Երաժշտական եռանկյունի

Գարիկ Ամյան․ պրոգրեսիվ երաժշտության տարերքը․ «Երաժշտական եռանկյունի»

«Ստեղծագործությունն ու կատարողական արվեստը անբաժանելի են ինձ համար, որքան բազմաթիվ են ինձ հետաքրքրող ոճերը և ուղղությունները կոմպոզիցիայի ոլորտում, նույնչափ կարևոր է բազմաթիվ նվագարաններին տիրապետելը՝ լինի դա ստեղնային գործիք, լարային, թե հարվածային»,- ասում է ստեղծագործող, մուլտիինստրումենտալիստ Գարիկ Ամյանը:

Եթե ստեղծագործական աշխատանքը ժամանակակից ստեղծագործողի համար դա հիմնականում ստուդիայի պայմաններում համակարգչի օգնությամբ ստեղծագործելն է, ապա կատարողական արվեստի ոլորտն անբաժան է բեմից: Դեռևս պատանեկության տարիներից նա մասնակցել է բազմաթիվ նախագծերում, համագործակցել բազմաթիվ մենակատարների հետ: Այդպիսին է «Ալտար» նախագիծը, որը միավորում է երաժիշտներին, որոնք իրենց ստեղծագործության աղբյուրը տեսնում են հավատի մեջ: Երգերի ուղղությունը կրոնական է: Խումբն ակտիվ գործում է, ձայնագրվում և նկարահանում տեսահոլովակներ՝ 2022 թվականից: Որպես կիթառահար և ստեղնային գործիքների նվագող Գարիկ Ամյանը նաև ընդգրկված է «Բլեք գոլդ» նախագծում, որը վերջին շրջանում համագործակցելով մենակատար Եվա Սուջյանի հետ՝ ունեցել է բազմաթիվ համերգներ՝ ամենատարբեր հարթակներում և բեմերում: Գարիկ Ամյանը նաև հայտնի է որպես գործիքավորող: Աշխատում է գրեթե բոլոր ժանրերում՝ կատարելով մշակումներ՝ հայկական ժողովրդականից մինչև պոպ երաժշտություն և այլ ժանրեր: Նրա ստեղծագործության մեջ հատուկ տեղ են գրավում ռոք նախագծերը: Այստեղ նա լիարժեք իրագործում է իր բոլոր հմտություններն ու երաժշտական նախապատվությունները:

«Անտիկրիզիս» ալբոմը, որ ստեղծվել է տասը տարի առաջ, «Ուղերձ Նոյի երկրից» ալբոմը, համագործակցություն իռլանդական ֆոլք երաժիշտ Դեյվ Բանբրելի հետ, ներկայացնում են Գարիկ Ամյանի ռոք և պրոգրեսիվ երաժշտության մեջ կատարած ուրույն աշխատանքը:

Երաժիշտը լայնորեն օգտագործում է համակարգչային տեխնոլոգիաները, ամենատարբեր սեմպլերային բանկերը, ինչպես նաև կենդանի ձայնագրվող նվագարանները: Նման նախագծերից շատերը իրենց բանաձևումն են ստանում որպես ստուդիական աշխատանք, քանի որ բոլոր ձայնագրվող գործիքների վրա նվագում է ինքը՝ ստեղծագործողը: Նման մոտեցումը շատ հատկանշական է վերջին երկու տասնամյակների համար, երբ համակարգիչը փաստացի ազատեց ստեղծագործողին այլ երաժիշտների հետ համագործակցելուց և անսահման դարձրեց ցանկացած ստեղծագործական մտահղացման, կոմպոզիցիայի իրացումը:

Պրոգրեսիվ երաժշտությունը, որը երաժիշտը համարում է իր գլխավոր նախընտրություններից մեկը, ենթադրում է ոչ միայն բարդ կոմպոզիցիոն կառույց, այլ նաև կատարողական արվեստի բարձր մակարդակ: Այն հիմնականում գործիքային է և կրում է կոնցեպտուալ բնույթ: Այսինքն ենթարկված է կոնկրետ ալբոմի գաղափարախոսությանն ու գեղագիտությանը: Գարիկ Ամյանը որպես կոմպոզիտոր նաև հեղինակ է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի համար գրված երաժշտություն, որը թույլ է տալիս նրան դուրս գալով երգի ժանրին հատուկ փոքր ֆորմայից և ստեղծագործական լուծումներ տալ խոշոր ֆորմայի շրջանակներում՝ ստեղծելով սիմֆոնիկ երաժշտությանը հատուկ պատկերներ:

Հաղորդման ընթացքում հնչում են Գարիկ Ամյանի պրոգրեսիվ երաժշտության և այլ ժանրերի ստեղծագործությունները:

Back to top button