Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը կանցկացվի Հայաստանում


Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը», Իրանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Ինչպես նշված է Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում, Իրանի առաջին տիկինը ողջունել է հաջորդ ֆորումը Հայաստանում անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում երկրորդ համագումարը մեր երկրում կանցկացվի:
Համագումարի ավարտին հուշագիր է ստորագրվել, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։ Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին։
Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ են հանձնել։
Համագումարի ավարտից հետո ՀՀ վարչապետի տիկինն ու ԻԻՀ առաջին տիկինը առանձնազրույց են ունեցել և պայմանավորվել հետամուտ լինել համագումարը Հայաստանում անցկացնելու կազմակերպչական աշխատանքներին։
Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան առանձնազրույց է ունեցել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։
Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 300-ից ավելի կանայք՝ գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ, բարձրաստիճան կին պաշտոնյաներ, նախարարներ ու առաջին տիկիններ։