ՀարցուԳԻՏԱփորձ

Երազս ջրին պատմեմ՝ կտանի՞․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

Ջուրը Երկիր մոլորակում տանտիրոջ դիրքերից է խոսում։ Մոլորակի և դրանում ապրող բոլոր կենդանի օրգանիզմների 2/3 մասը կազմելը կատակ բան չէ։

«Մենք տիեզերքում փնտրում ենք կյանք՝ առաջին հերթին փնտրելով ջուր»։

Բարև։ Սա «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է։ Այսօրվա հարցուփորձը մարդ-ջուր հարաբերությունների առեղծվածը պարզող գիտափորձերի մասին է։

***

Եթե ջուրը լսի, հասկանա, արձագանքի մեր խոսքերին, ապա հավանաբար քմծիծաղ կտա բոլոր այն դեպքերում, երբ ասենք «անփոխարինելի ոչինչ չկա»։ 2 ատոմ ջրածին, 1 ատոմ թթվածին․ տիեզերքում գոյություն ունեցող բացահայտված անթիվ նյութերից որևէ մեկը դեռևս չի հավակնում փոխարինել այս պարզ համադրությանը։ Ջուրն անփոխարինելի է։ Բայց արդյո՞ք նա լսում, հասկանում, արձագանքում է մեզ։

Գիտնականները վաղուց են խոսում ջրի քիմիական, կենսաբանական ու ֆիզիկական հատկանիշների մասին։ Սակայն որոշ գիտնականներ ժամանակի ընթացքում սկսեցին ջրին նաև «մարդկային» հատկանիշներ վերագրել։ Ջուրը հասկանո՞ւմ է մեր բառերը, ունի՞ արդյոք երաժշտական ճաշակ, կլանու՞մ է լավ ու վատ էներգետիկան։ Երազս ջրին պատմեմ՝ կտանի՞․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Հիմնականում բոլոր պինդ նյութերը իրենց հեղուկներում խորտակվում են, իսկ ջուրն այդպես չի։ Սառուցը միշտ լողում է ջրի մակերևույթին ի շնորհիվ ջրածնային կապերի, որոնք ընդարձակվում են ու դառնում են 6-անկյունների նման սիրուն համալիր կլաստերներ»,- ասում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանը։

Նա ջրի՝ գիտնականների ուշադրությունը գրաված բազմաթիվ հատկանիշներից մի քանիսի մասին է պատմում։ Ջրածնի ու թթվածնի բացառիկ համադրությունը տիեզերքում ամենահաճախադեպն է, մոլորակում՝ ամենահաճախն ուսումնասիրվածը, միաժամանակ ամենաշատ հարցեր առաջացնողը։

«Մոլեկուլյար մակարդակում ինքը միշտ նույնն է, բայց միշտ փոփոխական է։ Ինքն ունի շատ մեծ քանակությամբ ջրածնային կապեր առաջացնելու, քանդելու հնարավորություններ, որի արդյունքում առաջացնում է տարբեր ձևի մոլեկուլների համադրություներ, որոնք անընդհատ փոփոխվում են»։

Մեկ H2O-ն ջուր չի։ Ջուրը՝ իր պինդ, հեղուկ ու գազային վիճակներում, բազմաթիվ H2O-երի համադրություն են։ Դրանք կապվում են իրար՝ առաջացնելով կլաստերներ։ Այդ թույլ կապերը անընդհատ փոփոխվելու «բնավորություն» ունեն։ Հենց արտաքին ազդակներին հեշտորեն տրվելու այս հատկանիշն է ջրին այդքան առեղծվածային դարձնում։

«Ինքը շատ ունիվերսալ լուծիչ է, ինքը կարողանում է ամեն ինչ իր մեջ լուծել, ու իզուր չէ, որ մեր օրգանիզմում շատ կարևոր է ջրի փոխանակումը։ Ասում են՝ կարող ես 40 օր հաց չուտել, բայց ջուր չխմել չի կարելի»։

Արմեն Գալստյանը կարծում է, որ հենց լավ լուծիչ լինելու հանգամանքով է պայմանավորված ջրին վերագրվող «հիշողությունը»։ Մեր զրույցի ընթացքում սեղանին դրված ջուրը չի՞ հասկանում՝ ինչից ենք խոսում․ Գալստյանն այս հարցում խիստ թերահավատ է։ Բայց նշում է՝ մեր խոսքը՝ ձայնային ալիքները, օդի տատանումներ են առաջացնում, որոնք, բնականաբար, կարող է փոփոխել ջրածնային կապերի դասավորությունը․

