ԿարևորՎերլուծական

Ինչի՞ց է կախված Լաչինի միջանցքի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի արդյունավետությունը

Լաչինի միջանցքի մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից մոտ ապագայում ակնկալիքներ չպետք է ունենալ, կարծում են փորձագետները, սակայն գտնում են, որ այն հաղթաթուղթ է Հայաստանի հանրապետության ձեռքին քարոզչական հարթակներում Բաքվի իրական դեմքը ներկայացնելու համար։ Այն կարող է արդյունավետ լինել նաև միջազգային ատյաններում հարցի քննարկման դեպքում։

Լաչինի միջանցքի հարցով Եվրախորհրդարանի բանաձևը դատապարտում է ՌԴ խաղաղապահների անգործությունը։ Դրանում նշվում է, որ ռուսական զորախմբին ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու շուրջ պետք է հրատապ բանակցություններ վարվեն: Եվրոպատգամավորները նաև կոչ են անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել դեպի Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի այս ձևակերպումները  մոտ ապագայում հազիվ թե գործնական քայլեր դառնան։ 

«Բանաձևի քաղաքական մասով՝ ԵԱՀԿ դիտորդներ, ՄԱԿ փաստահավաք առաքելություն , որքան էլ կարևոր լինի, գործնականում կյանքի կոչելու հավանականությունը գրեթե զրո է։ Նախ, որովհետև Արևմուտք– Ռուսաստան երկխոսությունն է դադարեցված, երկրորդ՝ այնտեղ ռուս խաղաղապահներն են հիմա, բացի դրանից՝ փաստահավաք առաքելության տեղակայման համար պետք  կլինի Բաքվի թույլտվությունը, որն այս պահին բացառվում է»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը բանաձևից կարճաժամկետ հեռանկարում որևէ ակնկալիք չունի։ Երկարաժամկետ հեռանկարում, սակայն,  հայկական կողմը կարող է այդ բանաձևը լիարժեք օգտագործել Ադրբեջանի հորինած մեղադրանքները  ջրի երես հանելու համար․ Բաքուն ՄԱԿ ԱԽ–ի 4 բանաձևերը տարիների ընթացքում  օգտագործեց  իր թեզերը կառուցելու համար։  Ըստ Արա Պողոսյանի՝ հիմա նման հնարավորություն է ստեղծվել  հայկական կողմի համար։

«Ապագայում հնարավոր կլինի սա օգտագործել  բազմավեկտոր, հատկապես երբ Բաքվից հայտարարում են, որ ՀՀ –ին դատի են տվել իբրև իր բնական պաշարները թալանելու համար, և այս բանաձևը կարևոր է լինելու տարբեր հարթակներում օգտագործելու համար։ Սա առաջին հերթին միջազգային հանրության շրջանում կարծիք ձևավորելու լավագույն տարբերակներից մեկն է»։

Եվրախորհրդարանի բանաձևով նաև կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ բացել Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը և ձեռնպահ մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերը խափանելու գործելակերպից։  Փաստաթղթում հումանիտար հետևանքների հիշատակումը վերլուծաբանը կարևորում է միջազգային ատյաններում հարցը քննարկելիս ներկայացնելու առումով, շեշտում է այդ համատեքստում  քաղաքական պատճառներն ընդգծելը։

«Բաքուն պետք է հասկանա, որ իր վայրագ գործողություններով առաջին հերթին իմիջային կորուստներ է ունենալու, բացի դրանից՝ նաև դատական ատյաններում կարող է կորուստներ ունենալ։ Եվ հարցն այն է, թե պատրաստ է վճարել Ադրբեջանն այդ գինը։ Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե միջազգային ատյանները բանաձևեր ընդունեին ոչ թե մարդասիրական հետևանքների, այլ՝ քաղաքական պատճառների մասին, քանի որ Ադրբեջանը քաղաքական նպատակներով է շրջափակում Արցախը»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը հիշատակում է եվրապատգամավորների բավականին անկեղծ ելույթները, որտեղ նրանք խոստովանում են, որ ադրբեջանական էներգակիրներից կախումը ձեռնպահ է դարձնում  եվրոպական կառուցներին ճշմարտությանը սատարելու, եվրոպական արժեքները գնահատելու հարցում։ Այդ առումով, ըստ նրա, եվրոպական արժեքները տեղի են տալիս այսօրվա քաղաքական նպատակահարմարությանը։ 

Արմեն Բաղդասարյանի կարծիքով, սակայն, Եվրախորհրդարանի բանաձևը հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքին քարոզչական դաշտում։ Արձանագրված շեշտադրումներն ու հասցեական  հայտարարությունները ցույց են տալիս, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և ՀՀ–ն պետք է օգտագործի այս  հստակեցումը բոլոր հարթակներում և քննարկումներում ՝ ասում է վերլուծաբանը։ Բայց նաև նկատում է, որ բանաձևի արդյունավետությունը տեսանելի կլինի միայն միջազգային բարենպաստ պայմանների դեպքում։   

Back to top button