Մոռացված ֆիլմերի ստվերները

Գրիգոր Մելիք-Ավագյանի կինոկենսագրության քրոնիկոնը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Հայկական կինոյի պատմության մեջ իր յուրահատուկ տեղը զբաղեցրած «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմը ճանաչելի դարձրեց կինոռեժիսոր Գրիգոր ՄելիքԱվագյանին, բայց և ստվերեց նրա նկարահանած հաջորդ ֆիլմերը։

Կինոռեժիսոր, սցենարիստ Գրիգոր Մելիք-Ավագյանը Խորհրդային շրջանի պատերազամից հետո ձևավորվող հայկական կինոյի հիմնադիրներից էր։ Համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի՝ Իգոր Սավչենկոյի արվեստանոցն ավարտելուց հետո Գրիգոր Մելիք-Ավագյանը մի քանի ամիս Կիևի կինոստուդիայում աշխատեց որպես ռեժիսորի օգնական, ապա «Հայֆիլմ» կինոստուդիայի հրավերով տեղափոխվեց Հայաստան։ Շուրջ երեք տասնամյակի գործունեության ընթացքում նա նկարահանեց «Մանրուք», «Սիրտը երգում է», «Մոր սիրտը», «Ինչո՞ւ է աղմկում գետը» գեղարվեստական և մի քանի վավերագրական ֆիլմեր։

Գրիգոր Մելիք-Ավագյան

Թատրոնի և կինոյի սիրված դերասան, արվեստի աննկուն ու անձնազոհ մարտիկ Ռաֆայել Քոթանջյանի ուժը զգացել են բոլոր ռեժիսորները, որոնց ներկայացումներում ու ֆիլմերում նա մարմնավորել է անկրկնելի կերպարներ։ Նրա մասնակցությամբ հայտնի ու անհայտ ֆիլմերի շուրջ զրուցելու իմ հրավերը  դերասանը չմերժեց։ Ես նրան հյուրընկալեցի Հանրային ռադիոյի տաղավարում՝ վայրկյան անգամ չերևակայելով, որ վարպետի այս հացազրույցը վերջինը կարող էր դառնալ։ 79-ամյա դերասանը մեր զրույցը սկսեց հայկական կինոյի  ուրույն ձեռագիր ունեցող ռեժիսորներից մեկի՝ Գրիգոր Մելիք-Ավագյանի մասին վերհիշելով։

Ռաֆայել Քոթանջյան

«Նա իսկապես շատ տաղանդավոր, գրագետ, անսահման ներքին կուլտուրայի տեր մարդ էր: Ես շատ եմ ափսոսում, որ նրա հետ համագործոկցելու առիթները քիչ եղան: Բոլոր դեպքերում  գոնե մեկ ֆիլմի նկարահանման ժամանակ  հնարավոր եղավ նրա հետ համագործակցել վայելելով նրա և՛ մարդկային, և՛ պրոֆեսիոնալ տեսակը»,-նշում  էր Ռաֆայել Քոթանջյանը:

Սիրանույշ Գալստյան

Գրիգոր Մելիք-Ավագյանի անունը տարիներ շարունակ կապվում է «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի հետ։ Մինչդեռ անցյալ դարի 60-ականների առաջին կեսին նա նկարահանեց աչքի ընկնող՝ «Քայլերգ» կարճամետրաժ կինոնկարը, որի գոյության մասին այսօր գիտեն եզակի մարդիկ միայն։ 22 րոպե տևողությամբ այս ֆիլմն առանց հուզմունքի և հիացմունքի հնարավոր չէ դիտել։

«Լիրիկական ֆիլմ մարդկային ողբերգական կորուստների մասին»,- այսպես է բնորոշում «Քայլերգ» կարճամետրաժը կինոգետ Սիրանույշ Գալստյանն ու ավելացնում-հետո շատ են այսպիսի ֆիլմեր նկարաահանվել, բայց այս ֆիլմի մասին ոչինչ չենք իմացել: Ինչքա՜ն տխուր է… »:

«Քայլերգ» ֆիլմի էկրան բարձրանալուց ավելի քան մեկ տասնամյակ անց Գրիգոր Մելիք-Ավագյանը որոշում է էկրանավորել Հակոբ Պարոնյանի «Բաղդասար Աղբար» պիեսը։

Պատանեկան տարիներին երաժշտի մասնագիտություն ընտրած, հետագայում Մոսկվայի ասպիրանտուրայի լարային բաժնի ուսանող Գրիշայի կյանքում տեղի ունեցած մի դիպված գլխիվայր փոխեց նրա մասնագիտական ուղղվածությունը՝ նրան բերելով կինոյի աշխարհ։

Բայց երաժշտական յուրահատուկ ընդունակություններով օժտված ռեժիսորը կինոյում իր ստեղծագործական աշխատանքի ողջ ընթացքում կարողացավ միավորել կինոն և երաժշտությունը։

Դրա շնորհիվ նա դարձավ հայկական առաջին մյուզիքլի հեղինակը։ Օպերային հայտնի երգիչ Արթուր Այդինյանի մասնակցությամբ «Սիրտը երգում է» մյուզիքլին տարիներ անց հաջորդեց «Բաղդասարը բաժանվում է կնոջից» ֆիլմ-մյուզիքլը, որը էկրան բարձրացավ 1976 թվականին։

Այս ֆիլմում Բաղդասարի դերը փայլուն մարմնավորեց Մհեր Մկրտչյանը, նրա կնոջ՝ Անուշի կերպարով հանդես եկավ Լաուրա Վարդանյանը, Անուշի սիրեցյալին՝ Կիպարին խաղաց Ալեքսանդր Խաչատրյանը, իսկ խորամանկ փաստաբան Օգսենի դերում Գրիգոր Մելիք-Ավագյանը հաստատեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի առաջատար դերասան Ռաֆայել Քոթանջյանին։

Տարիներ անց վերջինս հիշում էր ոչ միայն լավ, այլ նաև ցավոտ դրվագներ, օրինակ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի սպասարկող անձնակազմի թերացումները, որոնց պատճառով նկարահանումներն ուղեկցվում էին մեղմ ասած ոչ հաճելի անակնկալներով։

«Ֆիլմում շատ լավ մտածված էր փաստաբան Օգսենի անբարոյական կանանց հրաժեշտ տալու տեսարանը: Օդային համբույրներ բաժանելուց հետո Օգսենը պիտի վերևից թռներ, հայտնվեր կառքի երթիկի վրա և կառքը միանգամից շարժվեր։ Շատ գեղեցիկ մտածված տեսարան էր, ես էլ հաճույքով պատրատվել էին նկարահանմանը։ Եվ, երբ ամեն ինչ պատրաստ էր, ես թռա կառքի վրա, կտորը պատռվեց և ես կիսով չափ հայտնվեցի կառքի մեջ: Պարզվում է, որ մինչև նկարահանումը ոչ մեկի մտքով չէր անցել ստուգել կառքի երթիկի կտորի ամրությունը: Գրիգոր Գեորգևիչը զայրացավ, պահանջեց անմիջապես կարգի բերել կառքը»,- ասում է Ռաֆայել Քոթանջյանը:

Գրիգոր Մելիք-Ավագյանի «Քայլերգ» կարճամետրաժն ու «Բաղդասարը բաժանվում է կնոջից» երաժշտական ֆիլմը, չնայած գնահատելի շատ կողմերին, էկրան բարձրանալուց հետո դասվեցին հազվադեպ ցուցադրվող ֆիլմերի շարքին։

Ուզում ենք հուսալ, որ Գրիգոր Մելիք-Ավագյանի կինոն գնահատողները կգտնեն ճանապարհներ, որոնցով հանդիսատեսը վերջապես հնարավորություն կունենա ծանոթանալու յուրօրինակ կինոմտածողությամբ ստեղծված մի մեծ ժառանգության հետ։

Back to top button