«Ինչ–որ հետազոտություններ կան (որոնց հավաստիության կամ գիտականության մեջ վստահ չեմ), որ ջուրը հիշում է իր մեջ լուծած ինչ–որ նյութի պարունակությունը։ Այսինքն՝ իրեն լուծում ես, հետո հանում ես միջից, իսկ ինքը հիշում է, որ իր մեջ այդ իրը եղել է։ Իմ կարծիքով դա էլ այդպես չէ։ Կարող է ինչ–որ միկրոքանակությամբ այդ նյութից կամ իրից մնացած լինի մեջը, որը հետագայում կարելի է վերլուծել՝ որպես բաղադրություն, կամ արձագանք իր կառուցվածքային որոշակի ձևերին։

Ինչպե՞ս ենք մեր սովորական հետազոտություններն անում․ մենք ինչ–որ բանի վրա ազդում ենք ու իր արձագանքն ենք տեսնում։ Նույնն էլ ջրի մեջ կարող է լինել։ Օրինակ՝ մեխ գցենք մեջը, ջուրը՝ լինելով լավ լուծիչ, կարող է այդ մեխից որոշակի մոլեկուլներ լուծել, հետո արձագանք ունենանք, որ իր մեջ մեխ է եղել»։

Սակայն երբ մեխը ջրից հանենք, այդ ջուրը գոլորշիացնենք, ապա նորից կոնդենսացնենք՝ խտացնելով հեղուկ վիճակի վերադարձնենք, մեխի մասին բոլոր «հիշողությունները» ջրի միջից կվերանան։

Այս հարցի շուրջ աշխարհի և Հայաստանի գիտնականները լուրջ տարաձայնություններ ունեն։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Մարիետա Կարապետյանը մեր զրույցը սկսեց վստահ համոզմամբ՝ իհարկե ջուրը հիշում է։ Կարապետյանի պնդման հիմքում ճապոնացի գիտնական Էմոտո Մասառոյի գիտափորձն է․

«Հարավային Ասիայի երկրներից մեկում փակ գաղտնի ժողովում գիտնականները քննարկում են մահացու զենքի արտադրման ծրագրեր։ Բավականին երկար տևող հետազոտություն է լինում։ Վերջում պարզվում է, որ բոլորը հիվանդացել են, ցավեր ունեն։ Դա աղիքային հիվանդություն էր, բայց նրանք ոչինչ չէին կերել, միայն քննարկման ընթացքում սեղանին դրված ջուրն էին խմել։ Ենթադրել են, որ այն նեգատիվ ինֆորմացիան, որ նրանք անընդհատ քննարկել են, ջուրը կլանել է։ Էմմոտո Մասառոն որոշել է գիտականորեն ապացուցել, որ դա այդպես է»։

Կարապետյանը պատմում է, որ գիտափորձի «գործող անձիք» բրինձն ու ջուրն էին։ 3 փորձանոթ և 3 ամիս․

«Առաջին փորձանոթին նա ասել է միայն «սեր», «սիրում եմ քեզ», «երախտագիտություն»։ Երկրորդ փորձանոթին՝ «ատելություն», «ես քեզ ատում եմ»։ Երրորդ փորձանոթին ուշադրություն չեն դարձրել։ 3 ամիս հետո առաջին փորձանոթը, որտեղ միայն սեր ու երախտագիտություն են հայտնել, սկսել է հաճելի բուրմունք արձակել, երկրորդը սևացել է, իսկ երրորդը որտեղ ուշադրություն չեն դարձրել, նեխել է»։

Նույն գիտնականը մեկ այլ հետազոտության շրջանակում էլ ջրի մի տարային «առաջարկել է» դասական երաժշտություն լսել, երկրորդին՝ ռոք։ Ասում են՝ ջուրը ռոք չի սիրել․ բյուրեղացնելուց հետո դասական երաժշտություն լսած ջուրը համաչափ, կոկիկ ու գեղեցիկ փաթիլ է դարձել, ռոք լսածը՝ անկանոն ու կտրտված։

Արման Գալստյանը առարկում է․ վստա՞հ ենք արդյոք, որ գիտափորձին «մասնակից» բոլոր ջրերի համար միանման պայմաններ ենք ստեղծել։ Տարբեր արդյունք ստանալու հիմքը, ասում է, կարող է ոչ թե երաժշտության, այլ, օրինակ, տարաների մեջ եղած տարբերությունը լինել․

