածությանը։ Առողջապահական ուղեցույցի համաձայն՝ երեխաների 48 տոկոսը բախվում է տարբեր պեստիցիդների ազդեցությանը, իսկ 80 տոկոսը ՝ սակավաջրությանը։

Մենք տեսնում ենք, որ աղետները հաճախակի են դարձել և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարևորում է ծրագրերի իրականացումը՝ երիտասարդների հետ։ Եկել ենք այն եզրահանգման, որ կրթական ծրագրերի իրականացումն ամենից արդյունավետն է, քանի որ նպատակն ունենք երեխաներին զերծ պահել կլիմայի բացասական ազդեցությունից՝ կլիմայական փոփոխություններին ընդառաջ ապահովելով լավ կենսակերպ»։

Նարեկ Օհանյանը Վեդիից է։ Երիտասարդ բնասերը տեղյակ լինելով իր համայնքում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրներից, որոշել է գտնել հարմարվողականության «բանալին»։

Այսպես՝ ընկերների հետ ստեղծել է խաղ՝ «Կլիմապոլիս», որը կրթելու նպատակ ունի և սովորեցնում է սեփական գործողություններով կանխարգելել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող աղետները:

Խաղի մասնակցը դառնում է Կլիմապոլիս քաղաքի բնակիչը, որն օգնում է իր քայլերով այսպես ասած՝ քաղաքապետին յուրաքանաչյուր ոլորտում խելացի լուծումներ կամ որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով ահագնացող աղետները։

Հարկ է նկատել, որ խաղը մեծ արձագանք է ստացել։ Այն ներկայացվել է նաև Եգիտոսում տեղի ունեցած COP-27 համաժողովին։

Back to top button