Երկրորդ շնչառություն

77 տարեկանում նորագույն տեխնոլոգիաները երիտասարդների պես հմտորեն է օգտագործում․ «Երկրորդ շնչառություն»

Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր կառավարությունների արխիվները 77-ամյա բազմափորձ մասնագետ Սոս Հովհաննիսյանի ձեռքի տակ են: Ամեն գործի ու գործիքի մոտենում է ծայրահեղ պատասխանատվությամբ, չնայած պատկառելի տարիքին, նորագույն տեխնոլոգիաները կիրառում է երիտասարդների պես հմուտ:

«Եթե մարդը ձգտում է սովորել և դա անում է բոլոր ասպարեզներում, ապա, ի վերջո դա վերածվում է ապրելակերպի, ինչը երիտասարդեցնում է մինչև վերջին պահը, չասեմ, թե դա որն է, որ չտխրեք…»,-իր հաջողության բանաձևն է ներկայացնում մասնագետը:

Երազել է վիրաբույժ դառնալ, բայց վերջին պահին ընկերների հետ որոշում են սովորելու մեկնել Օդեսա: Տեխնիկական բուհի շրջանավարտը Հայաստան է վերադառնում և գործի անցնում հեռուստատեսությունում:

Ս.Հովհաննիսյանը հիշում է նախորդ դարի 60-ականներին գունավոր հեռուստացույցների մուտքը մեր կյանք, մշտական ուղիղ եթերներն ու մի քանի հոգով ներգրավվմամբ շահագործվող սարքավորումները, ու թե ինչ խստապահանջ էին որակի հանդեպ: Նրա խոսքերով, այսօր տեսախցիկները շատ հաճախ ինքնաշխատ են, վերջնական եթեր գնացող հեռուսաարտադրանքի որակի հանդեպ էլ այն տարիների հսկողությունն ու պատասխանատվությունը չկա:

Քաղաքական ուժերն ու նրանց կազմած կառավարությունները գալիս են ու գնում, հեղափոխություն, իշխանափոխություն, թե ղեկավարության փոփոխություն որևէ կերպ չեն ազդում Ս.Հովհաննիսյանի առօրյա գործունեության վրա:

«Ամեն մարդ պետք է լավ լինի իր գործի մեջ, եթե տեխնիկական աշխատող ես, քաղաքականության հետ գործ չունես, հատկապես որ անգամ դրանով զբաղվողները գլուխ չեն հանում, թե ինչ են անում ուր մնաց դու քո կրթությամբ խրվես այդ ասպարեզ»,- նկատում է նա:

Իսկ մարդկային լավ հարաբերություններ պահպանելու գաղտնիքը, ըստ զրուցակցիս, ամեն մարդու մեջ եղած լավը գտնել, տեսնելն ու դրա վրա կենտրոնանալն է: Արդյունքում, տվյալ անձն էլ ձգտում է վերափոխվել ու ավելի լավը դառնալ:

Ս.Հովհաննիսյանը համոզված է, որ նոր սերնդի մտահորիզոնն ավելի լավն է, շատ պատրաստված են, եթե հետևողական լինեն, շատ հաջողությունների կհասնեն:

«Ես գերադասում եմ նայել երիտասարդներին, այլ ոչ թե ինքս ինձ հայելու մեջ: Ցանկացած մարդ երիտասարդ է մնում, երբ աշխատանք ունի, պրպտուն է, ձգտում է լավին»,-իր մասնագիտական երկարակեցության հիմնական գաղտնիքն է բացում բազմափորձ մասնագետը:

Back to top button