ԿարևորՀասարակություն

Միացյալ Նահանգներից՝ Մարտունի․ Արցախն ամրացնելու Շանթ Չարշաֆճեանի բանաձևը

16 տարվա դադարից հետո՝ համավարակի օրերին, ամերիկահայ Շանթ Չարշաֆճեանը միակողմանի տոմսով Հայաստան եկավ, բայց այստեղ մշտապես մնալու մտադրություն չուներ։ Զորավար Դրոյի թոռնիկի հետ պետք է Տավուշ գնար, սակայն  նախնական պայմանավորվածությունը փոխվեց․ Շանթը Տավուշ հասավ, բայց «Գութան» ազգային երգ ու պարի փառատոնի մասնակիցների հետ։ Այդ ընկերակցությունը ճակատագրական եղավ․ հանդիպեց ապագա կնոջը՝ Մարինէին։

 «Իմ կնոջս հանդիպելը շատ հրաշք բանն մըն էր ինձի համար։ Իրեն հոն տեսա, ինքը մեկ հատ շապիկ հագած էր վրան Գարեգին Նժդեհի նկարը ձեռով նկարված էր, ես ալ մի քիչ յուղաներկով կզբաղվիմ, ճիշտ այդ նույն նկարը  ես ներկած էի, այդպիսով ալ խոսակցությունը սկսավ, որ սիրեցի շապիկը, ես ալ նկարող եմ, ասանկ, ատանկ։ Այս օրը ծանոթացանք իրարու հետ, բավական խոսեցանք, իսկ հաջորդ օրը պատերազմը սկսվեց։ Երբ Արցախ գնացի իրեն մի քանի անգամ զանգեցի, որ կապը չկորի»։

Շանթի ծնողները Ցեղասպանությունը վերապրածների սերնդից են՝ Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքից։ Միացյալ Նահանգներում Շանթը ներգրավված էր Հայ դատի հանձնախմբի աշխատանքներում։  Իրականացրած ակցիաներից մեկի ընթացքում ընկերների հետ շրջում էր տեղի խանութներով  ու  համոզում չվաճառել, իր ձևակերպմամբ, «հավելյալ փամփուշտ» դարձող թուրքական ապրանքը։

«Այդ դեպքերեն ետքը սկսանք այցելել ու իրենց հիշեցնելու, որ թուրքական և ադրբեջանական արտադրանքը ծախելով, ամեն վաճառվածը նպաստում է թշնամի պետություններին այդ դրամով, հարկերով։ Ամեն անգամ, որ մեկը գա, մի հատ լոլիկի մածուկ գնե ձեր խանութեն, հավելյալ փամփուշմն է, որ կըրնա մեր զինծառայողին վնաս պատճառել կամ կյանքը խլել։ Շատ լավ արդյունք տեսանք, որ 2-3 ամսվա ընթացքին շուրջ 30 խանութներ լրիվությամբ իրենց ապրանքները դատարկեցին, թուրքական ապրանքները թափեցին և խոստացան, որ այլևս չպիտի ծախեն»։

Սեպտեմբերի 27-ին Շանթը կամավորագրվեց։ Նրան առաջարկեցին բանակին թիկունքից աջակցելու տարբերակների մասին մտածել։ Սեպտեմբերի 28-ին արդեն Աղավնոյում էր։

«Առաջին բանը, որ մեզ տպավորեց, գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը և դպրոցի տնօրեն Պողոս Ազաբեկյանը անցակետի մոտ էին, որտեղ օթոներու շարք կար արդեն, որ մարդիկ Արցախեն Հայաստան կերթային։ Ամեն օթոյին մոտ կերթային, կսեին՝ եկեք-մնացեք Աղավնո, եթե Հայաստան մնալու տեղ չունեք, մի լքեք երկիրը, մնացեք թիկունքեն փորձենք օգնել մեր զինվորներուն։ Քարերուն, ժայռերուն վրա  թղթեր տպած էին, որոնց վրա գրած էին՝ իրավունք չունինք հայրենիքը լքելու, մնացեք երկրում, պահեցեք զինվորուն թիկունքը և այս տեսակի տարբեր խոսքեր»։  

Սփյուռքահայերից հավաքված գումարով Շանթը զինվորներին անհրաժեշտ պարագաներ էր ձեռք բերում՝ զրահաբաճկոն, գիշերային հեռադիտակ, քնապարկ, ռացիա և այլն։ Ռազմական գործողությունների ավարտից հետո սկսեց այցելել որդեկորույս ընտանիքներին։ Այս հանդիպումներից հետո վերջնականապես որոշեց՝  մնալու է Մարտունիում։ Այստեղ ապրում է կնոջ հետ, արդեն դուստր ունեն։ Մարալը գերդաստանի՝ վերջին 100 տարիներին առաջինը հայրենիքում  ծնված շառավիղն է։    

«Ամենամեծ հպարտությունը, գիտեք, այն է, որ ավելի քան 100 տարի իմ գերդաստանի, տոհմի մեջ բոլորը հայրենիքեն դուրս ծնված են, հայրենիքեն զրկված են, և վերջապես, ես առաջինն եմ, որ վերադարձել է հայրենիք, և ինքը առաջին զավակն է ավելի քան 100 տարվա մեջ, որ հայկական հողի վրա ծնված է»։

Անցած տարի Շանթը Մարտունու շրջանի 4000 երեխայի համար նվերներ է պատրաստել,  շուրջ մեկ ամիս Ձմեռ պապի հագուստով գյուղից գյուղ շրջել ու նվերներ բաժանել։ Հետո ստեղծեց «Լորիկ» մարդասիրական հիմնադրամը՝ ավելի նպատակային ծրագրեր իրականացնելու համար։ Նախատեսում է 75 ընտանիքի, որոնք 5 և ավելի երեխաներ ունեն, ապահովել արևային ջրատաքացուցիչներով։

«Չեն տուժեր, երբ որ գազը անջատվի, մաքուր ձև մըն է ջուր դարձնելու, այսինքն, կարիք չունեն անընդհատ փայտ վառելու, որ ջուր դարձնեն կամ հոսանք ու գազ։ Նաև մեզ ավելի անկախություն կտա, մանավանդ, որ անցած տարի տեսանք՝ ինչքան երկար ժամանակով ազերիները գազը կտրեցին»։

Այս պահին դեռևս միայն մեկ ընտանիքի արևային կայանն է տեղադրվել։ Գումարն արդեն հավաքվել է, Հայաստանում գործող ընկերության հետ նախնական պայմանավորվածություն կար, սակայն շրջափակումը խոչընդոտեց աշխատանքների իրականացմանը։ Շանթ Չարշաֆճեանի խոսքով՝ ստեղծված իրավիճակն ավելի է ընդգծում այս ծրագրի իրականացման հրատապությունը։

Back to top button