Գերդաստաններ

Իշխանավորներից «հյուսված» «Քաջ-Նազարի» հեղինակն ու նրա արժանավոր զավակները. «Գերդաստաններ»

Հանրահայտ գրող և բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազարը» ծնվեց 20-րդ դարի վերջին` 80-ականներին։ Տարբեր ժամանակներում՝ բախտի բերմամբ թե պատահմամբ,  իշխանության եկած դեմքերից հյուսվեց «Քաջ Նազարը»։ Գրողի անհաշտ վերաբերմունքը ցավոտ երևույթների նկատմամբ հետագայում կրկին արթնացավ որդու՝ Դավիթ Սարգսյանի ստեղծագործություններում։

Հանրահայտ գրող Մկրտիչ Սարգսյանը ծնվել է Ջավախքի Ախալքալաք քաղաքում, բայց իրեն միշտ Էլ էրզրումցի է համարել, քանի որ նախնիները գաղթել էին այնտեղից` պահպանելով էրգրի ավանդույթներն ու սովորույթները։ Ընտանեկան մի պատմություն կա․ գրողի պապը Ջավախքում հաստատվելուց հետո մեկնում է Արդահան՝ աղ բերելու, ճանապարհին կռվի է բռնվում հայերի ինքնասիրությունը վիրավորած մի թուրքի հետ և գետնում նրան, իսկ թուրքերը թիկունքից կրակում են նրա վրա, մարմինը մաս-մաս անում, լցնում աղի համար նախատեսված պարկերը և  ուղարկում Ախալքալաք:

Ընտանեկան այս և այլ պատմություններ գրի է առել գրողի որդին՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրող Դավիթ Սարգսյանը, քանի որ հայրը պատվիրել էր լավ հիշել նախնիների պատմությունները, և դրանք փոխանցել սերունդներին։

Բայց Մկրտիչ Սարգսյան-գրողի վրա ազդում են ոչ թե ընտանեկան այս պատմությունները, այլ հորը վաղ կորցնելու ողբերգությունը։ Հայրը՝ Դիվինը, գրագետ, բարի և հայրենանվեր գործիչ էր՝ բոլորին օգնող, Ջավախքում մեծ համբավ ունեցող։ Վերջին անգամ հոր և որդու հայացքները  հանդիպել են, երբ Մկրտիչը 9 տարեկան էր. հոր դեմքին հրաժեշտի թախիծ կար, իսկ որդու  հոգում՝ անբացատրելի և անվերադարձ հեռացման զգացում, մանկան հայրական կարոտ։ Եվ  մինչև կյանքի վերջ նա հորն էր փնտրում, իսկ Մկրտիչի որդիներին թվում էր, թե նա Դիվինի  լիարժեք շարունակությունն է։

Մկրտիչ Սարգսյանի երևանյան կյանքն սկսվեց այն պահից, երբ ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը։ 1947-48 թվականներն էին, Մկրտիչը վերադարձել էր հայրենական մեծ պատերազմից` թևից ծանր վիրավորված։ Մկրտիչը և Ելենան նույն կուրսում էին սովորում: Ելենան լոռեցի էր՝ զրնգուն  ծիծաղով ու «լոռվա արևն աչքերի մեջ» մի աղջնակ։ Այդ հրաշալի օրիորդին՝ Ելենա Դավթյանին, Մկրտիչն ամուսնության առաջարկ արեց, նրանք ամուսնացան։ Ընտանիքը սրբություն էր գրողի համար։ Երբ ծնվեց առաջնեկը, նա գրեց.

