Վերնատուն

«Ինֆորմացիոն ավալանշ», «նոր ինքնություններ»․ գիտաֆանտաստիկ գրականության հայաստանյան զարգացումները․ «Վերնատուն»

Օրերս լույս է տեսել հայ ֆանտաստ գրողների «Դեպի վեր» պատմվածքների ժողովածուն և Գևորգ Տեր — Գաբրիելյանի «Մեծ Տիեզերափայլ» վերնագրով վեպը։ Հնարավոր են արդյո՞ք Հայաստանում գիտաֆանտաստիկ գրականության ժանրի նոր զարգացումներ։

«60–70 ականներին աշխարհը հրաժարվեց այլ մոլորակներ գրավելու տեխնոլոգիական զարգացման ուղղությունից և զարգացումները դեպի ներս ուղղեց՝ զարգացնելով բժշկությունը, ուղեղի, հոգեբանության, հոգեբուժության հետազոտությունները, զարգացրեց համակարգչային, ցանցային գիտությունները», – ասում է արձակագիր Գևորգ Տեր– Գաբրիելյանը։

Ժողովրդավարական պետությունների ավելացմանը զուգահեռ ֆանտաստիկայի ժանրը սկսեց նմանվել շատ այլ ժանրերի, որտեղ գլխավորը ոչ թե արկածն է, այլ մարդու ներքին հոգեբանության հետազոտությունը, որը դարձավ մարդուն հետազոտելու գործիք։

«Մեծ Տիեզերափայլ» վեպը, երկխոսություն է գիտական ֆանտաստիկայի ժանրի հետ։ Հեղինակն աշխատել է նոր բան հորինել՝ հիմք ունենալով աշխարհի գաղափարախոսությունն ու մինչ օրս եղած տեղեկատվությունը։

«Տեղեկատվությունը գնալով շատանում է, այսօր այն կրկնապատկվում է վայրկյանը մեկ, այդ տեղեկատվության ահագնացումը հսկայական արդյունքներ է ունենալու ու փոփոխություններ է բերելու աշխարհում։

«Տիեզերափայլը» այդ տեղեկատվության ահագնացման արդյունքն է, որը մարդու կողմից կառավարվելու իրադրությունից դուրս է եկել», – ասում է արձակագիրը։

«Ինքնությունը, որին մենք սովոր ենք հենվել և ապավինել, փորձության է ենթարկվելու։ Պետք է սովորել տարբեր ինքնություններից մասնիկներ վերցնելով, նոր ինքնություններ կառուցել և չհուսահատվել, որ քո ինքնությունը այսպես հեղափոխականորեն փոխվում է, – ասում է Գևորգ Տեր– Գաբրիելյանը։

«Մեր օրերում տեղեկատվական ալիքը խորապես փոխում է ամեն ինչ՝ մարդկանց հոգեբանությունը, վարքն ու վարքի կանոնները, լավ ու վատի հասկացությունները։ Մենք չենք գիտակցում և լրջորեն չենք ուսումնասիրում այն», – նշում է արձակագիրը՝ հավելելով, որ ստեղծագործականությունն այսօր նույնպես այլ խնդիր է և կրկին առնչվում է տեղեկատվական տարափին։ Ըստ նրա՝ ստեղծագործականությունը տեղեկատվական տարափի մեջ ճիշտ կողմնորոշվելն է։

Back to top button