ԿարևորՔաղաքական

Լաչինի հարցը ԵՄ–ում, ԵԽ–ում, ԵԽԽՎ–ում․ Հայաստանի անվտանգային վեկտորի ուղղությունը տատանվում է

Հայաստանը շաբաթը սկսում է միանգամից մի քանի ուղղությունով միջազգային հարթակներում հանդիպումներով։ ԵԽ, ՆԱՏՕ, ԵԽԽՎ․այս կառույցներում տարբեր ձևաչափերով քննարկումներ են Արցախի շրջափակման և Լաչինի միջանցքի արգելափակման հարցով, որոնք շոշափում են նաև Հայաստանի անվտանգային խնդիրները։

Հանդիպումների կենտրոնում է նաև Երևանը։ Մեկօրյա այցով այստեղ է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումներով։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին Երևան է բերել անհանգստությունը Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ։ Ժամանումից առաջ գրառումով եվրոպացի պաշտոնյան իրավիճակը լուրջ էր գնահատել և ակնարկել, որ շտապ լուծումներ են անհրաժեշտ։ Երևանյան հանդիպումների ժամանակացույցը և օրակարգերը հայտնի չեն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ օրակարգային երկու հիմնական հարց կա՝ հայության վիճակը Լեռնային Ղարաբաղում և եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

«Լաչինի միջանցքի հետ կապված ամեն ինչ արդեն քննարկված և ստորագրված է։ Հասկացաք, չէ՞, ինչ նկատի ունեմ՝ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը»։

Երևանում Տոյվո Կլաարի առաջին քննարկումներից մեկը պաշտպանության նախարարությունում էր։ Սուրեն Պապիկյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ճիշտ չէ Կլաարի այցը կապել Հայաստան–Ռուսաստան լարված հարաբերությունների հետ և անվտանգային վեկտորի փոփոխության մասին ենթադրություններ անել։

«Վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց։ ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար մենք բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում։ Մենք բոլոր միջազգային հարթակները և բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք։ Պետք է ասեմ, որ որոշումը ՀՀ անվտանգությունը՝  յուրաքանչյուր գնով ապահովելու, կարելի է ասել, որ կայացված է»։   

Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման հարցում՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակում: Նշվում է, որ դիտորդները  կանոնավոր պարեկություն են իրականացնելու և զեկուցելու են  իրավիճակի մասին ։ Առաքելության նախնական մանդատը երկու տարով է:

Բացի այս որոշումից՝ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին սպասվում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթը։ Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ նա անդրադառնալու է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, նաև՝  ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ Նախարարը նաև պատասխանելու է Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվելու երկու օրերի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագորթայն համաձայն՝ բանակցություններից հետո նախարարի և գլխավոր քարտուղարի հանդիպում մամուլի ներկայացուցիչների հետ նախատեսված չէ: Հանդիպման ակնկալիքներից անգամ փակագծեր չի բացում նաև Հայաստանի խորհրդարանի ղեկավարը։

«Դե տեսեք, մենք հիմա միջազգային բոլոր ֆորմատներով այդ հարցը բարձրացբում ենք և պետք է ասեմ, որ դա իր ազդեցությունն ունենում է։ Կարծում եմ, հետևանքները մենք կտեսնենք նաև «հողի վրա», այսպես ասած։ Շատ մանրամասներ այս պահին չեմ կարող, չեմ էլ ուզում հայտնել։ Մենք ունեցանք ԵԽ–ի շատ լավ զեկույց, որը բավականին ծանրակշիռ և կարևոր փաստաթուղթ էր մեզ համար, կարևոր փաստաթուղթ էր նաև Լաչինի և ԼՂ հետ կապված։ Կարծում եմ, դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կա գրանցված այսօր ՀՀ կողմից»։

Ուշագրավ է, որ ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը դժգոհել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չի հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին։ «Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրվել է Եվրախորհրդարանում Հայաստան-Ադրբեջան հարցով ելույթ ունենալու։ Ինչպես միշտ՝ Ադրբեջանը չի հրավիրվել»,– Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սադիկովը և ակնարկել Եվրախորհրդարանի՝ իր կարծիքով կողմնակալության մասին։  

Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական ծրագրի համակարգող Եգոր Չոբանյանի կարծիքով՝ Լաչինի միջանցքի շուրջ հստակություն կլինի Միրզոյան-Ստոլտենբերգ հանդիպումից հետո։

«Առաջին լրատվական»–ի հետ զրույցում Չոբանյանը նշել է, որ Հայաստանին այս շրջանում պետք չէ ընդունել այս կամ այն կողմը, գնալ Արևմուտք, Արևելեք կամ Հարավ։ Պարզապես պետք է սովորել խուսանավել և կատարվող փոփոխություններն օգտագործել իր օգտին։ Վերլուծաբանը կարծում է, որ օրերի ընթացքում՝ հեռախոսազրույցներից և հանդիպումներից հետո արդեն պարզ կդառնա, թե արևմուտքը ինչ մասնակցություն է ցանկանում ունենալ այս տարածաշրջանում։ Բայց այն, որ Միացյալ Նահանգները և Արևմուտքը կողքից դիտորդի կարգավիճակում չեն, այլ հետաքրքրված են խնդիրներով փաստում է թեկուզ Եվրոպական խորհրդարանի վերջին զեկույցը, Մեծ Բրիտանիայի և ԱՄն արտահայտած մտահոգությունները։ Չոբանյանի խոսքոթվ, «սառույցը որոշ չափով տեղից շարժվել է»։       

Եվրոպական մեկ այլ հարթակում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, նույնպես կքննարկվի Լաչինի միջանցքի արգելափակման ու դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի  հարցը։ Այն ընդգրկվել է այսօր մեկնարկած ձմեռային նստաշրջանի օրակարգում  և կքննարկվի  հրատապ ընթացակարգով։

Back to top button