Մոռացված ֆիլմերի ստվերները

Ալբերտ Մկրտչյանի՝ ժամանակի ու մարդկանց մասին պատմող հայտնի ու անհայտ ֆիլմերը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Ալբերտ Մկրտչյանն անմոռանալի հետք է թողել հայկական կինոյի պատմության մեջ։ Նրա նկարահանած ֆիլմերն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր դիտվում են մեծ հետաքրքրությամբ։

Սակայն նրա հայտնի ժապավեններից բացի կան և այնպիսիները, որոնց գոյության մասին հանդիսատեսը գրեթե չգիտի։

ՀՀ վաստակավոր դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը ֆիլմեր կրկնօրինակելիս հաճախ է համագործակցել Ալբերտ Մկրտչյանի հետ։ «Հայֆիլմ» կինոստուդիայում բազմաթիվ ֆիլմեր ձայնագրած  երիտասարդ դերասանուհուն Ալբերտ Մկրտչյանը նկատեց ֆիլմերից մեկի կրկնօրինակման ժամանակ՝  ռեժիսորի փորձված աչքով գնահատելով նրա վարժ ու ճկուն աշխատանքը։ Այդտեղից էլ սկսվեց նրանց երկարամյա համագործակցությունը։

Մայրանուշ Գրիգորյանի ձայնով այսօր էկրանին խոսում են բազմաթիվ դերասանուհիների ստեղծած կերպարներ, բայց  վարպետ կրկնօրինակման շնորհիվ քչերն են դա կռահում։

Ինքը՝ Մայրանուշ Գրիգորյանը, վերհիշելով տարիներ առաջ Ալբերտ Մկրտչյանի հետ կատարած ձայնագրությունները, ափսոսանքով նշում է, որ իրեն այդպես էլ բախտ չվիճակվեց նկարահանվել Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում։ Բայց մի բացառություն այնուամենայնիվ եղել է՝ «Մեր մանկության տանգոն»՝ ուղղակի Մայրանուշ Գրիգորյանի համար տհաճ վերջաբանով։

Մայրանուշ Գրիգորյան

«Կինոն դիտած մարդիկ միանգամից կվերհիշեն «Մեր մանկության տանգոն» ֆիլմի այն տեսարանը, երբ Գալյա Նովենցի հերոսուհին՝ Սիրանուշը հարևան պապիկի հետ գնում է զինկոմիսարիատ ինչ- որ խնդիր լուծելու: Շատ համուհոտով տեսարան է, և այդտեղ  քարտուղարուհու կերպարը ես էի մարմնավորում: Ֆիլմի պրեմիերայի ժամանակ տեսնում եմ, որ քարտուղարուհու դերակատարը ուրիշ մեկն է: Տուն վերադարձա շատ նեղսրտած»,- ասում է Մայրանուշ Գրիգորյանը:

Ֆիլմերի նկարահանումների հետ կապված այդպիսի անակնկալներ իհարկե շատ  են լինում։

«Մեր մանկության տանգոն» միանգամից սիրվեց և ընդունվեց ժողովրդի կողմից։ Այն ընդգրկվեց նաև Վենետիկի՝ միջազգային 42-րդ փառատոնի մրցութային կազմում։ Կինոփառատոնի խստապահանջ ժյուրին «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար հատուկ մրցանակ շնորհեց Գալյա Նովենցին։ Դա Ալբերտ Մկրտչյանի և Գալյա Նովենցի ստեղծագործական համագործակցության անմոռանալի դրվագներից է։

Սակայն իրադարձային այդ օրերին անգամ, Ալբերտ Մկրտչյանը չէր կարողանում մոռանալ իր առաջին լիամետրաժ «Քարե հովիտ» ֆիլմի անհաջող ճակատագիրը։ Տարիներ անց, հարցազրույցներից մեկում չթաքցնելով իր ցավն ու ափսոսանքը՝ կինոռեժիսորը պատմում է, որ նկարահանումներն ավարտելուց հետո կինոնկարը ներկայացվեց Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության «Էկրան» միավորման խմբագրական կոլեգիային։ Դիտմանը հաջորդած քննարկման ժամանակ նրանց պնդմամբ ֆիլմից դուրս հանվեցին Ցեղասպանությանը վերաբերվող կարևորագույն դրվագները։

