ՀարցուԳԻՏԱփորձ

Բոլորը երգելու համար ձայն, «սլուխ» ունե՞ն․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ես չեմ կարող խոստանալ, որ Ադել կդառնաք, բայց 2-3 ամսվա մեջ փոփոխությունը նկատվում է»։

Եթե դուք կյանքում գոնե մեկ անգամ բարձրաձայն ասել եք «ես երգել չեմ կարող» արտահայտությունը, ուրեմն դուք երգել կարող եք։

«Ես մի քանի անգամ, խոսակցական լեզվով ասած, գրազ եմ եկել, որ ցանկացած մարդու կարող եմ երգել սովորեցնել, և միշտ հաղթել եմ, միշտ»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն այսօր պարզելու է՝ արդյո՞ք մի օր կերգեն նրանք, ովքեր միշտ ասում են, թե ձայն, «սլուխ» չունեն։

«ՀարցուԳԻՏԱփորձ»-ի այս թողարկումը գրելուց առաջ հարցուփորձ արեցի իմ շրջապատում։ Պարզվեց՝ «սլուխ»-ը բացառիկ, հազվադեպ պատահող մի բան է․ գրեթե բոլոր հարցվածներն ասացին, որ դրանից չունեն։ Սակայն, իրականում, «եզակիներին հասու» այս երևույթը՝ լսողությունը, ունեն բոլորը, ովքեր, ուշադրություն․․․ լսում են։ Միտքը գուցե պարզ, անգամ պարզունակ է հնչում, սակայն մասնագետները հուշում են՝ երաժշտական ուղի սկսել պատրաստվողների համար սա այբուբենի առաջին տառն է։

Երգելը շնո՞րհ է, թե՞ հմտություն, երաժշտությունն ընտրյալների՞նն է, թե՞ բոլորինը, ո՞ւմ է վիճակված լինել բարեհունչ։ Արդյո՞ք բոլորը կարող են երգել․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

***

«Եթե դուք որևէ մեկին խոսելիս լսում եք, գիտեք, որ նա ունի ձայն, ապա նա անպայման ունի նաև երգչական ձայն, այլ տարբերակ չկա։ Եվ եթե ինչ-որ մեկը ձեզ ծանոթ է, և ձեր ձայնն առանց ձեզ տեսնելու կճանաչի, ապա այդ մարդն ունի նաև տեմբրային լսողություն։ Եթե ինչ-որ մեկը ձեր ինտոնացիայից գլխի կընկնի, որ դուք բարկացած եք կամ բարկացած չեք, որ դուք տրամադրություն ունեք կամ չունեք, ուրախ եք, հուզված եք, ապա այդ մարդը բավական լավ լսողական տվյալներ ունի։ Բոլորն ունեն լսողական ձայն, բոլորն ունեն երգչական ձայն, բոլորը, անխտիր»։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ, դաշնակահար, Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի երգեհոնահար Լիլիթ Մարտիրոսյանի առաջին ուսուցիչը մասնագիտությամբ ֆիզիկոս Արմենակ Եղիազարյանն էր։ Հայրիկ Մուրադյանի մոտ՝ «Ակունք» ազգային համույթում երգած վարպետին Մարտիրոսյանը «հայ երգի հանրագիտարան» է որակում. առաջին ու մեծագույն վկայությունն այն բանի, որ մասնագիտությունը ձայնի հետ կապ չունի։ Իսկ ձայնը կապ ունի տաղանդի՞, թե՞ աշխատանքի հետ․

«Տաղանդը հորինված հասկացություն չէ․ օժտվածության աստիճաններ կան։ Ասում ենք այսպես՝ շնորհալի, տաղանդավոր և հանճարեղ։ Սա ներքևից վեր հիերարխիկ կառուցվածքն է։ Ժամանակին շատ ավելի խիստ են եղել նման որակումներ տալիս։ Ներսես Շնորհալին այսօրվա ընկալմամբ հանճարն է։ Այն ժամանակ սահմանափակվել են շնորհալի ասելով։ Այսօր շատ շռայլ ենք»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը։