Չես  թափառի էլ մայթերին,

Սիրուններով էլ չէս տարվի

Էլ ոնց նայես, ասա, ասա,

Ուրիշների աչքի բոցին,

Երբ թեքվել ես այս սրբազան,

Այս սրբազան օրորոցին։

 

Ելենան դարձավ ոչ միայն նրա կյանքի ընկերուհին, այլև լավագույն խորհրդատուն։ Նա էր, որ 1980 թվականին ամուսնուն հուշեց «Քաջ Նազարը» վեպի համար առաջաբան գրել։ Եվ հենց այդ առաջաբանն օգնեց, որ այս գիրքը լույս տեսներ, քանի որ ԽՄԿԿ Կենտկոմը Մկրտիչ Սարգսյանին մեղադրում  էր, որ վեպում նա պատկերել է կուսակցական ղեկավարությանը։

Հենց «Քաջ Նազարի» գրական մշակումներն էլ դարձել են գրողի որդու` Վահագն Սարգսյանի գիտական թեզի թեման, իսկ մյուս որդին` Դավիթ Սարգսյանը վերջերս հրատարակեց «Առաջնորդը» վեպը, որը կարող է նաև համարվել հոր քաջնազարյան թեմայի շարունակությունը։

Վեպում Դավիթ Սարգսյանը առաջնորդի հավաքական կերպարի միջոցով վերհանում է մի շարք  երևույթներ, որոնք բնորոշ են ներկայիս կյանքին, միջազգային անցուդարձին, նաև քաղաքական որոշ գործիչների բառապաշարին։

Սարգսյանների տանը հաճախ էին հյուրընկալվում անվանի գրողներ, բանաստեղծներ, հայտնի դերասաններ, մշակութային գործիչներ։

«Գրողդառնալու համար պետք է շալվարդ մաշես այդ աթոռի վրա»՝  որդիներին անընդհատ  ասում էր հայրը, ծանոթացնում Երևանի մշակութային կյանքին, թանգարաններին, նոր հրատարակված գրքերին, երևանյան ժամանակակից ճարտարապետությանը։ Նա որդիներին չստիպեց գնալ իր ճանապարհով, միջավայրը նրանց տարավ այդ ուղիով։      

Մկրտիչի  գրիչը բեղուն էր, կյանքին նայում էր պոետի աչքերով, մինչև կյանքի վերջը նա գրիչը ցած չդրեց, պատերազմի ժամանակ աջը վնասվելուց հետո շարունակեց գրել ձախ մեռքով։

«Կյանքը կրակի տակ», «Սերժանտ Կարոն», «Խաղաղություն պատերազմից առաջ», «Գրիգոր Նարեկացի» բազմաթիվ վեպեր, պատմվածքներ, բանաստեղծություններ նրա գրական հարուստ ժառանգության վկաներն են։

Բայց Մկրտիչ Սարգսյանը միայն բանաստեղծ ու գրող չէր։ Նրա շնորհիվ նաև ծաղկում ապրեց հայ գրահրատարակչությունը, շատ երիտասարդների առաջ նա բացեց հրատարակչությունների դռները և հենց նրա շնորհիվ շատերը դարձան ճանաչված գրողներ։

Հետագայում  գրահրաատարակչական աշխատանքներով զբաղվեցին նաև Մկրտիչ Սարգսյանի որդիները։

Այսօր, երբ Մկրտիչ Սարգսյանի դիվանագետ թոռնիկները բացում են բարի և իմաստուն  պապիկի հարուստ գրադարանի դռները, ակամայից առաջինը իրենց ձեռքն են վերցնում «Քաջ Նազարը» և կարդում նրա կտակը։

«Քանի աշխարհքում կան սարսաղաշենցիներ և թալանստանցիներ, քանի դեռ կատարյալ չէ  մարդ  արարածը,  քանի իմ ամենազոր բախտն ինձ հետ է՝ ես անմահ եմ ու հավերժական, ես՝ Քաջ Նազար Հարյուրերորդս, Քաջս Քաջաց, Մեծս Մեծաց, Արքա Արքայից, որ հորջորջվում  եմ  Աշխարհակալ, նաև Գերագույն, նաև Վեհագույն, նաև Ժողովուրդը, որ իմաստուն է, ասում  է՝  Քաջ Նազարը նորից թագավոր է, մինչ օրս նստած է իր գահին ու ծիծաղում է աշխարհի վրա»:

Back to top button