ԿարևորՔաղաքական

Կոշտ «մեսիջներ»՝ առանց հետևանքների․ ինչո՞ւ աշխարհը չի փորձում պատժել Ադրբեջանին

Արդյոք Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցում կոշտ ուղերձներ փոխանցե՞լ է Ադրբեջանի նախագահին։ Պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ նա հորդորել է Ալիևին «անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի կոմերիցիոն երթևեկությունը», նաև «բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները»։

Հայ վերլուծաբաններից ոմանք շտապեցին դա գնահատել որպես զգուշացում Ադրբեջանին։ Բայց այդ «զգուշացումից» Ալիևը ոչ միայն չզգաստացավ, այլև հեռախոսազրույցից ժամեր անց հայտարարեց, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի գազամատակարարման շուրջ բանակցելուց։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում առանձնացնում է Բլինքեն–Ալիև հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից մեկ այլ հատված, որտեղ ասվում է, որ «պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին՝ կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»։

Ըստ վերլուծաբանի՝ հեռախոսազրույցի այդ հատվածն այլ ենթատեքստ ունի․

«Քանի դեռ կոչերը չեն ուղեկցվում շարունակությամբ, որ եթե դրանք մնան անպատասխան, ապա Ադրբեջանը կարող է պատասխան տալ կամ պատասխանատվության ենթարկվել մարդասիրական աղետի համար, Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը։ Իսկ մենք տեսնում ենք, որ կոչերն առայժմ չեն ուղեկցվում նման շարունակություններով։ Բացի դրանից, կոչ է արվում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ բանակցությամբ լուծել խնդիրը։ Այսինքն, եթե Հայաստանին ասվում է, որ պետք է բանակցել և լուծել խնդիրը, դա նշանակում է, որ պետք է ինչ–որ ձևով նաև ընդունել կամ ընկալել Ադրբեջանի որոշ պայմաններ։ Թե հատկապես ինչի մասին է խոսքը, ինչ  դետալների մասին, սա կիմանան թերևս Հայաստանը, Ադրբեջանը և Բլիքենը տվյալ դեպքում»,–ասում է վերլուծաբանը։

Ամեն դեպքում, որոշ դետալներ հայտնի դարձան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների՝ օրերս կայացած հանդիպումից։ Բաքվից հաստատել են, որ Ադրբեջանն անցած շաբաթ Արցախի իշխանություններին առաջարկների փաթեթ է ներկայացրել, որը, սակայն, ընդունելի չի եղել Ստեփանակերտի համար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ առաջարկների մասին լուրը հաստատել է Բաքվի Միջազգային հարաբերությունների վելուծության կենտրոնի փորձագետ Ֆարիդ Շաֆիևը։

Նա ասել է՝ Բաքուն պահանջել է, որ Արցախում հանքերի շահագործումը դադարեցվի և վերահսկողության մեխանիզմ ստեղծվի Լաչինի միջանցքով բեռների փոխադրման համար:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի ընկալմամբ՝ կարծիքների այս փոխանակումը դեռ չի նշանակում, որ առաջին քայլն է արվել Ստեփանակերտ–Բաքու երկխոսության կամ շփումների համար,– «Չեմ կարծում, որ շփումները տարբեր ներկայացուցիչների միջև աննախադեպ են։ Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, նույնիսկ կարելի է պարզապես համարել խոսակցություններ, որևէ ֆորմալություն դրանք չեն պարունակում»։

Բադալյանի կարծիքով՝ ոչ մի հիմք չկա ասելու, որ ներկայացվածը աջարկներ են և ոչ թե պայման։

«Այստեղ, ես կարծում եմ՝ կա որոշակի տարբերություն։ Առաջարկը ինչ–որ իմաստով հաշվի է առնում նաև դիմացինի հետաքրքրությունը և շահերը։ Բայց պայմանը այն է, երբ դու ասում ես՝ ես կբացեմ ճանապարհը, եթե դուք կատարեք ահա այս, այս պայմանները։ Ըստ այդմ ՝ պետք է հստակեցնել՝ պայմանի՞ մասին է խոսքը, թե՞ իսկապես առաջարկի։ Իսկ դա անելու համար մենք պետք է ունենանք դետալները, թե ինչ խոսակցություն է ծավալվում և ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ բացել ճանապարհը, որ գնահատենք նաև, թե այստեղ ի՞նչ խաղի հետ գործ ունենք։ Ես խորապես համոզված եմ, որ ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, որ ձևավորվել է Ադրբեջանի քայլով, այսօր արդեն պարունակում է մի շարք խաղացողների շահեր»,– ընդգծում է վերլուծաբանը։

