Սփյուռքի ձայնը

«Ի գործ»- ականներից որևէ մեկը Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո չի լքել հայրենիքը․ «Սփյուռքի ձայնը»

«Ի գործ» ծրագրի արդեն 3-րդ սերունդը Հայաստանում է և սկսել է իր աշխատանքները տարբեր գերատեսչություններում։ Ի՞նչ են իրենց հետ բերում սփյուռքից հայ երիտասարդները, մասնագիտական ի՞նչ լրացումներ են անում նրանք և ինչպիսի՞ ծրագրեր ունեն իրենց ոլորտների խնդիրները լուծելու համար։ Այսօր մեր տաղավարում են ՌԴ-ից և Բելառուսից Հայաստան եկած երիտասարդ մասնագետները։ Անի Հարությունյանը՝ Ռուսաստանից, արվեստաբան է, թատերագետ, աշխատում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Կարեն Մուրադյանը` Բելառուսից, տնտեսագետ է, աշխատում է էկոնոմիկայի նախարարությունում։

Անի Հարությունյանը, որի համար աշխատանքի այս հնարավորությունը սեփական երկրում գիտելիքները, արվեստի ու մշակույթի պահպանման ու փոխանցման լավ հնարավորություն է, նշում է, որ իրենց ոլորտում մասնագետների պակաս կա։ «Ի գործը» հրաշալի առիթ է հայ լավ մասնագետներին Հայաստանում տեսնելու ու նրանց հմտությունները կիրառելու համար, ասում է։ «Ցավով պետք է նշեմ, որ մենք այսօր մեր մշակութային ժառանգությունը պահպանելու խնդիր ունենք։ Իսկ այդ խնդիրը կապված է հատկապես մասնագետների պակասի հետ։ Թատերագիտության ասպարեզում, որը նույնպես իմ ուսումնասիրման կենտրոնում է, նույնպես կան բացթողումներ։ Մենք տարիներ հետո չենք ունենալու օբյեկտիվ, պրոֆեսիոնալ վերլուծություններ ու արխիվային նյութեր»,- ընդգծում է Անին։

Կարեն Մուրադյանը կայացած տնտեսագետ է։ Ասում է, որ Հայաստան եկած բոլոր երիտասարդները գիտեն իրենց այստեղ գտնվելու կարևորությունը։ Հայաստանում է սեպտեմբերի 10-ից, Ադրբեջանի ռազմական ոտնձգությունից երեք օր առաջ։ «Հայաստանում ծրագրի շրջանակներում մեզ հնարավորություն է տրվում ցանկացած պահի լքել երկիրը և վերադառնալ, որտեղից եկել ենք։ 50 մասնակցից որևէ մեկն այդ շրջանում չգնաց Հայաստանից՝ գիտակցելով սեփական երկրում մնալու կարևորությունը»,- ասում է Կարենը։

Անի Հարությունյանը շրջում է Հայաստանով, ծանոթանում հայ մշակույթին իր ողջ ներկապնակով։ Ուսումնասիրում և աշխատում է նաև Շուշիի թատրոնի պատմության առանձնահատկությունները ուսումնասիրելու վրա։ Ասում է, որ Հայաստան էր եկել իր մշակած ծրագրով, սակայն այստեղ դրան ավելացել են նորերը։

Կարենը նույնպես տնտեսությանը վերաբերող սեփական մշակումներով է եկել ծրագրին մասնակցելու։ Հավաստիացնում է, որ մոտ 3 ամիս անց տնտեսության ոլորտում նոր ու հետաքրքիր փոփոխություն է լինելու, ինչը զգալու են նաև ՀՀ քաղաքացիները։

Back to top button