Բայց սա չի նշանակում, որ եթե ձեզ որևէ մեկը չի ասել «ինչ տաղանդավոր, ինչ շնորհալի է, հրաշալի է երգում» ապա դուք երգել չեք կարող։ Լսել և երգել սովորելը հեշտ բան չէ՝ ասում է Լիլիթ Մարտիրոսյանը, սակայն այս հարցում թե՛ դափնիները, թե՛ նախատինքը դասավանդողինն է։ Վստահ է՝ երգել ցանկացող մարդը կարող է երգել մասնագետի օգնությամբ, իսկ եթե կրթություն ստանալուց հետո էլ երգել չի ստացվում, ապա դա միայն դասավանդողի թերացումն է․

«Մարդու ներքին լսողությունը, այն, ինչ պատասխան է տալիս ճանաչելու համար, բավարար չափով կապված չէ իր արտաբերական ապարատի հետ։ Այսինքն՝ երգչական ապարատը և ներքին լսողությունը լավ կապ չունեն։ Դու կարող ես լավ հասկանալ, ճանաչել, գլխի ընկնել, որ սխալ է հնչում երգը, անմիջապես տարբերակել՝ ինչն էր, որ պիտի լիներ այլ կերպ, բայց ինքդ չես կարողանում վերարտադրել։ Այդտեղ ևս գլխային ռեզոնատորը ակտիվացնելու հնար կա։ Մի ականջը փակում ենք կողքից, սեղմում ենք ներս, ու անմիջապես մեր ձայնը սկսում ենք լսել ներսից։ Դա, օրինակ, հնար է»։

Երաժշտական ուղի սկսել պատրաստվողներն «այբուբենի առաջին տառը»՝ «բոլորը կարող են երգել» արտահայտությունը հստակ յուրացնելուց հետո «երկրորդ տառի» հետ համակերպվելու կարիք կունենան․ բոլորը կարող են երգել, բայց բոլորը չեն կարող լինել երգիչ․

«Պիտի տարանջատել՝ մենք պրոֆեսիոնա՞լ շերտի մասին ենք խոսում, թե՞ ոչ պոֆեսիոնալ։ Եթե ոչ պրոֆեսիոնալ, ապա բոլորը կարող են ու ճի՛շտ է, որ երգեն։ Բայց բոլորը չեն կարող երգող լինելով այ հենց այդ պահին համարվել երգիչ»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը։

***

«Մեր տանը ոչ ոք ինձ երգելուց չի լսել, որովհետև, ճիշտն ասած, ես էլ չգիտեի, որ ես երգել գիտեմ»։

Մարիամ Ադամյանը ռադիո՝ զրուցելու եկավ ոչ թե ձայնագրման ստուդիայից, այլ նախարարության իր աշխատասենյակից։ Առաջին մասնագիտությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է ստացել, երկրորդը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Սակայն մինչ ակադեմիական կրթությանը հասնելը սկզբում Երգի պետական թատրոնում իր համար բացահայտեց, որ երգել գիտի, հետո նույնը բացահայտեց հանրության համար «X-factor» հեռուստաշոուում։ Այժմ Մարիամն իրականացնում է երգի դասընթաց հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, թե երգել չեն կարող․

«Երբ ես սկսեցի զբաղվել վոկալ քոուչինգով, ես այդ ժամանակ շատ դասնթացների մասնակցեցի, տարբեր տեղերում կարդում էի, թե ովքեր կարող են սովորել, որովհետև ինձ դիմում են նաև այնպիսի մարդիկ, որոնք զարգացած լսողություն չունեն։ Հետո հասկացա, որ իրականում այդ լսողությունը դու կարողանում ես զարգացնել։ Ու մարդկանց 95 տոկոսը, եթե շատ մեծ ցանկություն ունի, կարող է զարգացնել իր երաժշտական լսողությունը, տոնը, ռիթմը»։

Մարիամը միակ բացառության՝ ամուզիա ունեցող մարդկանց մասին է խոսում։ Սա երաժշտությունը ընկալելու կարողության խանգարում է, առաջանում է գլխուղեղի կեղևի քունքային բաժինների վնասման դեպքում։ Սակայն այս խանգարմանն ամեն օր չես հանդիպի: Խնդիր չունենալու դեպքում մարդը կարող է սկսել պարապմունքները։ Մարիամը դրանք անցկացնում է օնլայն։ Պարզվում է՝ այն, ինչը մենք սովոր ենք անվանել երաժշտական տաղանդ, կարելի է փոխանցել նույնիսկ էլեկտրոնային վիդեոկապի միջոցով․

