ԿարևորՀասարակություն

25 մլն դրամ՝ Ներքին Հանդում գյուղատնտեսական ծրագրերի համար  

Կապանի համայնքապետարանի տվյալներով` 2700 հա հողատարածք Ներքին Հանդի վարչական տարածքում օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ներքին Հանդ-Շիկահող-Սրաշեն-Ճակատեն հատվածում բնակիչները չեն կարողանում զբաղվել դաշտավարությամբ ու անասնապահությամբ, քանի որ արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը թշնամու ուղիղ նշանառության տակ են։ Չնայած սրան՝ գյուղում շարունակում են ապրել։ Տնտեսությունները զարգացնելու համար պետությունը 25 մլն դրամ է հատկացրել գյուղի բնակիչներին։

Սյունիքի մարզի Ներքին Հանդի բնակչուհի Հասմիկ Ղազարյանն այսուհետ ճագարաբուծությամբ է զբաղվելու։ Չի նշում, թե քանի ճագար է բուծելու․ կատակում է՝ «աչքով կտան»։ Ամուսնու, տղայի ու հարսի, երկու թոռների հետ է ապրում Ներքին Հանդում։

«Ճիշտ ա, կովեր շատ ունեինք, 13 հատ էի հասցրել, գյուղատնտեսական վարկ վերցրի, բայց պատերազմը խանգարեց։ Հիմա ունենք, պահում ենք, բայց ոչ բիզնեսի համար, այլ որ Հանդի անունն էլ դուրս գա։ Բայց հիմա ճագարների ու թռչունների պահով կարող եմ ասել, որ եթե խաղաղություն լինի, նորմալ ա լինելու»

Կառավարության մարզային  ծրագրից մեկի շրջանակում Սյունիքի մարզպետարանին հատկացված գումարով Ներքին Հանդի բնակիչները հնարավորություն են ստացել ընդլայնելու իրենց տնտեսությունները։ Ծրագրի համար հատկացվել է մոտ 25 մլն դրամ։ Ներքին Հանդում այսօր ապրում է 28 ընտանիք։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասում է՝ Ներքին Հանդում կյանքը չի կարող բնականոն լինել։

«Ներքին Հանդում կյանքը չի կարող լինել բնականոն, քանի դեռ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք  և շատ մոտ է բնակավայրին։ Ներքին Հանդի բնակիչները շատ խիզախ են, որ մնում են այնտեղ, նրանք ունեն բոլորիս աջակցությունը։ Ես հաճախ եմ այցելում նրանց, ոգևորում, նաև ոգեշնչվում նրանցից»։

Կապանի համայնքապետարանի տվյալներով՝ 2700 հա հողատարածք Ներքին Հանդի վարչական տարածքում օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ներքին Հանդ-Շիկահող-Սրաշեն-Ճակատեն հատվածում բնակիչներն այլևս չեն կարող զբաղվել դաշտավարությամբ ու անասնապահությամբ, քանի որ 1140 հա արոտավայր, խոտհարք ու վարելահող հայտնվել են վտանգավոր գոտում։ Նորիկ Դանիելյանը ցույց է տալիս մոտակա բարձունքը, որտեղ ադրբեջանցիներն են․ հակառակորդի ուղիղ դիտակետի տակ են։

«Ադրբեջանի բանակն է էնտեղ նստած։ Մենք շատ մոտ ենք, տարածքներ չունենք, գերեզմանոց չունենք, հողամասեր չունենք, անասուններ չենք կարողանում պահել։ Եթե գյուղը լքելու մտադրություն լինի, ոչ մեկը ստեղ չի լինի»։

Ծրագրի շրջանակում գյուղացիներից մեկը հնդկահավեր է պահելու, մյուսը մեղվաբուծությամբ է զբաղվելու։ Ապրում են ու փորձում հարմարվել նոր պայմաններին։ Լսենք Ներքին Հանդի բնակիչներին։

«Ուր գնանք, մեր տունն ա, մեր հայրենիքը, թողնենք ուր գնանք։ Նենց չի, որ մնալու տեղ չունենք, բայց չենք գնում։ Մենք լրիվ ուշադրության կենտրոնում ենք՝ առանց չափազանցնելու»։

«Էդպիսի ծրագրեր թող անեն, մարզպետը եկավ, խոստացավ ու արեց։ Կարելի է ասել մեզ գյուղին  ամրապնդում է մարզպետը: Մենք էլ մեր գյուղից չենք հեռանա»։ Կառավարությունն անցած տարվա դեկտեմբերին սոցիալական աջակցություն է տրամադրել Սյունիքի մարզի Կապան, Տեղ և Գորիս համայնքների այն բնակիչներին, որոնց կենդանիները 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում անկել են հրետակոծությունից, անցել են հայ-ադրբեջանական շփման գիծը կամ 2022թ․ սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ։ Բնակիչների կրած կորուստները գույքագրվել և ուսումնասիրվել էին Սյունիքի մարզպետարանի մասնագետների կողմից։ Ընդհանուր առմամբ՝ տուժած 124 բնակիչներին աջակցելու համար հատկացվել էր 288 մլն 385 հազար դրամ։

Back to top button