ԿարևորՀասարակություն

Մարդկայնություն ցանկացած պայմաններում, համատեքստում ու վայրում․ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը հանդիպել է ՀԿ-ների հետ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը Շուշիի կանանց կենտրոնի ղեկավարը ներկայացնում է իրենց կազմակերպության գործունեության բնույթը։ Գայանե Համբարձումյանը նշում է, որ այն փոխվել է շրջափակման, իսկ ավելի վաղ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։ Եթե նախկինում կանանց իրավունքների պաշտպանությամբ էին զբաղվում, ապա այժմ ֆիզիկական անվտանգության հարցն է առաջնահերթ։

Շուշիի կանանց կենտրոնի ղեկավար Գայանե Համբարձումյան․

«Հիմա մեր գործունեությունը փոխվել է, հիմնականում աշխատում ենք տեղահանված կանանց հետ։ Քովիդը և պատրեազմը ետ գցեց այն աշխատանքը, որ անում էինք Լեռնային Ղարաբաղում։ Ստացվում է, որ կանայք նորից պետք է խոսեն և կարևորություն տան իրենց իրավունքներին»։

Գայանե Համաբարձումյանի ընտանիքը շրջափակման պատճառով կիսվել է․ ամուսինը և տղան Արցախում են, ինքը՝ Երևանում։ Ավելի վաղ՝ պատերազմի հետևանքով կազմակերպության անձնակազմն էր կիսվել, հիմա ավելի բարդ պայմաններում են աշխատում։

«Աշխատում ենք տեղահանված կանաց հետ։ Խնդիրները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տարբերվում են։ Հայաստանում գտնվող տեղահանված կանանց հիմնական խնդիրը կացության և աշխատանք գտնելու հետ է կապված, իսկ ԼՂ–ում գտնվող կանայք ֆիզիկական անվտանգության խնդիր ունեն։ Ինչ–որ կերպ փորձում ենք աջակցել այդ կանանց, մեր անձնակազմը երկու մասի է կիսվել, մի մասը Երևանում է, մյուսը՝ ԼՂ-ում»

1992 թ-ից Հայաստանում գործող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կազմակերպությունն է, որ գրասենյակ ունի Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում։ Կազմակերպությունը իր գործունեությունը ծավալում է 4 հիմնական ուղղությամբ, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում, անհետ կորածներ, այցեր գերիներին և հոգեբանական աջակցություն վերադարձած գերիներին։

Կարմիր Խաչի ներկայացուցիչ Թիերի Ռիպո․

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում, հենվելով այն տեղեկությւոնների վրա, որ անմիջականորեն ստացել ենք անհետ կորածների ընտանիքներից, սահմանել ենք մոտ 4500 անհետ կորածների ցանկ՝ 1992 թ–ից մինչև անցյալ տարվա սեպտեմբեր։ Նրանցից մոտ 800-ը հայեր են և մոտ 3500–ն ադրբեջանցիներ։ Այստեղ, բնականաբար, կան քաղաքական և քրեական ասպեկտներ, սակայն մենք ավելի շատ կենտրոնանում ենք ընտանքիների իրավիճակի վրա, նրանց տագնապի, անձկության վրա, որոնք ինչ-որ մի տեղեկության են սպասում կամ 30 տարի շարունակ հավատում են, որ որդին կամ ամուսինը կվերադառանան»։  

Այն, ինչ իրականացնում են հասարակական և միջազգային կազմակերպությունները, խիստ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակում՝ նշում է Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը։ Նրա խոսքով՝ բարձր պաշտոնյաները սովորաբար նման հանդիպումներ չեն անցկացնում, սակայն իր առաքելությունը կիսատ կհամարեր, եթե չհանդիպեր հասրակության հետ աշխատանքներ տանող կազմակերպությունների հետ։

 Յաել Բրոն Պիվե․

«Չեմ պատկերացնում իմ որևէ առաքելություն, որ չհանդիպեմ այն մարդկանց հետ, որոնք աշխատանքներ են տանում հասարակության հետ։ Գիտեմ՝ որքան գնահատելի է այն աշխատանքը և օգնությունը, որը դուք ցուցաբերում եք այդ կանանց։ Այն առավել անհրաժեշտ է, քան գնահատելի։ Դուք ձեր աշխատանքով ցույց եք տալիս, որ մարդկայնությունը գերակշռող հատկություն է, որն աշխարհում պետք է տեղի ունենա ցանկացած պայմաններում, համատեքստում և վայրում»։

Հանդիպմանը ներկա ֆրանսիական և հայկական հասարակական կազմակերպությունները 2021 թ-ին 2,5 մլն եվրո աջակցություն են ստացել ֆրանսիական ճգնաժամային և աջակցության կենտրոնի կողմից։ Այդ գումարները ուղղվել են 44-օրյա պատերազմից հետո փախստականների աջակցման ծրագրերին։

Back to top button