ԿարևորՔաղաքական

Փակ հանդիպում խորհրդարանում՝ պաշտպանության նախարարի հետ․ փակագծերը մասամբ են բացվում

Պաշտպանության նախարարն այսօր փակ հանդիպում է ունեցել խորհրդարանական մեծամասնության պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո լրագրողներին չի հաջողվել զրուցել նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Փակագծերը շատ չեն բացել նաև իշխող ուժի պատգամավորները։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը»։

Խորհրդարանում լրագրողներին չի հաջողվել  հարցեր ուղղել պաշտպանության նախարարին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ  հիմնականում քննարկել են վերջին դեպքերը։ Պաշտպանության նախարարը պատգամավորներին ասել է, որ ամեն ինչ կպարզի քննությունը։ 

«Ինչ-որ գիտենք, արդեն գիտենք։ Քննությունը կվերջանա, և ամեն ինչ արդեն կպարզվի քննության ավարտից հետո»։  

Գագիկ Մելքոնյանը չի կիսում ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքները, ըստ որոնց՝ վարչապետը, կառավարության նիստում ներկայացնելով տեղի ունեցած ողբերգության հիմնական վարկածը, ուղղորդել է քննությունը։ Պատգամավորն ասում է, որ երկու օր առաջ եղել է դեպքի վայրում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ։ Նշում է, որ այն, ինչ կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է վարչապետը, տեղում  իրենց պատմել են նաև ականատեսները։

«Ականատեսները դեպքը պատմում են այնպես, ինչպես  ներկայացրել է վարչապետը։ Բայց նաև այնտեղ մութ բաներ կան, որ քննությունը պետք է պարզի։ Օրինակ՝ այդ գիշերով բենզինը ինչ գործ ուներ կացարանում, կամ այդ կապիտանը ինչո՞ւ գնաց բենզինը բերեց։ Նմանատիպ հարցեր կան, որոնց մենք չենք կարող պատասխանել, մինչև քննությունը չավարտվի։ Տվյալ սպան գտնվում է հիվանդանոցում։ Իմացա, որ նրա վիճակն արդեն լավ է։ Հիվանդանոցից դուրս կգա, և արդեն ինքը կպատասխանի այդ հարցերին»։    

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ տեղի ունեցածը հասկանալու համար պատկան մարմինները պետք է վերականգնեն առնվազն մեկ օրվա ամբողջական պատկերը։

«Գոնե մեկ օրվա կտրվածքով վերականգնեն ամբողջ պատկերը՝ առավոտվանից մինչև հրդեհի պահը, և դրանից հետո մենք հասկանանք, որտեղ ինչ թերացում է եղել, իսկ թերացումները ակնհայտ է հենց առաջին հայացքից։ Որովհետև այնտեղ պահպանված չեն եղել ոչ միայն հրդեհային անվտանգության կանոնները, այլև ընդհանրապես անվտանգությանն առնչվող շատ-շատ կանոններ ևս»։ 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ կան հարաբերությունների՝ միջանձնային հարաբերությունների բազմաթիվ խնդիրներ, որոնք նաև քննության արդյունքում պետք է պարզվեն։

«Քննության արդյունքում մենք կկարողանանք հասկանալ բացթողումների պատճառները որտեղ են և այն, թե նման դեպք ինչ պայմաններում կարող է լինել»։  

Ողբերգական հրդեհից օրեր անց էլ որևէ մեղադրյալ կամ ձերբակալված չկա։ Դեպքից հետո կան պաշտոնանկություններ։ Իրավապաշտպանները, սակայն, հենց նախարարին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են համարում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն և ընգծում քաղաքական պատասխանատվության ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը։

Back to top button