Երաժշտական եռանկյունի

Մարինե Ալավերդյան. խմբավարի մասնագիտությունից` կոմպոզիտորական մրցույթի կազմակերպում․ «Երաժշտական եռանկյունի»

Խմբերգային արվեստը Հայաստանում մեծ ավանդույթենր ունի: Տասնամյակների ընթացքում ձևավորվել է երգչախմբային ավանդույթ՝ Խորհրդային շրջանում ստեղծվել են բազմաթիվ կոլեկտիվներ՝ պետական և ինքնուս, դպրոցական և ուսանողական:

Հայաստանում մինչ օրս գործում է երգչախմբային ընկերություն, և բնական է, որ տեղի է ունենում սերնդափոխություն, գոյանում են նոր խմբեր, որոնք համախմբվում են որոշակի հայեցակարգերի շուրջ:

Իմ զրուցակիցը՝ Մարինե Ալավերդյանն այն նվիրյալներից է, որոնց աշխատանքի և հետևողականության շնորհիվ տեղի է ունենում այդ սերնդափոխությունը՝ մանկուց երգելով երգչախմբում, նա բացահայտել է իր մեջ սերը դեպի այդ արվեստը և ներսից է ճանաչում երգչախմբում երգելու և հետագայում խմբավարության բոլոր նրբությունները:

Դեռևս ուսանելով Կոնսերվատորիայում՝ նա նախաձեռնում է ուսանողական երգչախումբ և անցնելով բոլոր մասնագիտական աստիճաններով՝ 2014թ.-ին ստեղծում է սեփական «Դիվիզի» երգչախումբը:

«Դիվիզի» նշանակում է մեկ պարտիայի բաժանում բարձր և ցածր տոնի: Այն կիրառվում է ինչպես գործիքային, այնպես էլ երգչախմբային պարտիտուրաներում, և մենք ընտրեցինք հենց այդ տերմինը որպես երգչախմբի անվանում:

«Այն միջազգային է և հասկանալի բոլոր երաժիշտների համար»,- ասում է խմբավարը: Այսօր երգչախումբը անցնելով լուրջ ստեղծագործական ճանապարհ, ունենալով բազմաթիվ ելույթներ և համերգներ՝ հղկել է սեփական երգացանկը և գործում է ազատ արվեստի դաշտում, ինչը բնականաբար ստիպում է երաժիշտներին հաղթահարել բազմաթիվ կազմակերպչական և նյութական խնդիրներ՝ փորձատեղ, ձայնագրություններ, համերգային հանդերձանք և դահլիճների վարձաալության հոգսերը:

Այդ ամենը հաղթահարելու համար Մարինեն 2018թ.-ին ստեղծում է «Դիվիզի արտս սինթեզիս» մշակութային հասարական կազմակերպությունը, որի միջոցով փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները՝ ապահովելով երգչախմբի բնականոն աշխատանքը:

Սրա հետ զուգահեռ Մարինեն դասավանդում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ աշխատելով որպես երաժշտական գրականության ուսուցիչ և դպրոցի երգչախմբի խմբավար: Մեր հանդիպման բուն առիթը հանդիսացավ իր հասարակական կազմակերպության նախաձեռնած «Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնը»՝ եզրափակվելով 2022-ի նոյեմբերի 28-ին:

Այդ օրը տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը և գալա համերգը: Մրցույթը երիտասարդ կոմպոզիտորներին հնարավորություն է տալիս ներկայացնել սեփական երգչախմբային ստեղծագործությունները և ստեղծում է որոշակի մթնոլորտ, որը աներկբա նպաստում է երգչախմբային արվեստի զարգացմանը:

Մրցույթի ժյուրիի անդամներն էին անվանի կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր և ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանը և ինքը՝ Մարինե Ալավերդյանը:

Հաղորդման ընթացքում հնչում են «Դիվիզի» երգչախմբի համերգային կատարումները, ինչպես նաև մրցանակաբաշխության ձայնագրությունները:

Back to top button