Էկոսֆերա

2024 թվականը կարող է լինել պատմության մեջ ամենաշոգ տարին․ կլիմայագետներ. «Էկոսֆերա»

2024 թվականին գլոբալ ջերմաստիճանը կարող է շեղվել նորմայից և առաջացնել աննախադեպ շոգեր, ինչի մասին նախազգուշացրել են կլիմայագետները: Ջերմացումը կապված կլինի Էլ Նինյո ֆենոմենի հետ, որը, ինչպես կանխատեսվում է, առաջիկա ամիսներին կձևավորվի Խաղաղ օվկիանոսում։

Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում մակերևութային ջրերի ջերմաստիճանի տատանումն է, որը ողջ աշխարհում առաջացնում է էքստրեմալ եղանակ:

Ըստ կանխատեսումների՝ Էլ Նինյոն կարող է հարվածել Խաղաղ օվկիանոսին մինչև 2023 թվականի վերջը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենաշոգ տարին:

Այժմ մոլորակի վրա գլոբալ ջերմաստիճանը 1.2 աստիճանով գերազանցում է նախաարդյունաբերական մակարդակը: Բացի այդ, աճն արդեն հանգեցրել է աղետալի հետևանքների, ներառյալ ջերմային ալիքները՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում և ջրհեղեղները՝ Պակիստանում և Նիգերիայում:

Գիտնականները ենթադրում են, որ 2024 թվականին միջին ջերմաստիճանն առաջին անգամ կգերազանցի նախաարդյունաբերական մակարդակը 1․5 աստիճանով։ Էլ Նինյոն կազդի կլիմայի փոփոխության ընթացիկ գործընթացների վրա՝ զգալիորեն սրելով դրանք։

«Մենք գնահատում ենք, որ 2024 թվականը, ամենայն հավանականությամբ, կլինի պատմության մեջ ամենատաք տարին։ Էլ Նինյոյի նույնիսկ փոքր բռնկումը պետք է բավարար լինի ռեկորդային գլոբալ ջերմաստիճանի հասնելու համար», — ասել է պրոֆեսոր Ջեյմս Հանսենը Կոլումբիայի համալսարանից:

Էլ Նինյոյի դեպքում Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափի երկրներում սպասվում է շոգ և երաշտ: Հակառակ սրան, անոմալ խոնավ եղանակ է սպասվում Արևելյան Աֆրիկայում, ԱՄՆ-ի հարավային շրջաններում և Հարավային Ամերիկայում։

Էլ Նինյոյի ազդեցությունը կարելի է զգալ նաև Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում: Գիտնականները կոչ են արել ստեղծել կլիմայի մոդելավորման միջազգային կենտրոն՝ ապագա բնական սպառնալիքներին դիմակայելու համար:

Back to top button