ԿարևորՄշակույթ

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 102-ամյակն է

Հայ կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին։

Նա մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես երգահան, հաջողությամբ համագործակցել է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետ («Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։

Մեծ հաջողություն են ունեցել նաև Եվգենի Եվտուշենկոյի («Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու («Год любви», «Москва-река», «Верни мне музыку»), Լեոնիդ Դերբենյովի («Лучший город земли») հետ համահեղինակությամբ գրված երգերը։

«Առաջին սիրո երգը» և «Երևանը» ընկալվում են որպես հայրենի քաղաքի օրհներգ։ Լայն ճանաչում ունի «Նոկտյուրնը»։

Կոմպոզիտորն աշխատել է նաև գործիքային ջազի, երաժշտական-թատերական ժանրերի բնագավառում։ Գրել է «Քեռի Բաղդասար», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» և այլ մյուզիքլներ։ Ռեպերտուարային են դարձել «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար, Դաշնամուրային տրիոն, Սոնատը ջութակի և դաշնամուրի համար, «Վեց պատկեր» դաշնամուրային սյուիտը, ինչպես նաև դաշնամուրի համար գրված այլ պիեսներ։ «Պոեմը» ներառվել է Պ. Չայկովսկու անվան երրորդ միջազգային մրցույթի ծրագրում (1966) որպես պարտադիր ստեղծագործություն երկրորդ փուլում։

Համաշխարհային ճանաչման են արժանացել նրա գրավիչ և վիրտուոզ ստեղծագործությունները երկու ռոյալների համար, որոնք ստեղծվել էին Ա. Հարությունյանի հետ համահեղինակությամբ («Հայկական ռապսոդիա», «Տոնական»՝ հարվածային գործիքներով)։ Մեծ մասամբ զարգացրել է Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործական փորձը։ Կյանքի վերջին շրջանում իր արվեստում ձգտել է ավելի մեծ ռացիոնալիզմի։

Առնո Բաբաջանյանի ակադեմիական երաժշտության կատարողների թվում են Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Դավիդ Օյստրախը, Լ. Վլասենկոն, Սվետլանա Նավասարդյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Դ. Խանջյանը, Riga piano duo, Firenze piano duo։

Հաճախ որպես դաշնակահար հանդես է եկել տարբեր քաղաքների բեմերում՝ ներկայանալով իր ստեղծագործությունների փայլուն կատարմամբ։ Այդ կատարումները ձայնագրվել են և հրատարակվել աուդիոսկավառակներով։

Back to top button