ԿարևորՎերլուծական

Լաչինի փակման հարցը միջազգային խաղացողների տիրույթում է, բոլորը սպասում են նոր աշխարհի ձևավորմանը փորձագետներ

Արցախի շրջափակման վերաբերյալ տարբեր կողմերից հնչող հայտարարություններից փորձագետները փորձում են որոշ եզրահանգումներ անել ու կարդալ դրանց տողատակերը։

Բաքուն նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից ավելին է ուզում, Մոսկվան էլ իր շահերն է հետապնդում Արցախում։ Այս հարցն արդեն բազմաբևեռ է դարձել՝ համոզված են քաղաքագետներից ոմանք։ Նրանք լուծման տարբերակներ չեն առաջարկում, սակայն համոզված են միջազգային մանդատ ունեցող խաղաղապահների տեղակայման հարցում։

Մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի իշխանություններին լուծման ուղիներ են հուշում ու անգամ սպառնում տարբեր կողմերից։ Անորոշությունը, սակայն, դեռ կշարունակվի, վերլուծելով հայտարարություններն ու ընթացող զարգացումները, ասում են քաղաքագետները։

Վերջին շրջանում Երևանն առաջ է քաշում այն մոտեցումը, որ Ստեփանակերտի ու Բաքվի միջև քաղաքական երկխոսություն պետք է սկսվի։ Այդ մասին խոսեց և՛ ՀՀ վարչապետը և՛ ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանի իշխանությունները չեն խառնվում Լաչինի միջանցքի բանակցություններին, քանի որ չեն բացառում, որ այն հատուկ փակվել է Հայաստանի տարածքով նմանատիպ միջանցք ստանալու համար։ Նա նույնիսկ հայտարարեց, որ Արցախի ու Ադրբեջանի միջև շփումներ կան։ Սրան հակադարձեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա ասաց, որ Բաքվի հետ որևէ շփում գոյություն չունի։ Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանել Վարդանյանի այդ հայտարարությունը, սակայն կարծիք հայտնեց, որ Բաքվի հետ որևէ երկխոսություն չի կարող լինել, քանի որ Ալիևը հայտարարում է, որ Արցախն իր տարածքն է և ով դա չի ընդունում, կարող է հեռանալ այնտեղից։

«Նա ասում է ոչ թե Արցախն է, ոչ թե Ղարաբաղն է, այլ իմ տարածքն է, թողեք գնացեք։ Անգամ մշակութային կարգավիճակ չի ճանաչում։ Դրա համար, երբ Ալիևը այդքան պարզ ու հրապարակային արտահայտվում է, փաստորեն Մեծ Եղեռնի շարունակությունն է, ցեղասպանության շարունակությունն է։ ՀՀ իշխանությունների հայտարարությունը, թե նստեք խոսեք, իրականությունից կտրված է»։

Վիճակն անելանելի է քաղաքագետի կարծիքով, անգամ երևակայության տեղ չկա։ Սակայն կա հարց՝ ինչո՞ւ ՀՀ–ն  չի  դիմում ՄԱԿ՝ միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներ տեղակայելու համար։ 

«Ես միշտ ասում էի, որ չի կարելի ձևավորել ռուս խաղաղապահներ… Նրանք խաղաղապահներ չեն, նրանք ուրիշ խնդիր են լուծում, նրանց հետաքրքիր են ռուսական ազգային շահերն Արցախում։ Իրենք պարտավոր էին պահել միջանցքը, բայց իրենք մասնակից են այս բլոկադայի գործին։ Եթե հիշում եք, ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ ներկայացուցիչը ասաց, որ շրջափակումը կապված է նրա հետ, որ այդ տարածաշրջանում պետք է կոմունիկացիոն խնդիրները լուծված լինեին»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով, եթե Ալիևը հրաժարվում է խոսել Ռուբեն Վարդանյանի հետ, ապա հարցը դուրս է գալիս նեղ շփման շրջանակից ու դառնում միջազգային հարթակում քննարկելու թեմա։

«Այս պահին Լաչինի միջանցքի բացումն ավելի լայն ընդգրկում է ստանում, ընդգրկելով թե՛ Ռուսաստանի շահերը, թե՛ Արցախի իշխանությունների նոր շահերը, թե՛ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական շահերը։ Եվ զարմանալի չէ, որ քաղաքականից բացի խոսք է գնում նաև տնտեսականի մասին, առաջին հերթին՝ հանքերի մասին։ Այս պայմաններում լուծումներ գտնելը անշնորհակալ գործ է։ Այս պահին պետք է անհանգստանալ մարտահրավերներին դիմակայելու, դրանք չեզոքացնելու ուղղությամբ աշխատել»։

Խնդիրը բազմաբևեռ է դարձել և այնպես չէ, որ եթե Լաչինի միջանցքը բացվի այսօր, վաղը այն չի փակվելու նորից։ Հարցը Լաչինի միջանցքի անխափան բացումն է, ասում է քաղաքագետը։ Այս պահին թե՛ Բաքուն և թե՛ Մոսկվան նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներից բացի այլ նկրտումներ ունեն։ Նրա համոզմամբ՝ այս պահին միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներ են հարկավոր Արցախում, քանի որ ռուսները եկել են իրենց շահերի հետևից։ Նա մոտ ապագայում հարցերի լուծման հնարավորություն չի տեսնում ։

«Գլոբալ լուծման համար պետք է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, քանի որ մենք տեսնում ենք, որ գտնվում ենք աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում։ Քանի դեռ այդպիսի ժամանակաշրջան է, լուծումներ սպասելը իրատեսական չէ։ Գլոբալ համաձայնագիր, դեմարկացիա, դելիմիտացիա, որ դրանից հետո կգա համերաշխություն, այս պահին ուղղակի խոսքեր են, որոնք իրականանալու հավանականուոթյուն չունեն»։

Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով այսօր բոլորը սպասում են։ Աշխարհակարգ է փոխվում և բոլորը պատրաստվում են ապագա աշխարհակարգին, թե ինչպիսին կլինի այն և ինչ կձևավորվի, ոչ ոք չգիտի։

Back to top button