ԿարևորՏնտեսական

10 200 հա հող Արմավիրում ոռոգման պատճառով չի մշակվում. մարզում վերականգնվում են խորքային հորերը

Արմավիրի մարզում ոռոգման ջրի պատճառով չի մշակվում 10 200 հա հողատարածք: Գյուղնշանակության հողերը նպատակային օգտագործելու համար  վերականգնվում են  խորքային հորերը: Վերանորոգման կարիք ունեն ոռոգման ներտնտեսային ցանցերը, որոնց քայքայվածության հետևանքով մեծ են ջրի կորուստները: Սուբվենցիոն ծրագրով  մարզում կվերականգնվի 34 խորքային հոր, իսկ Ծիածան ու Լեռնագոգ գյուղերում կկառուցվեն ոռոգման համակարգեր:

Արմավիրի մարզում նախորդ տարի ավելի քիչ հող է մշակվել, քան 2021թ.-ին՝ տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Հողը չմշակելու պատճառները տարբեր են՝  ոռոգման ջրի պակաս, հողի ոչ եկամտաբերություն, սեփականատերերի բացակայություն և այլն: Վարդանաշենում չի մշակվում 100 հա-ից ավելի  հողատարածք: Բնակիչներն են ներկայացնում խնդիրը.

«100 հա հող է, այդտեղ ջուր չկա, խորքային հոր չկա, եթե հորատեն, ամբողջ տարածքին կբավարարի»:

«Տարածքը գտնվում է Երասխահուն և Արաքս գյուղերի սահմանագծին, որտեղ ոռոգումը կատարվում է կենտրոնախույս պոմպերի միջոցով, այսինքն՝ գետերից հեռացող ջրերը հավաքում են ու ոռոգում: Մտածում ենք խորքային հորերի հարցը լուծել»:

Ոռոգման ջրի պակասի, հողերի՝ հեռու գտնվելու, սեփականատերերի բացակայության  պատճառով Հայթաղում անմշակ է մնացել շուրջ 150 հա հողատարածք:

«Հողը գյուղից շատ հեռու է: Մենք մի քանի տարի չենք մշակել, տղաս այս տարի վաճառեց: Ես ի վիճակի չեմ մշակելու, տղաս էլ արհեստավոր է, ժամանակ չունի»:

Արմավիրի մարզի  հողային հաշվեկշռով 2022թ. առաջին կիսամյակում ոռոգելի հողատարածքները 51 հազար հեկտարից ավելի են, իսկ գյուղատնտեսական տարում մշակվել է 43 հազ 800 հա հողատարածք: Գյուղնշանակության հողերի զգալի մասը դեռ անջրդի է: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը փաստում է, որ անցած տարիներին վերականգնվել են մայր ու միջտնտեսային ջրանցքերը, իսկ ներտնտեսային ցանցերը դեռ անմխիթար վիճակում են:

«Հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխությունը՝ մեզ համար հրամայական պահանջ է դառնում  լրացուցիչ ջրային  պաշարների ստեղծումը: Ոռոգման ջրի ու ցանցի բացակայության պատճառով մարզում  չի մշակվում 10 200  հեկտար: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է կառուցել և վերանորոգել ներտնտեսային ցանցերը, հորատել և վերանորոգել խորքային հորերը, պոմպակայաններն ու մարզում կառուցել ջրամբարներ»:

Ջրամբարների կառուցման հարցը մարզում քննարկվում է արդեն 10 տարի, սակայն տեսանելի աշխատանքներ չկան: «Սելավ Մաստարա» ջրամբարի նախագիծն արդեն հաստատվել է, բայց  ֆինանսական խնդիրները դեռ չեն լուծվել: Ջրամբարը կառուցվելու է Մյասնիկյան-Դալարիկ գյուղերի միջանկյալ հատվածում՝ Մաստարա սելավատարի վրա: 

Գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման համար առաջարկվում է  համայնքներին ու ՋՕԸ-ին գույքագրել չոռոգվող տարածքներն և ընդգրկել համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերում: Մեծամոր խոշորացված  համայնքի 12 գյուղերում սուբվենցիայով վերականգնվում է 15 խորքային հոր, որից 2-ը՝ Զարթոնքում: Ոռոգման ջրի պակասի պատճառով չի մշակվում Զարթոնք գյուղի 6 հա-ից ավելի տարածք՝ ասում է վարչական ղեկավար Սամվել Աղաջանյանը:

«Հորերը մաքրված, պատրաստ են, ուղղակի 1 կմ ջրագիծ պետք է կառուցել գետնի տակով: Գործը հիմա ժամանակավորապես դադարեցվել է խողովակների ձեռք բերման պատճառով: Խոստացել են մինչև ապրիլի մեկն ավարտել: Խորքային հորը մայր առվից 960 մ հեռու է: Այդ խողովակով  խորքային հորերի ջրերը կուղղվեն մայր առու»:

Խորհրդային տարիներին կառուցված 2 խորքային հորերի վերականգնումը հնարավորություն կտա ոռոգելու ոչ միայն Զարթոնքի, այլև հարևան Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն գյուղերի հողերը: Վարդանաշենում նույնպես  2 խորքային հոր է վերանորոգվում: Եվս 19 խորքային հոր հիմնանորոգվելու  է Խոյ համայնքի  8 բնակավայրերում, որից 3-ը՝ Հայթաղ գյուղում:

Բացի խորքային հորերից՝ բարելավվելու են նաև ոռոգման ներտնտեսային ցանցերը: Զարթոնքի ոռոգելի հողերում ջրատարների վնասվածության պատճառով ջրի կորուստը մեծ է: Սամվել Աղաջանյանը նշում է, որ սուբվենցիոն ծրագրում 1.5 կմ ներտնտեսային ցանցի նորոգման հայտ է ներկայացվել:

«Ցանցը շատ է վնասված, շատ վատ վիճակում է: Ջրի կորուստը մեծ է: Ծակված, վնասված  կիսախողովակներից  ջրերը լցվում են մշակովի հողատարածքներն ու ջրածածկում»:

Ոռոգման ներտնտեսային վնասված ցանցերը նույնպես կառուցվել են խորհրդային տարիներին. ջրի կորուստը գերազանցում է 30 տոկոսը:  Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ վերականգնվել է  մարզի 39 բնակավայրի 92.5 կմ ներտնտեսային ցանցը, որի 10 տոկոսը ներդրել են  համայնքները: Ապագա գյուղը ներառված էր ցանկում:

«Դաշտում ոռոգման ներտնտեսային ցանցի կիսախողովակներ են տեղադրել: Ես իմ հողը երկար տարիներ չէի մշակում, հիմա ջրերը կան, կփորձեմ հողս մշակել»:

2023թ. սուբվենցիոն ծրագրով ներտնտեսային ոռոգման ջրագծեր են կառուցվելու Ծիածան և Լեռնագոգ գյուղերում:

Back to top button