Սփյուռքի ձայնը

Պոլսի հայոց պատրիարքությունը, պոլսհայությունն ու Թուրքիայի ներքին խնդիրները․ «Սփյուռքի ձայնը»

Հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել։ «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում երկու մարդու դի է հայտնաբերվել։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 4 մարդ, որոնցից ծխից տուժած 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։ Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։

«Ակօսի» խմբագիր Բագրատ էստուկյանի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մինչև այս հրդեհը, զրույցի առիթը նաև Հայ առաքելական եկեղեցու Պոլսի Հայոց պատրիարքի՝ թուրքահայերից մեկին բանադրելու` նզովյալ հայտարարելու, թվում է 21-րդ դարի համար ժամանակավրեպ լուրն էր նաև։

Անդրադառնալով Թուրքիայում հայկական համայնքի կյանքին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` Բագրատ Էստուկյանը նշում է որ Թուրքիայում տնտեսական լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ տիրող իրավիճակում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Թուրքիայի թե մամուլի, թե քաղաքական օրակարգում գրեթե չեն նշմարվում:

Հունվարի 19-ին լրացավ Հրանտ Դինքի սպանության 16 տարին։ Բագրատ Էստուկյանը նշում է, որ «Ակօսի» խմբագրակազմին այս օրերին հատկապես հաճախ են դիմում գործընկերոջ և ընկերոջ մասին խոսելու, նրա գործը պոլսահայ մամուլում ներկայացնելու համար։

«Հրանտ Դինքին կյանքից զրկող երիտասարդը թեև սպանության համար դատապարտվել էր և երևի թե արդեն պետք է ազատության մեջ լիներ, սակայն, ըստ որոշ աղբյուրների, մեղադրվել է նաև այլ հանցանքների մեջ և դեռևս անազատության մեջ է: Նա սպանությունը կատարելու ժամանակ անչափահաս էր: Թե որքանով է նրա գործողությունը միանձնյա, հետաքննությունը որևէ բան չպարզեց», — ասում է Էստուկյանը։

Այս օրերին պոլսահայ կյանքում տեղի ունեցավ իրադարձություն, որը մեզ տանում է մեկ դար հետ։ Հայոց պատրիարքարանը բանադրել է հավատացյալներից մեկին։ Ի՞նչ է իրականում կատարվել, հարցնում եմ «Ակօսի» խմբագրին։

«Անձը, ում դեմ նման որոշում է կայացվել, հայոց եկեղեցուն մեղադրել է բողոքականություն քարոզելու մեջ»,- ասում է նա։ Ինչ վերաբերում է հայ համայնքի արձագանքին, Բագրատ Էստուկյանը նկատում է, որ համայնքը դեպքին «դրսի աչքով է նայում»։ Խմբագրապետը համոզված է, որ պատրիարքությունը կարող էր ավելի մեղմ դատավճիռ կայացնել։

Back to top button