— Ինքն ամանի մեջ ջրի կաթիլը դնում էր, վրան գրում էր, օրինակ, «ես քեզ սիրում եմ» ճապոնական սիմվոլը, և դնում էր բյուրեղացման, հետո մանրադիտակով նայում էր, թե ինչ տեսակի փաթիլներ են առաջանում։ Չնայած փաթիլի կառուցվածքը կարող է ինչ–որ չափով կապված լինել արտաքին ֆիզիկական ազդակներից, բայց ջուրը կարդալ չգիտի։ Երաժշտությունը կարող է ինչ–որ ձև ազդել ջրածնային կապերի վերաձևավորմանը, որովհետև էներգիա է։
— Նկատի ունեք ալիքները փոփոխություն առաջացնե՞ն։
— Այո, ջրածնական կապերի՝ կլաստերների մեջ որոշակի փոփոխություն առաջացնեն։ Բայց, իմ կարծիքով, հարցն ավելի շուտ ամանն է, որտեղ բյուրեղ է աճեցնում։ Ամեն մի աման իր յուրահատկությունն ունի, և կապված մակերեսից․․․ Այս պահին ես չեմ կարծում, որ այդ միֆը իրականության մոտ է։

Ջուրը կրում է աշխարհի ազդեցությունը։ Ինչպես բոլոր նյութերը, ինչպես մենք։ Զրույցի ընթացքում սեղանին՝ ստվերում դրված ջրով լի բաժակը տեղափոխում եմ պատուհանագոգին՝ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Այն այլևս առաջվանը չի լինի։ Գուցե այժմ բյուրեղներն ավելի գեղեցիկ ստացվեն։ Սակայն չհիմնավորված հանդգնություն կլինի վերջնականորեն պնդել, որ ջուրը սիրում է արևայրուք ընդունել։

Մենք, խմելով ջուր, չենք խմում միայն H2O։ Ջուրն իր հետ բերում է տարբեր խառնուրդներ, որոնք ջրին համ տալու պատասխանատուն են։ Արդյունքում՝ ջուրը դառնում է նույն տարածքում ապրող մարդկանց տարբերակիչ հատկանիշը․

«Կան հետազոտություններ, որ մարդու բաղադրությունից կախված կարող ես գուշակել, թե ինքը որ տարածաշրջանից է, որովհետև քիմիական պարունակությունը հենց պայմանավորված է իր միջավայրում եղած քիմիական տարրերից։ Եվ կարող են ասել՝ դու Հայաստանի՞ց ես, Սև ծովի ափի՞ց, թե՞ Աֆրիկայից, ունենալով միայն քո մազի, մաշկի, եղունգի, արյան նմուշը»,- ասում է Գալստյանը։

Մեր կյանքի երաշխավորներից մեկին՝ ջրին, մենք բազմաթիվ այլ գործառույթներ էլ ենք վերագրում, օրինակ, վատ երազի չկատարվելը երաշխավորելու պատասխանատվությունը։ Այսօրվա վերջին պարզ հարցը․ երազս ջրին պատմեմ՝ կտանի՞․

«Ջուրը հոսող է, և հնուց գալիս է, որ գետերի մեջ ինչ–որ բան որ ընկնում էր, գնում, կորում էր։ Որ ջուրը կարող է ինչ–որ էներգետիկա տեղափոխել, էդ իր շարժունակության հետևանքն է, և մարդիկ վատ երազ են տեսնում, ասում են ծորակը բացիր, պատմիր, ինքը կտանի էդ վատ էմոցիաները, և ամեն ինչ լավ կլինի։ Բայց իրականում դա ավելի շատ ասոցատիվ ու հոգեբանական երևույթ է, քան իր մեջ գիտականություն է պարունակում։ Կարող է մի օր ինձ հերքեն և դա ինչ–որ կերպ գիտականորեն բացատրվի»,- կարծում է Գալստյանը։

Ջուրը երբեք նույնը չէ։ Միշտ հաստատուն բաղադրությամբ նյութը անվերջ փոփոխությունների մեջ է։ Նույնիսկ կանգնած ջուրը անընդհատ կրում է իր մեջ ընկնող քարի, քամու, աղմուկի, լույսի ազդեցությունը։ Միշտ փոփոխվող այս երևույթի մասին միշտ տարբեր հարցեր կան։ Գիտությունը փորձում է դրանց պատասխանները գտնել և գտնում լավագույնը, որ կարող է լինել իր համար՝ վեճ ու մտածելու առիթ։

Իսկ մենք շարունակելու ենք հետևել գիտափորձերին՝ հաջորդ շաբաթ հերթական պարզ հարցին գիտական պատասխան տալու համար։

Back to top button