ԿարևորՔաղաքական

Երևանի ու Բաքվի հայցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-ին քննարկվելու է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Երևանը խնդրել է միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ Լաչինի փակ միջանցքի և դրա հետևանքների  հարցով։  Հայաստանը նաև վերջնական տեսքի է բերել և Հաագայի դատարան ներկայացրել ամբողջական գանգատն ընդդեմ Ադրբեջանի։  Պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի դատարանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի խտրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատուցել պատճառած վնասը։ Իր հերթին գրեթե նույնաբովանդակ հայց Երևանի դեմ Բաքուն է ներկայացրել։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում:

«Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են «Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ ՄԱԿ-ի դատարանում հայկական կողմը պետք է կարողանա հիմնավորել, որ Ադրբեջանի բոլոր գործողությունները թե՛ նախկինում, թե՛  այսօր պայմանավորված են Ղարաբաղի բնակչության հայ լինելով, այսինքն՝ էթնիկ զտման նպատակադրմամբ։  

 «Այսինքն՝ էթնիկ զտում։ Հիշենք, որ Հաագայի դատարանում հենց միայն այս համատեքստով է գործը ընթանում։ Բոլոր դեպքերում պետք է այդ լույսի ներքո ցանկացած փաստարկ ներկայացվի»։

Ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար մինչև 2023 թվականի հունվարի 23-ը։

Հունվարի 30-ին դատարանը քննելու է  Հայաստանի մեկ այլ դիմում, որով Երևանը Դատարանից խնդրում է միջանկյալ միջոց կիրառել Լաչինի միջանցքի հարցով։  Ենթադրվում է, որ   այդ  լսումներին կհրապարակվեն նաև հիմնական գանգատի պահանջները։

Այս ընթացքում  նույնպիսի վարույթ է Հայաստանի դեմ հարուցել նաև Ադրբեջանը։ Այդ երկրի  արտգործնախարարությունն օրերս հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ Բաքուն Երևանի  դեմ հայցի վերաբերյալ հիմնական փաստաթուղթն ուղարկել է Միջազգային դատարան։

«Սա կարևոր քայլ է Հայաստանի դեմ մեր երկրի կողմից հարուցված միջազգային դատական հայցերի զարգացման գործում՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի»,-ասվում էր հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ դատարան ներկայացված փաստաթուղթը հիմնված է հազարավոր էջերի ապացույցների վրա, որոնք վկայում են «ադրբեջանական հողերի» 30-ամյա «օկուպացիայի» ընթացքում «Հայաստանի կատարած հանցագործությունների» մասին։  Բաքուն պահանջում է ներկայացված ապացույցների հիման վրա բավարարել Հայաստանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, մինչդեռ, կարծում է, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանից մենք կունենանք հերթական որոշումը, որը Ադրբեջանը պարտավոր է կատարել՝ անկախ Ադրբեջանի ներկայացրած գրեթե նույնօրինակ հայցից։ 

 «Այնպես չէ, որ հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, փորձում է ինչ-որ լեգենդ կամ, այսօրվա բառապաշարով ասած, ինչ-որ նարատիվ զարգացնել։ Ադրբեջանական կողմն է այդպես անում։ Մենք ուղղակի ասում ենք այն, ինչը ճշմարտությունն է»։ 

Միաժամանակ, միջազգային իրավունքի մասնագետը նկատում է, որ իրավական գործիքներ չկան, որոնք Ադրբեջանին կստիպեն կատարել ընդունվելիք որոշումները։ Դրա համար պետք են քաղաքական քայլեր։ Այսինքն՝ հարկավոր են լինելու քաղաքական սանկցիաներ և վերջին խոսքն էլ քաղաքական մարմիններինն է լինելու։ Կարծում է, որ իրավական որոշումը տրամաբանորեն տանելու է քաղաքական սանկցիաների, իսկ դրանց հասնելու համար էլ այլ քաղաքական գործընթացներ են հարկավոր։

 «Այսինքն, պետք է հաջողության հասնել ոչ միայն իրավական դաշտում, որը գործի կեսն է, այլ նաև քաղաքական դաշտում»։

Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է, որ ընդհանուր կարծիք արդեն ձևավորվել է, որ Ադրբեջանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները, հետևաբար՝ լավատես է, որ հնարավոր է նաև գա այն պահը, որ Ադրբեջանի նկատմամբ քաղաքական որոշմամբ սանկցիաներ կիրառվի։

Ադրբեջանն իր հայցում անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը կատարի երկրի անհետ կորած քաղաքացիների մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, «ապօրինի զավթված» գույքը վերադարձնելու, «ատելության քարոզչությունը» դադարեցնելու իր պարտավորությունները։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է․ «Ադրբեջանական կողմը կգործադրի բոլոր ջանքերը՝ վերոնշյալ հանցագործությունների կատարման համար մեղավորներին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար»։  

Արա Ղազարյանը նաև նկատում է, որ թեպետ Ադրբեջանի  և  Հայաստանի հայցերի համատեքստը նույնն է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, բայց բոլորովին տարբեր են փաստական հիմքերը։ Բաքուն միշտ էլ փորձում է նմանեցնել, սակայն զրոյից ինչ-որ բան հորինել չի կարող։ Նման հարցեր Ադրբեջանը բարձրացնում է զուտ բարձրացնելու համար՝ համոզմունք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետը։

 «Հիմա ամբողջ աշխարհը տեսնում է դա։ Ուղղակի Ադրբեջանը դեռ կարողանում է քաղաքական ռեսուրսներով հաջողության հասնել, բայց այդ ռեսուրսները մի օր սպառվելու են։ Չի կարելի ամբողջ աշխարհին անընդհատ համոզել»։  

Միջազգային իրավունքի մասնագետը համոզված է, որ Հայաստանը իրավական այս գործընթացում միանշանակ շահելու է, բայց հիշեցնում է, որ իրավական գործընթացները բացասական կողմ ունեն՝ դանդաղ են ընթանում։ Ղազարյանը նաև կարևորում է, որ Հայաստանը կարողանա քաղաքական գործընթացներում առավելության հասնել, այն է՝ հիմնավորել, որ Ադրբեջան պետության վարքագիծը սպառնալիք է ու վտանգ խաղաղությանը։ Սա արդեն հիմք է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն որևէ որոշում կայացնի  կամ, գոնե, փաստահավաք առաքելություն ուղարկի տարածաշրջան՝ կանխարգելիչ նպատակներով։

Back to top button