ԿարևորՔաղաքական

Արցախցիներն ունեն ազատ և անկախ ապրելու իրավունք. բրիտանացի պատգամավոր Ջեսիկա Մորդեն

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ և անկախ ապրելու իրավունք, հայտարարել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Ջեսիկա Մորդենը «Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը» թեմայով քննարկմանը։

Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը և դիմել է Միացյալ Թագավորության կառավարությանը՝ հորդորելով դիվանագիտական լծակներով օգնելու համար անել հնարավորը ։

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև միակ միջանցքի շրջափակումը արցախահայությանը զրկել է արտաքին աշխարհի հետ կապից։ Այսինքն՝ 120,000 հայեր այժմ շրջապատված և մեկուսացված են: Ասվում է, որ ճանապարհի շրջափակումը նախաձեռնել են բնապահպան ակտիվիստները, սակայն մեծամասնությունը կարծում է, որ դրա նպատակը բնակչությանը Հայաստանից մեկուսացնելն է»,- ասել է պատգամավորը։

«Շրջափակման հետևանքով ընտանիքները բաժանվել են, և հիվանդների մեծ մասը չի կարողացել բուժման նպատակով մեկնել Երևան: Բժշկական պարագաների պակաս կա, տաք ջուր չկա։ Ինչպես ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, տարածաշրջանի երեխաները տուժում են ծնողների հետ բաժանումից և կենսական ծառայությունների հասանելիության բացակայությունից: Էլեկտրաէներգիայի անջատումները՝ զուգորդված շրջափակման հետ, թվում է, որ նախատեսված են ձմռան ամիսներին մարդկանց մեծագույն տառապանք պատճառելով, ցանկալի քաղաքական արդյունքին հասնելու համար», — ասել է Ջեսիկա Մորդենը:

«Ես ցանկանում եմ նախարարից լսել, թե ինչ դեր է խաղալու կառավարությունը՝ միանալով այլ երկրներին դատապարտման հարցում: Իհարկե, կարևոր է, որ հայ քրիստոնյա բնակչության հալածանքն ու ահաբեկչությունը արժանանա միջազգային միասնական դատապարտմանը, բայց կարևոր է նաև, որ Միացյալ Թագավորության կառավարությունն օգտագործի իր լծակները՝ որպես Ադրբեջանի մերձավոր առևտրային գործընկեր»,- ընդգծել է նա։

«Ես շահագրգռված եմ լսել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ազատ արձակման և դրա վերաբերյալ կառավարության տեսակետի մասին։ Նաև լավ կլիներ իմանալ, թե կառավարությունն ինչ քննարկումներ է ունեցել այլ երկրների հետ օդային փոխադրումների ապահովման վերաբերյալ, և արդյո՞ք կառավարությունը սատարում է շրջափակման վերաբերյալ ԵՄ համատեղ միջնորդությանը, որը արվել է անցյալ չորեքշաբթի, և նաև հասկանալ Կառավարության դիրքորոշումը Կովկասում»,- հավելել է նա:

Back to top button