Երաժշտական եռանկյունի

Եվա Սուջյան. դասականից՝ ռոք․ «Երաժշտական եռանկյունի»

Երգչուհի և ստեղծագործող Եվա Սուջյանը հայկական երգարվեստի ամենահետաքրքիր անհատականություններից մեկն է: Անցնելով ուրույն ճանապարհ՝ որպես երգչուհի և որպես ստեղծագործող, այսօր նա իր արվեստով հատուկ տեղ է գրավում հայկական բեմում:

«Գալիս եմ երաժշտական ընտանիքից: Հայրս հայտնի ջազային կիթառահար Միխայիլ Սուջյանն է, իսկ եղբայրս հայտնի պոպ-երաժիշտ Գոռ Սուջյանը: Երկուսս էլ մեծացել ենք երաժշտական մթնոլորտում, որը և ուղղորդել է մեզ դեպի բեմ»,- կիսվում է Եվա Սուջյանը:

Ինչ-որ պահից Եվան մասնագիտական, ակադեմիական կրթության անհրաժեշտություն է զգում և ինչպես նա է ասում, իրեն բախտ է վիճակվում ներկայանալ լեգենդար Գոհար Գասպարյանին, որը տեսնելով երիտասարդ աղջնակի մեջ վառ անհատականություն՝ վերցնում է նրան իր դասարան: Եվա Սուջյանը ուսանելով Կոնսերվատորիայում՝ ավարտում է այն որպես դասական երգչուհի:

Ակադեմիական կրթությանը զուգահեռ նրա մեջ արթնանում է հետաքրքրություն այլ ժանրերի նկատմամբ և ծանոթանալով «Սթրայֆ» ռոք խմբի երաժիշտների հետ՝ նա հրավիրվում է սկզբից որպես երգչուհի, իսկ հետագայում սկսում է ինքնուրույն ստեղծագործել և իր երգերը այդ ռոք խմբի երգացանկի մեծ մասն են կազմում: Կոնսերվատորիան ավարտելիս երգչուհին հստակ գիտակցում է, որ իր ճանապարհը ոչ թե դասական երաժշտությունն է, այլ սեփական ստեղծագործության և կատարողական արվեստի ինքնադրսևորումը: Հայկական ռոք երաժշտությունը հիմնականում ներկայացված է ակումբային մակարդակով՝ չնայած լինում են և համերգներ, ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են փառատոներ, բայց այնուամենայնիվ հանդես գալու և մշտապես հանրությանը ներկայանալու հնարավորությունները քիչ են:

Երգչուհին նաև մասնակցել է տարբեր հեռուստատեսային մրցույթների և հաղորդումների, ինչի շնորհիվ լայն ճանաչում է ստացել և սիրվել երիտասարդության կողմից: Նրա երգացանկում բացի քավրներից՝ հանրաճանաչ այլ երաժիշտների ստեղծագործությունների մշակումներից և կատարումներից, առանձնանում են իր անհատական, հեղինակային երգերը: Այստեղ նա հանդես գալով որպես և՜ տեքստի, և՜ երաժշտության հեղինակ, անդրադառնում է իրեն հուզող թեմաների՝ քնարականից մինչև խոհափիլիսոփայան, պատմական և քաղաքական: Հատկապես վերջին շրջանում պատերազմական թեման հատուկ տեղ է գրավում նրա ստեղծագործության մեջ:

Եվա Սուջյանը մշտապես ստեղծագործական ընթացքի մեջ է՝ գրում է նոր երգեր, ձայնագրվում ստուդիայում, կազմակերպում համերգներ:

Բացի այդ երաժիշտը ստեղծել է կրթական ստուդիա, ուր նա դասավանդում է վոկալ արվեստ և կիսվում իր փորձառությամբ և՜ որպես դասական երգչուհի, և՜ որպես ստեղծագործող՝ աշխատելով տաղանդավոր երիտասարդության հետ:

Հաղորդման ընթացքում հնչում են Եվա Սուջյանի տարբեր տարիների ստուդիական և համերգային ձայնագրություններից:

Back to top button