ԿարևորՎերլուծական

Ի՞նչ արժե Իսրայելի ռազմական օժանդակությունը. Բաքուն ի վերջո վճարելու է

Իսրայելը երկարաժամկետ հաշվարկած գործողություններով Բաքվին ներքաշում է Իրանի դեմ ուղղված վտանգավոր խաղի մեջ։ Իր հերթին Բաքուն փորձում է Թեհրանի դեմ քարոզչությամբ, քողարկել իր իսկ քայլերը՝ թույլ չտալով Իրանի դեմ իրական գործողություններ, բավարարվելով միայն հրապարակային հայտարարություններով՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Այդուհանդերձ, պատմաբանի կարծիքով, կգա այն պահը, երբ Բաքուն կվճարի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի ռազմաքաղաքական օժանդակության համար։

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյան

«Բաքուն օգտվել է Իսրայելի բացառիկ օգնությունից, և հրեական կողմը շարունակաբար վերահաստատում է օժանդակությունը Ադրբեջանին։ Բաքվում, իհարկե, մտածում են, թե զերծ կմնան ավելի համարձակ գործողություններից՝ ուղղված Իրանի դեմ, սակայն ակնհայտ է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները առավել ցայտուն բնույթ են ստանում, ինչը պայմանավորված է հրեական գործոնով և Իսրայելի տարածաշրջան մուտքով»,- ասում է փորձագետը` վերլուծելով այս օրերին Բաքվում Եվրասիայի երկրներում Իսրայելի դեսպանների պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում են նաև Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի` հրեական պետության դեսպանահավաքի վայրի ընտրությունը պատահական չէ. Իսրայել-Ադրբեջան սերտ կապերն ու խորացող համագործակցությունը Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու հրեական օրակարգ է։

«Ակնհայտ է, որ իսրայելական ներկայության ընդլայնմամբ մեծանալու է լարվածությունն Իրան-Ադրբեջան հարաբերություններում: Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում Իսրայելի դեսպանն «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանին, Թուրքիային և Արաբական աշխարհի երկրներին առաջարկել էր միավորվել և Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորել։ Այդ հարցազրույցից ժամեր անց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը իսրայելական «Haaretz»-ի հետ զրույցում նշել էր, որ  Ադրբեջանը երբեք չի դառնա պլացդարմ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար` անկախ Իսրայելի և Ադրբեջանի միջև սերտ հարաբերություններից»,- հիշեց նում է փորձագետը։

Պատմությունից պետք է դասեր քաղել` ասում է Հայրապետյանը և որպես օրինակ մատնանշում Իրանի միջնորդությամբ ձևավորված Խամսայի մելիքությունների պատմությունը (Արցախ-Խաչենի իշխանատոհմերի ստեղծած զինական միության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է)։

«Դրանց նպատակը թյուրքական աշխարհի դեմ իրանական քայլերի բալանսավորումն էր նաև։ Հիմա Իրանը արցախյան հիմնահարցում նշում է տարածքային ամբողջականության սկզբունքը և չի միջամտում Լաչինի միջանցքի շրջափակմանը», — նշում է ադրբեջանագետը։ Տաթևիկ Հայրապետյանը պատահական չի համարում Արցախի շրջափակմանը նախորդած Իրանի դեմ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը և շեշտում է, որ Թեհրանի դեմ գործողությունները ոչ միայն Իսրայելով են պայմանավորված, այլև «Մեծ Թուրանի» գաղափարով։

«Ըստ այդմ հայկական կողմի առաջնահերթ խնդիրը  գիտակցելն է, որ Արցախից հրաժարումը չի բերելու խաղաղություն։ Այսօր Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ուստի զիջումների քաղաքականությունը որևէ արդարացում չունի, դա գրգռում է միայն հակառակորդի ախորժակը։ Պետք է զինվել, աշխատել հանրության հետ և չներքաշվել ներքաղաքական մանր խժդժությունների մեջ` դրանով իսկ ճիշտ գնահատել ժամանակը և հնարավորությունները»,- ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Back to top button