

Արմավիրի մարզում ոռոգման ջրի պատճառով չի մշակվում 10 200 հա հողատարածք: Գյուղնշանակության հողերը նպատակային օգտագործելու համար վերականգնվում են խորքային հորերը: Վերանորոգման կարիք ունեն ոռոգման ներտնտեսային ցանցերը, որոնց քայքայվածության հետևանքով մեծ են ջրի կորուստները: Սուբվենցիոն ծրագրով մարզում կվերականգնվի 34 խորքային հոր, իսկ Ծիածան ու Լեռնագոգ գյուղերում կկառուցվեն ոռոգման համակարգեր:
Արմավիրի մարզում նախորդ տարի ավելի քիչ հող է մշակվել, քան 2021թ.-ին՝ տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Հողը չմշակելու պատճառները տարբեր են՝ ոռոգման ջրի պակաս, հողի ոչ եկամտաբերություն, սեփականատերերի բացակայություն և այլն: Վարդանաշենում չի մշակվում 100 հա-ից ավելի հողատարածք: Բնակիչներն են ներկայացնում խնդիրը.
«100 հա հող է, այդտեղ ջուր չկա, խորքային հոր չկա, եթե հորատեն, ամբողջ տարածքին կբավարարի»:
«Տարածքը գտնվում է Երասխահուն և Արաքս գյուղերի սահմանագծին, որտեղ ոռոգումը կատարվում է կենտրոնախույս պոմպերի միջոցով, այսինքն՝ գետերից հեռացող ջրերը հավաքում են ու ոռոգում: Մտածում ենք խորքային հորերի հարցը լուծել»:
Ոռոգման ջրի պակասի, հողերի՝ հեռու գտնվելու, սեփականատերերի բացակայության պատճառով Հայթաղում անմշակ է մնացել շուրջ 150 հա հողատարածք:
«Հողը գյուղից շատ հեռու է: Մենք մի քանի տարի չենք մշակել, տղաս այս տարի վաճառեց: Ես ի վիճակի չեմ մշակելու, տղաս էլ արհեստավոր է, ժամանակ չունի»:
Արմավիրի մարզի հողային հաշվեկշռով 2022թ. առաջին կիսամյակում ոռոգելի հողատարածքները 51 հազար հեկտարից ավելի են, իսկ գյուղատնտեսական տարում մշակվել է 43 հազ 800 հա հողատարածք: Գյուղնշանակության հողերի զգալի մասը դեռ անջրդի է: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը փաստում է, որ անցած տարիներին վերականգնվել են մայր ու միջտնտեսային ջրանցքերը, իսկ ներտնտեսային ցանցերը դեռ անմխիթար վիճակում են:
«Հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխությունը՝ մեզ համար հրամայական պահանջ է դառնում լրացուցիչ ջրային պաշարների ստեղծումը: Ոռոգման ջրի ու ցանցի բացակայության պատճառով մարզում չի մշակվում 10 200 հեկտար: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է կառուցել և վերանորոգել ներտնտեսային ցանցերը, հորատել և վերանորոգել խորքային հորերը, պոմպակայաններն ու մարզում կառուցել ջրամբարներ»:
Ջրամբարների կառուցման հարցը մարզում քննարկվում է արդեն 10 տարի, սակայն տեսանելի աշխատանքներ չկան: «Սելավ Մաստարա» ջրամբարի նախագիծն արդեն հաստատվել է, բայց ֆինանսական խնդիրները դեռ չեն լուծվել: Ջրամբարը կառուցվելու է Մյասնիկյան-Դալարիկ գյուղերի միջանկյալ հատվածում՝ Մաստարա սելավատարի վրա:
Գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման համար առաջարկվում է համայնքներին ու ՋՕԸ-ին գույքագրել չոռոգվող տարածքներն և ընդգրկել համայնքների զարգացման սուբվենցիոն ծրագրերում: Մեծամոր խոշորացված համայնքի 12 գյուղերում սուբվենցիայով վերականգնվում է 15 խորքային հոր, որից 2-ը՝ Զարթոնքում: Ոռոգման ջրի պակասի պատճառով չի մշակվում Զարթոնք գյուղի 6 հա-ից ավելի տարածք՝ ասում է վարչական ղեկավար Սամվել Աղաջանյանը:
«Հորերը մաքրված, պատրաստ են, ուղղակի 1 կմ ջրագիծ պետք է կառուցել գետնի տակով: Գործը հիմա ժամանակավորապես դադարեցվել է խողովակների ձեռք բերման պատճառով: Խոստացել են մինչև ապրիլի մեկն ավարտել: Խորքային հորը մայր առվից 960 մ հեռու է: Այդ խողովակով խորքային հորերի ջրերը կուղղվեն մայր առու»:
Խորհրդային տարիներին կառուցված 2 խորքային հորերի վերականգնումը հնարավորություն կտա ոռոգելու ոչ միայն Զարթոնքի, այլև հարևան Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն գյուղերի հողերը: Վարդանաշենում նույնպես 2 խորքային հոր է վերանորոգվում: Եվս 19 խորքային հոր հիմնանորոգվելու է Խոյ համայնքի 8 բնակավայրերում, որից 3-ը՝ Հայթաղ գյուղում:
Բացի խորքային հորերից՝ բարելավվելու են նաև ոռոգման ներտնտեսային ցանցերը: Զարթոնքի ոռոգելի հողերում ջրատարների վնասվածության պատճառով ջրի կորուստը մեծ է: Սամվել Աղաջանյանը նշում է, որ սուբվենցիոն ծրագրում 1.5 կմ ներտնտեսային ցանցի նորոգման հայտ է ներկայացվել:
«Ցանցը շատ է վնասված, շատ վատ վիճակում է: Ջրի կորուստը մեծ է: Ծակված, վնասված կիսախողովակներից ջրերը լցվում են մշակովի հողատարածքներն ու ջրածածկում»:
Ոռոգման ներտնտեսային վնասված ցանցերը նույնպես կառուցվել են խորհրդային տարիներին. ջրի կորուստը գերազանցում է 30 տոկոսը: Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ վերականգնվել է մարզի 39 բնակավայրի 92.5 կմ ներտնտեսային ցանցը, որի 10 տոկոսը ներդրել են համայնքները: Ապագա գյուղը ներառված էր ցանկում:
«Դաշտում ոռոգման ներտնտեսային ցանցի կիսախողովակներ են տեղադրել: Ես իմ հողը երկար տարիներ չէի մշակում, հիմա ջրերը կան, կփորձեմ հողս մշակել»:
2023թ. սուբվենցիոն ծրագրով ներտնտեսային ոռոգման ջրագծեր են կառուցվելու Ծիածան և Լեռնագոգ գյուղերում: