ԿարևորՀասարակություն

Գործատու-աշխատող խնդիրներ․ ինչպե՞ս հեշտացնել հաշտեցումը

2022 թվականին ավելի քան 3000 քաղաքացի զանգահարել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ աշխատանքի իրավունքի հետ կապված հարցերով։ Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը հայտնում է, որ մարդիկ նախորդ տարվա համեմատ կրկնապատկված հետաքրքրություն են ցուցաբերում իրենց աշխատանքային իրավունքի նկատմամբ։

«500 վարույթ 2021 թվականին է եղել, 2066 վարույթ՝ 2022 թվականին, որից 1245-ը աշխատանքի բլոկով։ Թեժ գծով 5635 զանգ ենք ստացել 22-ին, 3240-ը՝ այս հարցով։  672 դիմում-բողոքների 439-ն էլի եղել է աշխատանքի բլոկով։ Տուգանքն, իհարկե, ձեռքբերում չէ, բայց մոտ 900 միլիոն տուգանքից 800 միլիոնը աշխատանքի բլոկով է»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրականացրել է մշտադիտարկում՝ ուսումնասիրելով Հայաստանում աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը։ Թեև օրենսդրությունը չի կաշկանդում, սակայն քաղաքացիները պետական կառույցների դեմ բողոքներ հիմնականում չեն ներկայացնում։ Դատարան հասնող գործերի ճնշող մեծամասնությունը վերաբերում է մասնավոր ընկերություններից աշխատանքի ազատման դեպքերին, աշխատավարձի, այլ վճարների բռնագանձմանը և կարգապահական տույժերի վճարմանը։ Աշխատանքի ոլորտում առավել հաճախադեպ խախտումները ներկայացնում է «Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի փորձագետ Աննա Մելիքյանը․

«Աշխատանքային պայմանագիր չտրամադրելը, աշխատանքից ազատման դեպքում ժամանակին չծանուցելը կամ ոչ պատշաճ ծանուցելը, այլ աշխատանք չառաջարկելը։ Շարունակվում է այն պրակտիկան, երբ աշխատանքային հարաբերություններն այլ տեսակի պայմանագրերի տակ են թաքցնում, նաև խնդիր կա որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու այն դեպքում, երբ մշտական աշխատանք է կատարվում՝ էլի խուսափելով համապատասխան երաշխիքներ ապահովելուց»։

Դոմինանտ խնդիրների շարքում են նաև վերջնահաշվարկներ չկատարելուդեպքերը։ Այս խնդիրները դատարան հասնելու դեպքում հայցվորի համար հաճախ մեկ այլ՝ ժամանակային խնդիր են դառնում․ աշխատանքային վեճերը հաճախ լուծում են գտնում մի քանի տարի անց։ Փորձագետները նկատում են՝ դատարան հասնող խնդիրների մեծ մասը կարող է կանխվել տեսչական մարմնի շնորհիվ։

«Իրականում բոլոր այս խնդիրները, եթե ժամանակին հայտնաբերվեն կամ կանխվեն, գուցեև դատարանում չհայտնվեն։ Եթե մենք ուզում ենք կանխենք կամ ժամանակին բացահայտենք ինչ-որ խախտումներ, պետք է մտածենք՝ ինչպես պետք է օրենսդրությունը փոխենք, որ անանուն դիմում ներկայացնելու հնարավորությունն իրոք արդյունավետ գործի։ Հակառակ դեպքում՝ մնալու է նույն իրավիճակը, երբ քաղաքացիները կաշկանդված են, վախեցած են ու չեն դիմում»,- ասում է Աննա Մելիքյանը։

Դիտարկումները ցույց են տվել, որ քաղաքացիները խնդրի մասին բարձրաձայնում են միայն աշխատանքից ազատվելուց հետո։ Տեսչական մարմինը չի կարող կամայական կերպով ստուգումներ իրականացնել։ Նրա խոշորացույցի տակ հայտնվելու համար կառույցը պետք է կամ ընդգրկված լինի տարվա ընթացքում ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկում, կամ քաղաքացիները պետք է անուններով ու փաստական տվյալներով դիմում-բողոք ներկայացնեն։ Եթե տեսչական մարմինը չի կարող վճիռ կայացնել, դատարանում էլ գործընթացը ձգվում է մի քանի տարի, ապա աշխատանքային խնդիրները մնում են հաստատուն և, փաստորեն, անլուծելի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը որպես լուծման տարբերակ արտադատարանական ինստիտուտն է տեսնում։

«Ինստիտուտի կարևորությունն այն է, որ մարդիկ դատարան չեն հասնելու։ Բոլորս փայլուն գիտենք, որ երբ գործատուն ու աշխատողը հասնում են դատարան, ինչ էլ դատարանը վճռի, նույն աշխատանքային հարաբերությունները չեն լինելու, և այդ ինստիտուտը դա կանխելու է»։

Փոխնախարարի խոսքով՝ արդեն քննարկվել են արտադատարանական մարմնի հնարավոր մոդելները, ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Այժմ քննարկվում է՝ ինստիտուտը կգործի տեսչական մարմնի՞, նախարարությա՞ն կազմում, թե՞ առանձին։

Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանն էլ բարձրաձայնում է արդեն դատարան հասած գործերի ոչ միայն քաղաքացու համար՝ ժամանակային, այլ նաև պետության համար՝ ֆինանսական բեռ դառնալու մասին։ Տարիներ ձգվող դատական գործերի ընթացքում հարկադիր պարապուրդի մատնված հայցվորին պետական բյուջեն է վճարում։ Որքան երկար է քննվում գործը, այնքան մեծ է պետական բյուջեից դուրս գրվող գումարը։

«Դատարանում շատ են դեպքերը, երբ ասում են՝ պատվարժան դատարան, ինքն ինձ հետ անձնական խնդիր ունի, ինձ հատուկ է ազատել, ոչ հիմնավորում կա հրամանով, ոչ այլ բան, ասում է՝ գնա, տեսնենք դատարանն ինչ կանի, գոնե գիտեմ էս 2-3 տարին ինձ մոտ էլ չես աշխատի։ Այսինքն՝ պաշտոնատար անձը, այսպես ասենք,  իր ամբիցիաներն է փորձում առաջ տանել, վրեժխնդիր է լինում, ամբողջ բեռը հետագայում ընկնում է պետբյուջեի վրա»։

Դատավորն առաջարկում է քննարկել նաև սխալ թույլ տված պաշտոնատար անձին պատասխանատվության կանչելու հարցը՝ աշխատանքից ազատվելու, նկատողության, գումարի բռնագանձման կամ այլ տարբերակով։

Back to top button