Սփյուռքի ձայնը

Սփյուռքում կուսակցական պատկանելությունը ոչ թե միավորում, այլ բաժանում է․ «Սփյուռքի ձայնը»

Ծնունդով Իրանից Շահեն Հարթունին շինարար է, ճարտարապետ, հաշվապահ, ուսուցիչ։ Դուստրը` Աննա Հարթունին, խոհարար։

Շահեն Հարթունին Հայաստանում հաճախ է մտահոգություն հայտնում հայաստանյան շինարարության թե որակից, թե ճաշակից։

«Երևանի ճարտարապետությունը խայտառակ վատ վիճակում է։ Պատկան մարմինները պետք է հետևեն տարվող աշխատանքներին։ Մենք երկրաշարժ տեսած ժողովուրդ ենք։ Անցյալից դասեր քաղելով պետք է այսօր կարողանանք կայուն և ապահով կառույցներ ստեղծել»,- ասում է և արևելյան, և արևմտյան շինարարության նրբություններին տիրապետող զրուցակիցս։

Իրանի Դոկտոր Հախնազարյան դպրոցում դասավանդած Շահեն Հարթունին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցում ունի իր տեսակետը։

«Իրականում բազմաշերտ սփյուռքը իր լավ ու վատ կողմերով փորձում է հայ մնալ։ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի շատ աշխատանք տանի՝ սփյուռքին հայ մնալու գործին նպաստելու համար։ Կարևոր է ներգաղթին նպաստելը նաև»,- նշում է նա։

Սփյուռքում առկա բաժանումների պատճառներից են նաև կուսակցությունները` ասում է Շահեն Հարթունին։ Նա ժամանակին եղել է ՀՅԴ անդամ։ «Եթե ես որևէ բան եմ ուզում անել իմ երկրի, իմ հայրենիքի համար, կարիք չունեմ որևէ կուսակցության մասը կազմելու։ Կուսակցական լինելու ոչ արդյունավետ լինելու փորձը ես ունեմ։ Այն բաժանում է, ոչ թե միավորում, իսկ մեզ պետք է միավորվել»,- ավելացնում է։

Դուստրը` Աննան, որը ծնողների հորդորով մշտապես մասնակիցել է հայկական համայնքային կյանքի, վերհիշում է հայկական դպրոցում անցկացրած տարիները։

«Դպրոցը ևս կուսակցության էր պատկանում։ Նախակրթարան ու դպրոց։ 5 տարի հաճախել եմ հայկական դպրոց, որը բարձր վճար ուներ, սակայն ոչ միայն կրթության որակով չէր փայլում, նաև տարբեր երկրներից «տարբեր հայերեններով» շփվող երեխաների մեջ խտրականություն էր դնում։ Ես միայն վատ հիշողություններ ունեմ այդ դպրոցի հետ կապված»,- ասում է Աննա Հարթունին։

Նա պնդում է, որ լեզվական խնդիրը շատ է խանգարում հարաբերություններում։ «Մենք ուզում ենք Հայաստանում միայն հայերեն լսել։ Շատ են օտար բառերը, դրանք խանգարում են»,- ասում է նա։ Շեշտում է` պետք է հաշվի առնվեն Սփյուռքի և Հայաստանի միջև արդեն առկա լեզվական տարբերությունները։

Back to top button