Երաժշտական եռանկյունի

Գարիկ Ամյան. ստեղծագործող-մուլտիինստրումենտալիստ․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանյան արդի երաժշտական գունապնակը հարուստ է բազմաթիվ երաժշտական դրսևորումներով, ժանրային տեսակներով և վառ ստեղծագործ անհատականություններով, ակադեմիական երաժշտությունից, ֆոլկլորից, ընդհուպ մինչև ջազ, ռոք, էքսպերիմենտալ էլեկտրոնային երաժշտություն, բայց քիչ են արվեստագետներ, որոնք հավասարազոր կերպով արտահայտում են իրենց տաղանդը և մասնագիտական հմտությունները մեծ քանակի երաժշտական ոլորտներում:

Այսօր ժամանակակից երաժշտությունը ստեղծագործողից պահանջում է խորը գիտելիք և ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետում: Կոմպոզիտորն այսօր պետք է զինված լինի ոչ միայն կոմպոզիցիայի և ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկաներով, այլ նաև տիրապետի համակարգչային տեխնոլոգիաներին:

«Մանկուց հետաքրքրվել եմ երաժշտությամբ, այդ հակումը նկատեցին իմ ծնողները և ստեղծեցին բոլոր պայմանները, որպեսզի ես զարգացնեմ և խորացնեմ իմ հետաքրքրությունները: Կզարմանաք, բայց մասնագիտական կրթությունը ստացել եմ որպես հարվածային գործիքների նվագող: Կա կարծրատիպ, որ դրանք ներկայացված են միայն թմբուկներով, այնինչ հարվածային գործիքներն են նաև մարիմբան, քսիլաֆոնը և մետալոֆոնը»,-ասում է Գարիկ Ամյանը:

Գուցե հենց այդ հանգամանքը նպաստեց, որ երաժիշտը սկսեց հետաքրքրվել ոչ ակադեմիական երաժշտական տեսակներով, քանի որ հարվածային գործիքները լայն կիրառում ունեն ջազի և ռոքի մեջ:

Ակտիվ աշխատանքը տարբեր ձևաչափի նվագախմբերում ընդլայնեց Գարիկ Ամյանի դիապազոնն այն իմաստով, որ երաժիշտը սկսեց ուսումնասիրել և տիրապետել մի շարք լարային և ստեղնային գործիքներ: Տարիների ընթացքում փաստում ենք, որ երաժիշտը տիրապետում է մեծ թվով գործիքների:

Ժամանակակից ձայնագրման տեխնոլոգիաները թույլ են տալիս համադրել բոլոր անհրաժեշտ գործիքները՝ ինքնուրույն ձայնագրելով դրանք և հետո թվային մշակման ենթարկելով՝ ստեղծել ամբողջական կոմպոզիցիոն և հնչյունային պատկեր:

Դրան կարելի է հասնել՝ օգտագործելով համակարգչային ծրագրեր, որոնց նույնպես փայլուն տիրապետում է երաժիշտը: Դա առաջին հերթին թույլ է տալիս ստուդիական պայմաններում ինքնուրույն ձայնագրելով շերտ առ շերտ բոլոր նվագարանները՝ ստեղծագործել, փորձարկել և որոնել նորը: Կոմպոզիտոր-կատարողը անդրադառնում է նաև հայտնի ստեղծագործությունների, կատարողների՝ վերամշակելով և յուրովի ներկայացնելով հանրաճանաչ ստեղծագործությունները: Դրանցից մեկը ջութակահար և կոմպոզիտոր Ժան Լյուկ Պոնտիի և «Այոնա» ռոք խմբի պիեսների մշակումն է: Երաժիշտն անդրադառնում է նաև հայկական ազգային երաժշտությանը՝ հատկապես յուրովի մշակելով Կոմիտասի կաքավիկը:

Հաղորդման ընթացքում հնչում են Գարիկ Ամյանի մշակումները և հեղինակային ստեղծագործությունները:

Back to top button