

Քանդակին շունչ և ոգի տվող քանդակագործներից է Ռաֆայել Մանուկյանը, որի ինքնատիպ աշխատանքները զարմացրել են շատերին, հաղորդում են մի առանձնահատուկ հմայք, իմաստ, տրամադրություն ու երանգ, մտածող և խորհող քանդակներ, որոնցից յուրաքանչյուրն ասես ունի բնավորություն, զգացմունքներ, միտք, ասելիք, մտածողություն:
Կոմիտաս, Գրիգոր Նարեկացի, Բեթհովեն, Զորավար Անդրանիկ, Պարույր Սևակ, Համո Սահյան, Մհեր Մկրտչյան, Դանիել Երաժիշտ. բազմաթիվ քանդակներ, որոնք ծնվում են սիրով:
Ռաֆայել Մանուկյանի ընտանիքում արվեստի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել միշտ: Սկզբում հաճախել է Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն, այնուհետև Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ ուսումնառության տարիներին արդեն զգալով, որ քանդակագործությունն ապրելակերպ է, սեփական էության մի մասը, և կատարյալ երջանկություն կարող է պարգևել միայն ստեղծագործական ընթացքը, որը հաճախ կարող է տևել ամիսներ, անգամ տարիներ, բայց վերջնական նպատակը ստիպում է անվերջ առաջ շարժվել և արարել, իսկ արարման ճանապարհին հավատարիմ ուղեկիցն է երաժշտությունը:
Ռաֆայել Մանուկյանը չնայած իր երիտասարդ տարիքին մի շարք մրցույթների մրցանակակիր է, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Զրույց քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի հետ: