

Արվեստի այդ ուղղության ընկալման խնդիրն առկա է նրա ծագումից ի վեր: Շատ դեպքերում այն կարող է անհասկանալի թվալ, երբեմն տարօրինակ, անգամ ծիծաղելի: Այն ինչպես բուռն ընդունվում, այնպես էլ բուռն արժանանում է քննադատության՝ պարգևելով ամենատարբեր հույզեր՝ երբեմն զարմանք, երբեմն հիացմունք:
Մի բան ակնհայտ է, արվեստի այդ ձևաչափը՝ ժամանակակից արվեստը, չդնելով տեխնիկական հմտության ու գեղագիտության խնդիր, կիրառելով նոր մեթոդներ և մեդիաներ, ներմուծելով նոր ձևեր ու հնարքներ, կրելով նոր շունչ և ասելիք՝ հետազոտում է ժամանակակից սոցիալ-մշակութային-քաղաքական ոլորտները, բարձրաձայնում խնդիրներ, ըմբոստանում, ծաղրում, երբեմն հակադրվում, ցույց տալիս դրանք փոխելու ճանապարհներ։
Ժամանակակից արվեստում ամենակարևորը նոր գաղափարի ստեղծումն ու փոխանցումն է, իսկ մարդկանց պարզապես պետք է ուշադիր դիտել, նկատել, տեսնել, զննել, խորը մտածել և զգալ:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիրն է արվեստաբան Նազարեթ Կարոյանը, որն իր գործունեությամբ մեծապես նպաստել է Հայաստանում ժամանակակից արվեստի միջավայրի կայացմանը:


Ժամանակակից արվեստի ինստիտուտը մշակութային և ժամանակակից արվեստի նախագծերի մշակման և արտադրության նախագծման կենտրոն է, որը նպաստում է արվեստի տնտեսության գործունեությանը Հայաստանում, իրականացնում արվեստի ցուցադրման, արխիվացման և տարածման ծրագրեր, կատարում հետազոտություններ, կազմակերպում կրթական ծրագրեր՝ համադրողական պրակտիկայի, տեսության և արվեստի կրթության ոլորտներում:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի դպրոցը, նախագծային և հետազոտական լաբորատորիաները ապահովում են ժամանակակից արվեստի ասպարեզում Հայաստանում և այլուր գործելու համապարփակ ռեսուրսներ, հնարավորություններ և գործիքներ:
«Կարոյան» ցուցասրահն ու «Նեսթ» արվեստագետների կացարանը ներկայացնում են ժամանակակից արվեստով զբաղվող արվեստագետների, արվեստի ստեղծագործություններ և բազմաթիվ ընթացիկ իրադարձություններ:
Զրույց Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ: