Վերնատուն

Բոլորիս պակասում է հեքիաթը՝ անկախ տարիքից․ «Վերնատուն»

Երևանի պետական տիկնիկային թատրոնի Ամանորի «Սանտայի հյուրերը» ներկայացումը այս տարի շուրջ 30 000 հանդիսատես է ունեցել: Ներկայացման բեմադրող ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն ասում է, որ տարեցտարի հանդիսատեսի քանակն ավելանում է, ներկայացումներն էլ կոմերցիոն նպատակներ հետապնդող ու հիմնականում ցածր գեղարվեստական արժեք ունեցող «յոլկայի» ընդունված ֆորմատից վաղուց դուրս են եկել։

«Այս տարի մենք հանդիսատես ենք ունեցել, որ նույն ներկայացումը չորս անգամ նայել է: Մարդիկ իրականում ուզում են թատրոն գնալ, ուղղակի փնտրում են այն հեքիաթը, որն իրենց կհետաքրքրի ու կկտրի իրականությունից», – ասում է ռեժիսորը:

Սամսոն Մովսեսյանը, խոսելով թատրոններում մանկական ներկայացումների պահանջարկի, թատերական բովանդակության առանձնահատկությունների մասին, նշում է, որ չնայած համացանցի հասանելի ու բազմազան բովանդակությանը՝ թատրոնը առանձնահատուկ գործառույթ ունի։

«Թատրոնի ամենակարևոր հատկությունն այն է, որ կենդանի է: Ու մեզ համար շատ զարմանալի է, թե երեխաներն ինչպես են մտնում խաղի պայմանի մեջ: Նրանք միանգամից ընդունում են խաղի կանոնները և բաց արձագանքում են: Թատրոնում երեխան խաղի մասնակից է, ինչը մուլտֆիլմի մեջ չի կարող, տեսանյութում կամ ֆիլմում իրադրությունն անկախ ամեն ինչից զարգանում է, իսկ այստեղ երեխան գիտի, որ ինքը նույն տարածության մեջ է հերոսների հետ և ուղղակի մասնակցում է գործողություններին»:

Սամսոն Մովսեսյանն ասում է, որ մանկական ներկայացումը պետք է հետաքրքիր լինի նաև մեծերին, նրանք նույնպես իրենց մանկությունն են փնտրում այդտեղ։ Ռեժիսորը յուրաքանչյուր ներկայացում գնահատում է՝ առաջնորդվելով իր անձնական հետաքրքրություններով․

«Կարևոր է, որ ինձ, որպես հանդիսատեսի հետաքրքիր լինի դիտել ներկայացումը, անկախ ամեն ինչից՝ բոլորիս պակասում է հեքիաթը, կենցաղից կտրվելու հնարավորությունը»:

Թատրոնը հաջողություն կունենա, եթե ժամանակին համաքայլ լինի ու զգա ժամանակի զարկերակը, կարևոր է նաև թե ծնողները ինչ բովանդակություն են ընտրում իրենց երեխաների համար․

«Ո՞նց են ծնողները սնունդ ընտրում իրենց երեխաների համար․ նույն կերպ պիտի ընտրեն մշակութային պրոդուկտը, պիտի իրենք հասկանան՝ ինչ են մատուցում իրենց երեխաներին, դա որոշակի հետք է թողնելու ենթագիտակցության մեջ», – ասում է Սամսոն Մովսեսյանը։

Back to top button