Ալբերտ Մկրտչյան

«Ֆիլմը նկարահանվեց 1976 թվականին, և հավատացեք այդ տարիներին խոսել եղեռնի մասին, ավելին՝ էկրանին օգտագործել եղեռնի դոկումենտալ կադրեր, մեղմ ասած, անընդունելի էր մոսկովյան կինոպատասխանատուների համար»,- Ալբերտ Մկրտչյանը այսպես էր փորձում հաշտվել «Քարե հովիտ» ֆիլմի մկրատման տհաճ պատմության հետ:

 «Քարե հովիտ» ֆիլմի ցավոտ պատմություններից սակայն, Ալբերտ Մկրտչյանը չընկճվեց, ավելին՝ մեկը մյուսի հետևից նկարահանեց իր լավագույն ֆիլմերը։

Անցյալ դարի 80-ականների վերջին Ալբերտ Մկրտչյանն աշխատում էր «Շնչառություն» ֆիլմի սցենարի վրա։ Ավելի քան երեք տասնամյակ առաջ նկարահանած ֆիլմում շոշափվող թեման արդիական էր և’ այն տարիներին, և’ այսօր։ Կինոնկարի ստեղծման գաղափարը ծնվել էր 1987 թվականին, երբ Խորհրդային Հայաստանում տեղի էին ունենում «բնապահպանական» ցույցեր։ Հանրահավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները Խորհրդային Հայաստանի ղեկավարներից պահանջում էին փակել «Նաիրիտ» գործարանն ու Մեծամորի ատոմակայանը։

Բնապահպանական այս մտահոգությունները, ի վերջո, վերածվելու էին համազգային մի շարժման, որը հարթելու էր Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացման ճանապարհը։

Այդ ամենը պետք է տեղի ունենար մի քանի տարի անց, իսկ 87-ի աշնանը ստեղծագործական և դերասանական կազմի ընտրությունից հետո, մեր երկրի համար ամենաբախտորոշ ժամանակահատվածում մեկնարկեցին «Շնչառություն» ֆիլմի նկարահանումները։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տաղավարներից մեկում, Նորատուսում և այլ վայրերում մի քանի ամիս տևած նկարահանումներին հաջորդած մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո, Երևանում, ապա Մոսկվայում տեղի է ունենում «Շնչառություն» ֆիլմի պրեմիերան։ «Շնչառություն» ֆիլմի երկրորդ ռեժիսոր Նորայր Պողոսյանը, վերհիշելով այդ տարիների դեպքերը, նշում է, որ ամենուր ֆիլմն ընդունվեց մեծ ջերմությամբ, բայց զարմանալիորեն այդ ամենին հաջորդեց երեք տասնամյակ կինոարխիվի փոշոտ դարակներում ննջելու ճակատագիրը։

Նորայր Պողոսյան

«Պրեմիերայից հետո ես ֆիլմը դիտել եմ երեսուն տարի անց միայն: Այն ոչ մի տեղ չէր ցուցադրվում: Այդ ընթացքում բազմաթիվ անգամներ ցուցադրվում էին Ալբերտ Մկրտչյանի նկարահանած բոլոր ֆիլմերը, և այնպիսի տպավորություն էր, որ «Շնչառություն» ֆիլմը կարծես գոյություն էլ չի ունեցել»,-չթաքցնելով վրդովմունքը պատմում է Նորայր Պողոսյանը:

Սերունդներին մեկ տասնյակից ավելի ֆիլմեր ժառանգած Ալբերտ Մկրտչյանը բոլոր կինոնկարները ստեղծել է ժամանակի հրամայականով, և վստահ կարող ենք պնդել, որ դրանց ուղերձները արդիական են նաև այսօր։

Back to top button