Երկրորդ շնչառություն

85-ամյա նկարչուհու երկարակեցության ու կենսասիրության գաղտնիքը․ «Երկրորդ շնչառություն»

85-ամյա տիկին Էլֆրիդան ոչ մի ազատ ժամ չունի օրվա մեջ, նկարում է, կարում, գործում, կարդում է, գրքեր է գրում. նա իր համար միշտ անելիք է գտնում, և ամբողջ օրը հեռախոսով զբաղվողներին էլ ոչ մի կերպ չի հասկանում:

«Կարևոր բաները զանգեն ասեն իրար, բայց ժամերով աննպատակ խոսելն ու ամբողջ օրը հեռախոսի մեջ անցկացնելը վնասակար են առողջության համար»,- կարծում է նա:

Տիկին Էլֆրիդան առաջին անգամ վրձինը ձեռքն է վերցրել 70 տարեկանում, որդու կորուստն է պատճառ դարձել, որ սկսի նկարել:

«Ես ուզում եմ, որ իմ խոսքը հասնի իմ ճակատագիրն ունեցող որդեկորույս կանանց, որ նրանք ամեն ինչ կորցրած չլինեն, իրենց մեջ ուժ գտնեն շարունակել ապրել թեկուզ հանուն մյուս երեխաների»,- ասում է նա՝ վերհիշելով, որ, երբ երեք ամսվա մեջ կորցրեց որդուն և ամուսնուն, տեսողությունն սկսեց կտրուկ վատթարանալ, կաթված է տարել:

«Հասկացա, որ արդեն բեռ եմ դառնում ընտանիքիս անդամների համար և ինձ հավաքեցի»,-ասաց նա՝ հիշելով, որ երջանկահիշատակ որդու նկարին նայելով այնպիսի նրբություններ է նկատել, որ նկարիչ ընկերն առաջարկել է նկարել սովորեցնել:

Պատկառելի տարիքում ներկեր, վրձիններ ու դասագրքեր է առել ու սկսել պարապել՝ տան մի սենյակը վերածելով արվեստանոցի: Ընկերներն են հավատացել ու խրախուսել տիկին Էլֆրիդային՝ շարունակելու նկարելն ու սովորել: Հետո արդեն ընկերների հետ գնացել է Արևմտյան Հայաստան՝ ամեն տեսածն ու տպավորվածը կտավին հանձնելու, շուրջ 160 նկար է արել հայրենիքից: Գունեղ այդ կտավներից ու տպավորություններից էլ ծնվել են տիկին Էլֆրիդայի գրքերը: 50 տարեկանում Կուրիլյան կղզիներում մասնագիտական արշավախմբի հետ հրաբխային լեռը բարձրանալու պահից տիկին Էլֆրիդայի չխամրող մուսան բնությունն է դարձել, մեր պատմական հայրենիքը, սիրելի զբաղմունքը՝ մեքենան նստել ու դեպի լեռները հեռանալը:

Կենսաքիմիկոս տիկին Էլֆրիդան մասնագիտությամբ շատ երկար չի կարողացել աշխատել, Ռադիացիոն տեխնիկայի հատուկ կոնստրուկտորային բյուրոյում ավագ ինժեների գործը հայտնի գիտնականների հետ շատ հետաքրքիր էր, բայց շարունակական գործուղումներն անհնար էին դարձնում մանկահասակ երեխաների խնամքը: Այդպիսով, խոստումնալից գիտնականը 35 տարի իրեն նվիրել է մանկավարժությանը: Բայց ճամփորդելու ցանկությունն իրականություն դարձնելու և հետաքրքրություններով զբաղվելու ժամանակն էլ է, ի վերջո, եկել:

«Տարիքի հետ հասկանում ես, որ ինչքան էլ սիրես ու նվիրվես զավակներիդ, պետք է քո հոգում ունենաս սեփական անձնական տարածքը, որը միայն քոնն է: Շատ հաճախ ծնողներին թվում է, որ երբ այդքան խառնվում են երեխաների կյանքին, դրանով օգնում են նրանց: Ոչ, ամեն մարդ իր ձևով է ուզում ապրել հատկապես ամուսնանալուց հետո: Գուցե դու սխալ ես ապրել, ոնց կարելի է քո ապրածը թելադրես երեխաներիդ: Նրանք պետք է ինքնուրույն լինեն և առանձին ապրեն»,- համոզված է տիկին Էլֆրիդան:

Երեխաների դաստիարակության հարցում նրա խորհուրդներն անգնահատելի են. ծնողների հիմնական առաքելությունը ժամանակին զավակների տաղանդների ու հետաքրրքությունների բացահայտումն է:

«Իմ ոչ թոռները, ոչ էլ ծոռը տատիկ չեն ասում, մենք շփվում ենք ընկերների պես, կարող են ինձանից խորհուրդ հարցնել, կարող եմ և ես իրենց կարծիքով առաջնորդվել»,-ասում է տիկին Էլֆրիդան: Ամենակարևոր սկզբունքը, որով առաջնորդվում է տիկին Էլֆրիդան մշտապես որևէ հետաքրքիր գործով զբաղվելն է, նվիրումով և սիրով աշխատելը: «Տաշեղի նման ծովի ալիքներին հանձնվելով հետաքրքիր չես ապրի, դա ոչ միայն երեխաներիդ և թոռներիդ չի հետաքրքրի, էլ ուր մնաց շրջապատիդ, անպայման պետք է զբաղմունք գտնես»,- եզրափակում է նկարչուհին:

Back to top button