«Խաղացողներից» առաջինը և միակը, որն առայժմ ֆիզիկապես ներկա է տարածաշրջանում, Մոսկվան է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար Ռուսաստանը շարունակում է տքնաջան, բարդ աշխատանքը Երևանի և Բաքվի հետ։

Մյուս «խաղացողը»՝ պայմանական Արևմուտքը, իր հերթին ունի ճյուղեր՝ ամերիկյան ու եվրոպական։ Ի՞նչ շահագրգռվածություն ունեն այս բոլոր կողմերը, եթե կոչերից բացի նաև պատժամիջոցների մասին չեն խոսում։ Ռուսական ու եվրոպական ուղղությունները թերևս փոխկապակցված են «գազային» թեմաներով, քանի որ նորություն չէ, որ Բաքուն «լվանում» է ռուսական գազը և իր տարածքով մատակարարում Եվրոպային։ Այս դեպքում հարցական է մնում ամերիկյան շահագրգռվածությունը, որը, ըստ Բադալյանի՝ ավելի շատ բաղադրիչներ ունի․

 «ԱՄՆ–ը Կովկսում ունի երկու գլխավոր խնդիր՝ Ռուսաստան և Իրան։ Հիմա արդեն շատ բաց տեքստով հայտարարում են, որ լուրջ խնդիր են դիտարկում ռուս–իրանական մերձեցումը և անելու են հնարավորը՝ այդ մերձեցումը թույլ չտալու համար։ Ադրբեջանը դիտարկվում է այդ մերձեցման մեջ խրվող կամ խրվելիք սեպ, որը պետք է խանգարի կամ խոչընդոտի, կամ արգելակի ռուս–իրանական մերձեցումը։ Սա մի հանգամանք է, որը Ադրբեջանի ուղղությամբ աշխատանքը Միացյալ Նահանգների համար դարձնում է կարևոր։ Լաչինի միջանցքի ճգնաժամը շարունակում է հարվածել Ռուսաստանի խաղաղապահ մանդատի հեղինակությանը։ Ես որևէ շարժառիթ չեմ տեսնում, թե ինչու պետք է ԱՄՆ–ը լուծի մի խնդիր, որի մեջ «թաղված» է Ռուսաստանը»։

Այս ամենը վերլուծաբանին հիմք է տալիս պնդելու, որ արտաքին քաղաքականության մեջ հայկական պաշտոնական դիվանագիտությունը այս փուլում պետք է զգուշավոր լինի։ Ասել է, թե պետք չէ ոգևորվել տարբեր պաշտոնյաների այս կամ այն խոսքից կամ ձևակերպումներից և չպետք է դրանք դիտարկել որպես կոշտ ուղերձներ կամ զգուշացումներ Ադրբեջանին ։

 «Այս տեսանկյունից, ընկնելով այդպիսի չափազանց գնահատականների մեջ, մենք կարող ենք պարզապես կտրվել իրականությունից, իսկ իրականությունից կտրվելը որևէ լավ արդյունքի բերել չի կարող։ Վստահ եմ, իհարկե, որ պաշտոնական Երևանը իրականությունից կտրված չէ։ Հայտարարությունները չպետք է լինեն կողմնորոշիչ կամ ուղենիշ։ Մենք դրանց ուշադիր պետք է հետևենք, բայց չընդունենք որպես իրականությունը գնահատելու ելակետ։ Ինչպես որ Հայաստանը չպետք է դիրքավորվի ընդդեմ ՆԱՏՕ–ի, այնպես էլ ՆԱՏՕ–ի քաղաքական ենթատեքստում Հայաստանը չպետք է դիրքավորվի ընդդեմ Ռուսաստանի։ Սրանք երկուսն էլ մեզ համար շատ վտանգավոր պահեր են»,– ասում է Հակոբ Բադալյանը։  

Նույն տրամաբանության մեջ, ըստ նրա, պետք է դիտարկել նաև Հայաստանի արտգործնախարարի հրավերը Բրյուսել, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում նրա ելույթը և հանդիպումը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ։ Այս դեպքում Բրյուսելում քննարկվել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն  Հայաստան ուղարկելու հարցը։ Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ դա է պատճառը, որ Հայաստանը հրավիրվել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և այլ ենթատեքստեր այստեղ փնտրելը անիմաստ է։

Back to top button