Դպրություն

Ինչպե՞ս «ճիշտ» մասնագիտություն ընտրել. «Դպրություն»

Որոշ մասնագիտություններ կորցնում են իրենց պահանջարկը, մյուսները փոխակերպվում են՝ տեխնոլոգիաների ազդեցության տակ, և հազարավոր նոր մասնագիտություններ են առաջանում: Այսօր շատ կարևոր է դեռահասների հետ աշխատանքը մասնագիտական կողմորոշման հարցերի շուրջ։ Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն, մասնագիտական ճիշտ կողմնորոշում, կարծիքներ, առաջարկներ։

«Ես աշխատում եմ «Իմ գիտակցված ընտրությունը» հեղինակային ծրագրով։ Պարզվում է, որ դեռահասների ավելի քան 70%-ը չգիտի ինչո՞վ է ուզում զբաղվել ապագայում և հաճախ ընդունվում է ԲՈՒՀ ոչ թե իր սեփական գիտակցված ընտրությամբ, այլ ծնողների խորհրդով, ուղղորդմամբ կամ «գոնե մի տեղ ընդունվելու» և առանց բարձրագույն կրթության չմնալու նպատակով։ Այսպիսի մոտեցումը հետագայում հանգեցնում է նրան, որ «կրթված մասնագետների» մեծ տոկոսը չի աշխատում իր մասնագիտությամբ, իսկ շատերը նույնիսկ խոստովանում են, որ չեն սիրում իրենց մասնագիտությունը», – ասում է լեզվաբան, կրթական նախագծերի հեղինակ և համակարգող Լուսինե Գալստյանը։

«Առանց լիարժեք կրթության անհնար է մարդու կյանքը պատկերացնել, որովհետև մասնագետների կարիք կա շուկայում։ Եվ ակնհայտ է, որ կան թրենդային մասնագիտություններ ու բոլորը ձգտում են գնալ այդ ուղղությամբ՝ առանց մտածելու իրենք կհաջողեն, թե ոչ։ Այստեղ իհարկե շատ մեծ դերակատարում ունեն ծնողների նախասիրությունները, նրանց մանկության, պատանեկության երազանքները և այլն։ Սրանք հաճախ խոչընդոտող հանգամանքներ են դառնում, որովհետև երեխան չի կարողանում ինքնաբացհայտվել և իր իրական ներուժը բացահայտելով՝ կյանքում իր տեղը գտնել», – ասում է «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս Արսեն Վարդանյանը։

«Մասնագիտական ընտրությունը մեծ դեր է խաղում մարդու կյանքում։ Երեխաները անհաջողություններ ունենալու և մեծահասակների հույսերը չարդարացնելու վախեր և կաշկանդվածություն ունեն։ Դեռահասը նաև զոհ է հասարակության կարծիքի, ընկերների տեսակետի։ Շատ կարևոր է փոխանցել գիտելիքը թե՛ ծնողին, թե՛ երեխային և միասին զրույցի հրավիրել հոգեբանի մոտ, որպեսզի այս երկու կողմերը իրար ճիշտ հասկանան», – ասում է հոգեբան, հուզական ինտելեկտի մասնագետ Սոլանժ Թամամյանը։

Back to top button