Վերնատուն

Աննալների դպրոցի նորարաությունը․ երբ «փաստը» ոչ թե վերջակետ, այլ բազմակետ է․ «Վերնատուն»

Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանը խոսում է իր «Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը» մենագրության մասին։ Գիրքը հեղինակից պահանջել է, ինչպես ինքն է ասում «հայացքների արմատական վերանայում, տարբերությունները ճաշակելու պատրաստ քիմք»։

Աննալների դպրոցի տեսությանն առնչվելով` հեղինակը հասկացել է, որ նրանց գրած պատմությունն ու իր իմացած պատմությունը էականորեն տարբեր են։ Այստեղից էլ սկսել է հետազոտական ընթացքը։

«Պատմությունը բոլորովին այլ բան է, քան մինչ այդ ես գիտեի, – ասում է Սմբատ Հովհաննիսյանը։ Աննալների պատմագիտական դպրոցը վճռորոշ դեր ու նշանակություն է ունեցել համաշխարհային պատմագիտության մեջ, հատկապես երբ ծագել է պատմագրությունը վերանայելու և արդիականացնելու անհրաժեշտություն։ Աննալների դպրոց անվանումը ծագում է ամսագրի անվանումից, որը ֆրանսերենից բառացի թարգմանվում է «տարեգրություններ»։

Ամսագիրը լույս է տեսել 1929 թվականին։ Ինչպես Սմբատ Հովհաննիսյանն է ասում` այն «ռումբ էր ակադեմիական պատմագիտական միջավայրում» և շատերի կողմից միանշանակ չի ընդունվել, ավելի ուշ՝ դպրոցի հիմնադիրներ Լյուսիեն Ֆևվրի և Մարկ Բլոկի շնորհիվ աստիճանաբար իր տեղն է նվաճել «պատմագիտական տիրույթում»։

«Աննալների դպրոցի ներկայացուցիչների նորարարությունն այն էր, որ պատմագիտությունը «թեթևացրին» փիլիսոփայությունից։ Մեթոդական առումով նույնպես նորամուծություններ արեցին, հատկապես շեշտեցին միջգիտակարգային մոտեցումը, այդ մեթոդը մինչ այդ կիրառվել էր պատմության և աշխարհագրության դեպքում, որի համադրության արդյունքում ի հայտ եկավ նոր գիտություն՝ աշխարհաքաղաքականությունը (գեոպոլիտիկան)։

«Հետագայում սկսեցին համադրվել ոչ թե երկու, այլ երեք, չորս գիտակարգեր։ Եվ այստեղ է, որ պատմությունը միանգամից փոխվեց», – ասում է Սմբատ Հովհաննիսյանը։

Աննալների դպրոցի փորձառությունը մեր ժամանակներում նույնպես կիրառելի է, և, ինչպես հեղինակն է ասում, այսօր էլ այն մեծ օգուտ է տալիս նոր պատմագիտական ուղղություններին։

Սմբատ Հովհաննիսյանն իր հատորյակում փորձել է դպրոցի ողջ պատմությունը ներկայացնել։ Ասում է` այս դպրոցի յուրաքանչյուր սերունդ հնրավոր չէ ամփոփել մեկ գրքում՝ նախընտրելով ներկայացնել յուրաքանչյուր սերնդի բերած նորարարությունները միայն։

Հայկականությունը ներկա չէ գրքի մեջ, սակայն հեղինակն ասում է, որ մենագրությունը գրելիս այն նկատի է առնվել։

«Առաջին պլանում աննալների դպրոցն է, իսկ ենթապլանում` հայկական միջավայրը, որովհետև ես գիտեմ նաև, թե ինչ միջավայրի համար եմ գրում։ Կարծում եմ` փոփոխություն առաջարկող գիրք է, որպեսզի մեր միջավայրում պատմությունը չընկալեն այնպես, ինչպես մեկ տասնամյակ առաջ ես էի պատկերացնում և զարմանում էի, որ դա համարում են պատմություն, մինչդեռ պարզվեց, որ դա է պատմությունը և ոչ իմ իմացածը։

Պատմությունը շատերը շփոթում են թվերի և փաստերի հետ, մինչդեռ պատմությունը թվերից և փաստերից հետո եղածն է։ Նախկինում, եթե փաստն ընկալվում էր որպես վերջակետ, աննալների դպրոցը ցույց տվեց, որ փաստը վերջակետ չէ, այլ բազմակետ է և մեկնաբանություն։ Եվ փաստը մի շարք մեկնաբանությունների համահավաք է։ Այդ փաստերի համադրությամբ էլ վերակազմակերպվում է պատմությունը», – ասում է Սմբատ Հովհաննիսյանը։

Back to top button