ԿարևորՔաղաքական

ԵՄ առաքելության տեղակայումը ոտքի կանգնելու հնարավորություն է Հայաստանի համար․ քաղաքագետ

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության երկարաժամկետ տեղակայման մասին որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում, ինչպես նաև Բաքվում։ Նախօրեին հարևան երկրից շտապեցին այս քայլը ներկայացնել որպես Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից խուսափելու պատրվակ։ Մոսկվայից էլ զգուշացնում են, որ եթե ԵՄ դիտորդները ցանկանան փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, Ռուսաստանը կընդիմանա։

Հայ քաղաքագետներից ոմանք  ռուսական արձագանքը խանդի դրսևորում են համարում, իսկ ԵՄ դիտորդների տեղակայումը համարում են Հայասատանին տրված ժամանակ, որի ընթացքում երկիրը պետք է կարողանա ոտքի կանգնել ու պատրաստվել։

ԵՄ քաղաքացիական նոր առաքելությունը Հայաստանում կսկսի գործել առաջիկա շաբաթների ընթացքում։ Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովմանը։ Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարվա համար։ Դրանում ներգրավված է ԵՄ 100 աշխատակից, այդ թվում՝ փորձագետներ և դիտորդներ: Առաքելության գործունեության առաջին չորս ամսվա համար հատկացվել է ավելի քան 8 միլիոն եվրո։

Ըստ որոշ տեղեկությունների՝ առաքելության գործունեության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքը, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեում հայտարարել է, որ Եվրամիության երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն ապահովելն է:

«Սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքները կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց»,-պարզաբանել է արտգործնախարարը։

Չնայած բոլոր մարտահրավերներին, հայկական կողմը շարունակում է ընդլայնել գործընկերության շրջանակը, հիմնվելով Եվրոպական Միության՝  տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա, հստակեցրել է Միրզոյանը:

ԵՄ դիտորդների տեղակայումն, ըստ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի, նշանակում է, որ Հայաստանը երկու տարի ունի ոտքի կանգնելու և անվտանգային համակարգը ամրապնդելու համար։ Բայց նա նաև չի բացառվում, որ այդ ընթացքում Թուրքիան կարող է իր ինքնուրույն խաղը առաջ տանել ու լարվածություն առաջացնել, ուստի պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի։

«Ի՞նչը կարող է էքսցես լինել։ Կարծում եմ՝ եթե Թուրքիան որոշի գնալ վա բանկ և Արևմտյան աշխարհին հակառակ խաղ տանել․․․ այդ դեպքում ԵՄ դիտորդներ, կոչեր, հայտարարություններ՝ որևէ նշանակություն չեն ունենա։ Դրա առաջին ծիծեռնակները մենք տեսնում ենք․ Էրդողանը երկու օր առաջ հայտարարեց, որ վետոյի իր իրավունքը կօգտագործի ու կկասեցնի ՆԱՏՕ-ում Շվեդիայի անդամակցությունը։ Այսպիսով՝ ցույց են տալիս, որ իրենց սեփական խաղն են խաղում։ Եթե այդպես լինի, նրանք պատժամիջոցներից էլ չեն խորշի։ Այդ դեպքում իրավիճակը կփոխվի։ Դրա համար եմ ասում, որ ՀՀ ունի մեկ խնդիր։  Թիվ մեկ խնդիրը մեր պաշտպանունակության բարձրացումն է»,-ասում է քաղաքագետը։

ԵՄ դիտորդների տեղակայման համաձայնությունը դժգոհություն է առաջացրել Հայաստանի դաշնակից Ռուսաստանում և ՀԱՊԿ-ում։ Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը շտապել է պարզաբանել, որ ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ:

Նա ասել է, որ երբ ՀՀ վարչապետը նման հարցումով դիմել է կազմակերպությանը, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ, որի շուրջ աշխատանքը շարունակվում է։

«Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- ասել է Զայնետդինովը, զերծ մնալով ժամկետներ նշելուց։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ ասել է, որ եթե ԵՄ դիտորդները մտադիր են օբյեկտիվորեն գնահատել Ադրբեջանի պահվածքն այս տարածաշրջանում և այս հիմքով ինչ-որ բան պահանջել, թող պահանջեն։ Սակայն, ըստ Զատուլինի, եթե ԵՄ դիտորդները ցանկանան փոխել Հայաստանի ներքին ու արտաքին կողմնորոշման վեկտորը, ՀԱՊԿ-ը կընդդիմանա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ռուսական անհանգստությունը բնական է համարում․ «Ցանկացած պետություն և ուժ, որը կորցնում է իր ազդեցության գոտին, ընդդիմանում է և փորձում է թույլ չտալ նման զարգացումներ, և Ռուսաստանն էլ բացառություն չէ»։

Գուրգեն Սիմոնյանն այս առումով նկատում է, որ Հայաստանը վեկտորամետ չէ, այլ հայաստանամետ և ի շահ Հայաստանի Հանրապետության պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ։

Դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրոպական խորհրդի որոշման մեջ ասվում է, որ առաքելության կազմում կարող են ընդգրկվել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երրորդ պետությունների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ նրանք կարող են հրավիրվել՝ իրենց ներդրումն ունենալու, բայց պայմանով, որ նրանց ծախսերը կհոգան իրենց երկրները։

Հաղորդվում է նաև, որ առաքելությունը կազմված է հիմնականում անդամ պետությունների, ԵՄ հաստատությունների կամ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աշխատակիցներից:

Իսկ հնարավո՞ր է, որ առաքելության կազմում ներգրավված լինեն դիտորդներ ոչ ցանկալի երկրներից, օրինակ՝ Թուրքիայից։ Այս առումով քաղաքագետները կարծում են, որ դժվար թե նման բան տեղի ունենա, հաշվի առնելով հայ-թուրքական հարբերությունների բնույթը։ Դրան չի համաձայնի ոչ ԵՄ ոչ էլ ՀՀ-ը։

«Ինչ վերաբերում է երրրորդ երկրներին, կարծում եմ՝ դրանք կլինեն երկրներ, որոնք սերտորեն համագործակցում են ԵՄ հետ, օրինակ՝ Արևելյան գործընկերության երկրները՝ Վրաստանը, Մոլդովան»,-կարծում է Ռոբերտ Ղևոնդյանը։

Նման տեսակետ ունի նաև քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը․

«Չեմ կարծում, որ Թուրքիայից դիտորդներ կհայտնվեն, քանի որ Արևմուտքը խելամիտ քաղաքականություն է իրականացնում։ Իսկ երրորդ երկրները կարող են Կանադայից լինել կամ ԱՄՆ-ից, որ ԵՄ մեջ չեն մտնում, անգամ կարող են Հնդկաստանից լինել։ Կարծում եմ՝ ցանկությամբ է լինում։ Կարծեմ Ֆրանսիան էր ցանկություն հայտնել, որ լինի։ Հարցը բարձրացնելու են և որ երկրները արձագանքեն, կարծում եմ՝ կընդգրկվեն»։

Արձագանքնելով դիտորդներ տեղակայելու ՀԱՊԿ-ի պատրաստակամությանը, քաղաքագետները հստակեցնում են, որ չպետք է ՀԱՊԿ-ի ու ԵՄ միջև հավասարության նշան դնել։ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, կառույցից ստանձնած պարտավորությունների կատարում էր ակնկալում, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Back to top button