Վերնատուն

«Լեռնային կղզին»․ Հայաստանի լեռները բացահայտելու համար մեկ կյանքը բավարար չէ․ «Վերնատուն»

Հայաստանի լեռների ու Հայկական լեռնաշխարհի մասին պատմող «Լեռնային կղզի» երկլեզու գիրք– հանրագիտարանը Armenian Geographic նախագծի 10– ամյա վերելքների ամփոփումն ու արդյունքն է։

Գրքի հեղինակ, Armenian Geographic նախագծի հիմնադիր Տիգրան Վարագը պատմում է՝ ինչ է իրենից ներկայացնում գիրքը, խոսում է լեռնագնացության հմայքի, անձնական փորձի մասին։

Ի՞նչ են փնտրում լեռնագնացները լեռներում։ Տիգրան Վարագն ասում է՝ լեռնագնացության տարբեր փուլերում պահանջները փոխվում են․ ճանաչողության ձգտումից մինչև սպորտային հետաքրքություններ, առաջինը լինելու ամբիցիաներից մինչև մշակութային հետաքրքրություններ, հետո՝ ցանկություն ես ունենում ուրիշներին բացահայտել լեռների «աշխարհը»։

Ասում է՝ լեռների հետ ապրելու, հարաբերվելու մշակույթը նախկինում ավելի շատ է եղել, երբ դրանց նկատմամբ պաշտամունք է եղել, երբ լեռներին նայելով մարդիկ աղոթել են, լեռներ են բարձրացել հաջողությունները, նպատակներն ու երազանքները իրականացնելու համար, ու պատահական չէ, որ ամեն տարածաշրջան իր սուրբ լեռն է ունեցել։

Գրքում բացահայտվում են նաև լեռների հետ կապված հնագույն, պատմական տեղեկություններն ու առասպելաբանությունը։ Հեղինակն ասում է, որ այս գրքով նախևառաջ փորձել է լրացնել աշխարհագրության մեջ լեռների հետ կապված բացը։ Խոսելով Հայկական լեռնաշխարհի լեռների առանձնահատկությունների ու Հայաստանի լեռների մասին՝ Տիգրան Վարագը ասում է՝ Հայաստանում դեռ շատ կան չբացահայտված լեռներ։

«Իմ կարծիքով՝ մի կյանքը բավարար չէ բացահայտելու միայն Հայաստանի լեռները, կարծիք կա, որ եթե Հայաստանը փռես, այն աշխարհի ամենամեծ պետությունը կդառնա»։

10 տարի շարունակ Armenian Geographic նախագիծը տարվա բոլոր եղանակներին իրականացնում է արշավներ ոչ միայն Հայաստանում և հարևան երկրներում, այլև սկսել է ընդարձակել աշխարհագրությունը և «Յոթ հրաբուխ» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսել են բարձրանալ Կիլիմանջարո լեռը։ Սակայն նախագծի գլխավոր մեխը լեռնագնացը համարում է «Լեռնային կղզի» գիրքը։

«Եթե լուրջ քայլեր արվեն և լուրջ մասնագետներ ներգրավվեն, Հայաստանի տուրիզմը կարող է շատ գրավիչ լինել աշխարհի համար։ Այն կարող է մեծ գումարներ բերել երկիր, հատկապես սոցիալական վատ պայմաններում գտնվող գյուղերի համար, Հայաստանը արշավային տուրիզմի շատ մեծ պոտենցիալ ունի», – ասում է Տիգրան Վարագը։

Back to top button