«Քանի որ ես ինքս օնլայն դասընթաց եմ անցել, նույնիսկ եղել է ժամանակ, երբ Կոնսերվատորիայում մեր դասերն օնլայն ենք արել, որովհետև համաճարակն էր, հասկացա, որ էնպես չի, որ օնլայն դասընթացները զիջում են սովորական տետատետ դասընթացներին, ու կարելի է օնլայն էլ անել։ Կարևորը լինի լավ ինտերնետային կապ, մնացածը նորմալ է»,- ասում է Մարիամ Ադամյանը։

Ձայնը մարզվում է մկանի նման՝ ամենօրյա աշխատանքով, վարժություններով։ Բայց մինչ դրանց անցնելը տեսական գիտելիք ստանալու կարիք ևս կա․

«Առաջին հերթին պետք է գոնե մի փոքր թեորիա իմանաս, որ ավելի մոտիկից ճանաչես, հետո արդեն սկսես վարժությունները։ Մինչև երգել սկսելը դու պետք է նախ իմանաս, թե ինչպես պետք է ճիշտ շնչել, իմանաս թե ինչպես պետք է ճիշտ կանգնես, ճիշտ կեցվածք ունենաս, որ ձայնդ ճիշտ դուրս գա»։

Կարևոր նկատառում․ ձայնի հետ պետք է զգույշ վարվել։ Հակառակ դեպքում այն վնասելու մեծ հավանականություն կա։ Որքան էլ մեծ լինի երգելու ցանկությունը, առողջ երգելու կարևորությունն ավելի մեծ է։ Մասնագետի դերն այս հարցում թերագնահատել, խորհուրդ-առաջադրանքները ճշգրիտ չկատարել չի կարելի։

Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հանդիպել էին աշակերտներն ու Լիլիթ Մարտիրոսյանը։ Վերջինս, ով հստակ գիտի, որ ամեն մարդ կարող է երգել, ուզում էր համոզվել, որ ամեն մարդ կարող է նաև ստեղծագործել․

«Երեխաները, որ մեկ-երկու անգամ լսում էին ուսուցչի կատարմամբ երգը, հետո դահլիճից դուրս էին գալիս, ամեն մեկը երգի իր տարբերակն էր երգում՝ ինչ-որ բաներ փոխելով։ Դա ապացուցում է այն թեզը, որի մասին առաջինը Կոմիտասն է խոսել. ցանկացած մարդ երգում է, և ցանկացած մարդ ստեղծագործում է։ Տեսեք՝ մեր հաղորդումը սկսվեց նրանից, թե արդյոք բոլորը կարող են երգել։ Ես ասեմ ավելին, բոլորը կարող են նաև ստեղծագործել»։

Երաժշտության առաջ բաց են բոլորը, երեխաները՝ հատկապես։ Լիլիթ Մարտիրոսյանն ասում է՝ մարդը ծնվում է երաժշտություն ունկընդրելու հակումով․

««Ամենաանտաղանդ» մայրիկն անգամ իր երեխայի համար ինչ-որ մի պարզ մեղեդի երգում է, որովհետև բոլորը, չգիտեմ ինչու, վստահ են, համոզված են, որ դա հանգստացնում է երեխային, դա նրան խաղաղեցնում է, օգնում է քնել։ Դա հազարամյա ճշմարտություն է»։

Ասում են՝ երգը ծնվել է այն պահին, երբ բառերը սպառել են իրենց։ Երգն ու երաժշտությունը ճանաչողները վստահ են՝ մեղեդին էմոցիոնալ մարդու սփոփանքն է, իսկ սթրեսային պահերին էմոցիոնալ չլինել հնարավոր չէ։ Լիլիթ Մարտիիրոսյանն ասում է՝ այժմ, երբ աշխարհը մի տեսակ խենթացած է, մեղեդու կարիք ունեն բոլորը։ Բայց վատ երգելու բարդույթները բարդացնում են մարդկանց կյանքը՝ ստիպելով սպառել ուրիշի երգածը, ուրիշի նվագածը, ուրիշի ստեղծագործածը։ Ուրիշ մեկինը, ով «արդյո՞ք ես էլ կարող եմ երգել» հարցի դրական պատասխանն ընդունել ու սկսել է գործել։

Մենք էլ ընդունել ենք, որ ցանկացած պարզ, անգամ անհեթեթ հարց գիտական պատասխան ունի և եթերում կլինենք հաջորդ շաբաթ՝ գտնելու հերթական հարցի պատասխանը։

Back to top button