ԿարևորՎերլուծական

Թեհրան-Բաքու-Անկարա․ որտեղ են հատվում շահերը

Թուրքիայի Անթալիա քաղաքում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստի շրջանակում տեղի է ունեցել   Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի խորհրդարանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝  քննարկվել են տարածաշրջանային ու տնտեսական համագործայցության հարցեր։

Հնչել են նաև քաղաքական հայտարարություններ․իրանցի պաշտոնյան դարձյալ կրկնել է՝ Թեհրանի համար ընդունելի չէ  որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին, բայց նաև նշել է, որ Բաքվի  ու Թեհրանի հակասությունները հարթվել են։

Ձեռնպահ մնալ քայլերից, որոնք այս փուլում կարող են վնասել տարածաշրջանային կայունությանը և լարվածություն առաջացնել, ներդրում ունենալ տարածաշրջանում էներգետիկ և հաղորդակցային համագործակցության ընդլայնմանը․ այս թեմաներն են քննարկել Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Անթալիայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։  

Իրանի խորհրդարանի խոսնակն այս հանդիպմանը դարձյալ ընդգծել է՝ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության, ինչը քաղաքագետները պատահական չեն համարում։  Ըստ Գուրեն Սիմոնյանի՝ որքան էլ երեք երկրները համագործակցության հարցեր քննարկեն, միևնույնն է, Իրանի դիրքորոշումը հստակ է սահմանների հնարավոր փոփոխության հարցում, իսկ խոսքն այս դեպքում  այսպես կոչված «Սյունիքով միջանցքի» մասին է։

«Սա մեսիջ է, որ չի ողջունվում, և թուրքական առևտուրը, որ տարվում է, ոչ մի արդյունքի չի հասել։ Տարբեր հաշվարկներով Իրանի բանակն աշխարհում 13-րդ տեղում է, եթե չեմ սխալվում։ Սա լուրջ դիրք է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչու է թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց հետ համագործակցող ու դաշինք կազմած իսրայելական կողմը փորձում համոզել Իրանին, ինչը չի ստացվում»։

Իրանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրները խորքային են և անլուծելի՝ համոզված է իրանագետ Գարիկ Միսակյանը։ Որքան էլ հայտարարություններ հնչեն, թե Թեհրանի ու Բաքվի միջև առկա տարածայնությունները հարթելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, միևնույնն է, ոչինչ չի ստացվի։ Ապացույցը  Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարությունից հետո Թեհրանում առաջացած երկակի արձագանքը՝ ասում է փորձագետը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը Անթալիայի հանդիպումից հետո  հայտարարել էր, որ Թեհրանի և Բաքվի միջև թյուրիմացությունը լուծվել է։

 «Նախ՝ Իրանում մի քանի հարթակներում քննադատեցին նրան, քանի որ  գոյություն ունեցող խնդիրները չեն լուծվել։ Սա հավանաբար քայլ է Իրանի կողմից հարաբերությունների սրացումը առժամանակ կասեցնելու։ Սակայն Իրանի ու Ադրբեջանի միջև տարաձայնուոթյուններն անլուծելի են, և հակասություններ կան մի քանի ոլորտներում»։

Սա լավ հասկանում է նաև Ադրբեջանի ղեկավարը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝  Ալիևի վերջին հայտարարությունները վկայում են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբում ներքին վախեր կան։

Ալիևի առաջին վախն այն է, որ Ռուսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր «եզրաբանությամբ»,  ռևանշի։ Սա, ըստ իրանագետի, արտահայտվում է նաև քարոզչության մեջ։

Երկրորդ վախն այն է, որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝  Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հանդիպման դրական  ազդակներից է այն, որ ռազմական առճակատումն այս պահին նպատակահարմար չէ՝ չնայած աշխարհում ռազմական հզորություններն ավելացնելու միտումներին։ 

Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա  վերլուծաբանի կարծիքով՝  Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք  երթուղիներում դժվար կլինի  շրջանցել Հայաստանը ։  Ըստ այդմ՝ տարածաշրջանային համագործակցության շրջանակում անուղղակիրորեն ստիպած կլինեն հաշվի առնել ՀՀ-ի շահերը՝ համոզված է քաղաքագետը։

«Կարծում եմ, որ այս համատեքստում ՀՀ շահերը անուղղակիորեն սպասարկվելու են, քանի որ ԻԻՀ որևէ կերպ հետնահանջ չի կատարելու սահմանների փոփոխության հարցում, որովհետև Սյունիքը հայապահպան ԻԻՀ համար այլընտրանքային ուղի է և կյանքի ճանապարհ»։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասիր Քենանին  տեղեկացնում է, որ նախատեսվում է  ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի այց Թուրքիա և Սիրիա:

Դիտարկելով Ռաիսիի սպասվող այցը Թուրքիա ՝ իրանագետ Էմմա Բեգիջանյանն էլ նկատում է,  որ հնչող հայտարարությունների համատեքստում և տարածաշրջանի երկրների մղումներում Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են։ Իսկ Էրդողանն այսօր ավելի շահագրգռված է իր վարկանիշով։

«Թուրքիան ավելի շատ է շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» հիմա, քանի որ վարկանիշը բացականին ընկնում է, և թյուրքական աշխարհը միավորելու հարցը պետք է լինի իր հաղթաթուղթը։ Դրա համար ինքը լարում է հարաբերությունները և Հայաստանի ուղղությամբ, և Իրանի»։

Բավականին լարված հայտարարություններ են հնչեցնում այս օրերին նաև Իրանի ու Իսրայելի դեսպնները։  Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին արձագանքել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հայտարարությանը, թե Իրանը անկայունություն է սփռում Մերձավոր Արևելքում։  Նա նշել է, որ Թեհրանին անհանգստացնում է մի շարք ոլորտներում Ադրբեջան-Իսրայել գործակցությունը, և իրանական կողմը զգուշացրել է Բաքվին այդ հարաբերությունների խորացման հետևանքների մասին: Դեսպանը հայտարարել է, որ  Իսրայելը կզղջա Թեհրանի հարևաններին մոտենալու և Իրանի անվտանգությանը սպառնալու համար:

Լարված հայտարարությունների ֆոնին հունվարի 16-18-ը Բաքվում նախատեսվում է անցկացնել Եվրասիայի երկրներում Իսրայելի դեսպանների պաշտոնական հանդիպումը` արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Այս առումով ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի այն հայտարարությունները, թե պետք է միասնական ճակատ ձևավորել Իրանի դեմ, քանի որ Իրանը  խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Նա առաջարկել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Արաբական աշխարհը միավորվեն Իրանի դեմ:

Ադրբեջանագետն այս առումով  նկատում է, որ Բաքուն նման պայմաններում ընտրվում է որպես դեսպանահավաքի վայր, ինչը  պատահական չէ: Ակնհայտ է, ըստ ադրբեջանագետի,  որ իսրայելական ներկայության մեծացման արդյունքում մեծանալու է լարվածությունը Իրան-Ադրբեջան հարաբերություններում:

Back to top button