Ժամանակի վկան

Մենք պետք է միմյանց ճանաչենք, որ ավելի լավ հասկանանք․ Անա Ֆրեգա Նովալես և Հովհաննես Բոդուկյան․ «Ժամանակի վկան»

ԵՊՀ պատմության ֆակուլտետում դեկտեմբերի 1-2-ին կազմակերպված «Քաղաքակրթություններ և պատերազմներ» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում էին նաև գիտնականներ Ուրուգվայից, մասնավորապես՝ Մոնտեվիդեոյի համալսարանի hումանիտար և կրթական գիտությունների ֆակուլտետի դեկան Անա Ֆրեգա Նովալեսը և նույն ֆակուլտետի դասախոս Հովհաննես Բոդուկյանը։

Ես սիրով հյուրընկալեցի նրանց մասնակցելու հաղորդմանը․ ձայնագրությունը կատարվել է Հանրային ռադիոյի ձայնագրման տաղավարում 2022 թվականի դեկտեմբերի 6-ին։

Ուրուգվայի համալսարանում գիտակարգերի հիմնական շրջանակը, հայագիտության ներկայացվածության աստիճանը, հայկական հարցի արծարծումը, հայկական համայնքի հետ կապերը, Ուրուգվայ-Հայաստան ճանաչողության արդի մակարդակը և հայագիտության զարգացման հեռանկարային պատկերացումներն ու առաջարկներ, ահա հարցերի շրջանակը, որը քննարկել ենք միասին։

Ուրուգվայի համալսարանի հումանիտար և կրթական գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմաբան պրոֆեսոր Անա Ֆրեգան ներկայացրեց, թե ի՞նչ հիմնական գիտական ուղղությունների վրա է դասավանդման շեշտը ֆակուլտետում․

— Մեր ֆակուլտետում գործում է միգրացիայի հետազոտական կենտրոն, կարծում եմ պարոն Բոդուկյանը, որ այստեղ մեզ հետ է, ավելի հանգամանալից կներկայացնի կրթական նախագծերը։ Մենք ունենք նաև հայերեն լեզվի և մշակույթի դասընթացներ, ինչպես նաև միգրացիայի հետազոտական կենտրոնում գործում է առանձին հայագիտության բաժին։ Իսկ ինչ վերաբերում է Ուրուգվայի պատմությանը, ապա ասեմ, որ այն ընդգրկում է բոլոր մակարդակներով ուսումնասիրություն՝ տեղական, տարածաշրջանային և համաշխարհային։ Մենք չենք կարող առանձնացնել Ուրուգվայի պատմությունը համաշխարհային պատմությունից։ Անհրաժեշտ է, որ մենք տեղեկացված լինենք այլ վայրերում կատարվող իրադարձություններին, որովհետև գաղափարների շրջանառությունը կարևոր է հասկանալու համար տարբեր գործընթացների էությունը։

Ես հայկական սփյուռքի ուսումնասիրությամբ չեմ զբաղվում։ Ես հետազոտել եմ 20-րդ դարասկզբի ռուսական միգրացիան, այդ ժամանակ ավելի քիչ թվով հայեր եկան Ուրուգվայ։ Բայց ես ունեմ հայկական սփյուռքի հետ այլ առնչություններ որպես քաղաքացի, ո՛չ որպես պատմաբան, որովհետև տեղյակ ենք Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ Ուրուգվայի առաջինը լինելու մասին, ուսումնասիրում ենք այդ հարցը, բայց արդի ժամանակահատվածում, ես ավելի շատ կապված եմ հայ համայնքին մշակութային կապով, քանի որ բազմաթիվ հայեր են ներգրավված մշակույթում, սպորտում, մեդիա ոլորտում, արվեստում և Ուրուգվայի կյանքի տարբեր բնագավառներում։ Սա է հիմնականում իմ կապը հայկական սփյուռքի հետ։

Հետարքրվեցի նաև, թե ի՞նչ տպավորություն ստացավ Հայաստան այցելությունից։

-Այո՛, սա իմ առաջին այցելությունն է Հայաստան։ Մենք եղանք շատ տեսարժան վայրերում, այցելեցինք թանգարաններ։ Ես զրուցել եմ բազմաթիվ հայերի հետ պարոն Բոդուկյանի օգնությամբ, որ ինձ համար թարգմանում էր, քանի որ ես ոչ մի բառ չեմ խոսում հայերեն։

Ինձ համար շատ կարևոր էր այցելելը և միմյանց հետ շփվելը մեր մշակույթներով, մեր ինքնությամբ։

Մոնտեվիդեոյի համալսարանի Հումանիտար և կրթական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Հովհաննես Բոդուկյանը նախ պատմեց իր արմատների մասին, ապա նաև, թե՝ ինչպես է հաստատվել Ուրուգվայում։ Հովհաննես Բոդուկյանը հայագիտական բազմաթիվ հոդվածների և մեկ գրքի հեղինակ է։

Խորհրդային տարիներին եղած հայրենիք-սփյուռք կապերը և ներկայիս փոխառնչությունները տարբեր են։ Ինչո՞ւ դեռևս չի ստացվում հայկական սփյուռքը դարձնել ամբողջական գործոն և օգտագործել սփյուռքի հսկայական ներուժը ի նպաստ հայրենիքի։

Եթե լինի մշակված միասնական ազգային ռազմավարություն, այս խնդիրը լուծելի է։ Միայն իրար խորությամբ ճանաչելու հիմքով կարելի է մշակել ազգային հեռանկար ունեցող ռազմավարություն։

Ուրուգվայի հայկական համայքն ունի մի քանի առանձնահատկություն, որոնցից մեկը հիմնականում կիլիկիահայերից կազմված լինելն է։

Ուրուգվահայ համայնքի մյուս առանձնահատկությունը պայմանավորված է էթնիկ պատկանելության և կրոնական գործոնների նվազ կարևորության աստիճանով, որոնք նպաստում են ձուլման և ուծացման գործընթացների ավելի արագ ընթանալուն։

Ուրուգվահայ համայնքի զարգացումն անցյալ դարի առաջին կեսից մինչև մեր օրերը ընթացել է մի քանի տարբեր փուլերով։

Այս հարցերը բազմիցս քննարկման առարկա են դարձել համայնքային առանձին մակարդակներով։ Պրոֆեսոր Բոդուկյանի կարծիքով հարցերի հիմքը միմյանց չճանաչելն է։

Որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը միմյանց խորությամբ ճանաչեն, պրոֆեսոր Բոդուկյանն առաջարկում է նախ սկսել ակադեմիական մակարդակով փոխառնչությունների սերտացումից և գիտական լուրջ ուսումնասիրությունների հիման վրա նոր հայեցակարգի մշակումից։

Իսկ գործնականում այս ամենը շոշափելի դարձնելու համար պրոֆեսորը անհրաժեշտ է համարում աշխատանք տանել երկու հիմնական ուղղություններով։ Ուրուգվայի համալսարանում արդեն գործընթացն սկսված է և հայկական սփյուռքն ուսումնասիրվում է համաշխարհային միգրացիայի ուսումնասիրությունների համատեքստում։

Պրոֆեսոր Անա Ֆրեգան հարցին սկսեց պատասխանել անգլերենով, նշելով որ շատ կարևոր է ակադեմիական մակարդակով միմյանց միջև փոխառնչությունները զարգացնելը համալսարանի հետ, Հայոց ցեղասպանության թանգարանի հետ, որտեղ նույնպես այցելել են, ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ։

Անա Ֆրեգան այնուհետև շարունակեց իսպաներենով։ Հովհաննես Բոդուկյանը սիրով ստանձնեց իսպաներեն հատվածի թարգմանությունը, որի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում պրոֆեսոր Բոդուկյանին։

Հաղորդման վերջում Ուրուգվայից ժամանած գիտնականներն իրենց տպավորություններն ու մաղթանքի խոսքերն ուղղեցին հայ ժողովրդին պատմական այս ծանր ժամանակահատվածում։

Back to top button