ՀարցուԳԻՏԱփորձ

Բույսն ինտելեկտ ունի՞․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«․․․Ես իրեն խնդրում էի, ասում էի՝ լավ, ի՞նչ եղավ, ինչո՞վ ես քեզ նեղացրի։ Հիմա սկսել է ծաղկել, բայց այնպես չի ծաղկում, ինչպես ժամանակին։ Չի ներում ինձ»։

Ես նրան սիրում եմ։ Խնամում եմ, հոգ եմ տանում, միասին երաժշտություն ենք լսում, լավ բառեր եմ ասում։ Նա, ի պատասխան իմ սիրո, կանաչում է։ Բառի ուղիղ իմաստով։

«Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ բույսի արմատի ծայրն իրեն պահում է այնպես, ինչպես թերզարգացած կենդանիներից մեկի ուղեղը»․ Չարլզ Դարվինը 1800-ականներին հայտնած այս մտքով կարծես արդարացնում է բոլոր այն մարդկանց ջանքերը, որոնք կարծում են, թե բույսին լավ բառեր ասելու դեպքում այն կփարթամանա, վատի դեպքում՝ կչորանա։ Դարվինը միակը չէ, որը բույսին բանականություն է վերագրում, սակայն քիչ չեն նաև հակառակ ճամբարում գտնվող գիտնականները։

Բույսը հասկանո՞ւմ է վատ բառերը, զգո՞ւմ է, երբ պոկում ենք տերևը կամ կոտրում ցողունը, իսկ իր ցեղակցին՝ այլ բույսի պաշտպանել կարո՞ղ է։ Արդյո՞ք բույսն ունի ինտելեկտ․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցին է պատասխանելու։

Աստղիկ Պողոսյանն այնքան հիացավ բույսերով, որ որոշեց նրանց հետ ծանոթություն-շփումն ակադեմիական մակարդակի բարձրացնել։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտը, կենսաբանական գիտությունների թեկնածուն բույսերի մասին հատուկ ակնածանքով և մարդկանց վերաբերելի բայերով ու ածականներով է խոսում․

«Դեռ հին դարերից մարդիկ իրենց ստեղծագործություններում բույսին տվել են գերբնական ուժ, նրանց աստվածացրել են, նրանց մեջ փնտրել են փրկությունը, հիվանդությունների բուժման գաղտնիքը, և դա պատահական չէ։ Գիտնականները միջնադարում կարծում էին, որ բույսերն էլ հոգի ունեն, ուղղակի, ասում էին՝ դրանք ստորակարգ հոգի են, որովհետև չէին կարողանում երևույթը բացատրել։ Բայց արդեն 19-րդ դարից կան սարքավորումներ, որոնք գիտնականներին թույլ են տալիս տեսնել, թե ինչպես են բույսերը լսում, զգում, ինչպես են հաղորդակցվում մեկը մյուսի հետ, ինչպես են զգացած վտանգը փոխանցում մյուս բույսերին»։

Սարքավորումներն ալիքների միջոցով որսում են բույսի զգացած ցավը, անհանգստությունը։ Այս ոլորտում իրականացված գիտափորձերը բուսաբանը երկար է թվարկում, սակայն նշում՝ արձանագրված արդյունքները վերլուծել ու հստակ եզրահանգման գալ գիտնականները դեռ չեն կարողացել։ Ակնհայտ է, որ բույսը չունի ուղեղ, նյարդային համակարգ, չունի աչք, ականջ, ոտք։ Բայց ակնհայտ է նաև, որ բույսն արտաքին աշխարհի հետ «խոսելու» իր լեզուն ունի։

— Բույսերին դրել են առանձին խցերում, ստեղծել բոլոր օպտիմալ պայմանները։ Մեկ խցում թթվածինը դադարեցրել են։ Սարքը գրանցել է, որ վտանգի ազդակը հաղորդվել է կողքի խցիկի բույսին, և նրա մոտ էլ է պիկեր գրանցվել (չնայած թթվածնի պակաս չունի): Երրորդ խուցը, որտեղ չի հասել ազդակը, ուղիղ գծի փոփոխություն չի եղել։ Ինչպե՞ս բացատրել դա։ Ուրեմն ենթադրում ենք, որ իրենք, այո’, մեր պատկերացրած զգայարանները չունեն, բայց մոլեկուլներ են արտադրում և դրանցով զգուշացնում վտանգի մասին։

— Կենդանիների ձայների նման է կարծես։ Ինչպես կենդանիներն են ձայնային ազդանշաններով հաղորդակցվում, նույն կերպ բույսերը, պարզապես արդեն ինչ-որ նյութերի միջոցով։

Ֆլորենցիայի համալսարանի բույսերի նյարդաբանության միջազգային լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Ստեֆանո Մանկուսոն բույսերի հետ գիտափորձերի հարուստ շտեմարան ունի։ Նա ցույց է տվել, որ եթե բույսի մեկ տերևը վնասում, պոկում ենք, նա շարունակում է աճել, սակայն միայն չվնասված կողմում։ Իրեն վնասողի ներկայությունը «զգալիս» բույսն անհանգստության նշաններ է ցույց տալիս և նույնիսկ որոշակի երաժշտական ճաշակ ունի։

Սա գիտափորձերից բացի ապացուցվում է նաև պարզ տրամաբանությամբ․ ինչպե՞ս է բույսը շարունակում իր գոյությունը գրեթե անշարժ, անօգնական մի աշխարհում, որտեղ բոլորը բոլորին վնասում են։ Ինչպե՞ս կարող է բույսը ապրել և Երկիր մոլորակում զբաղեցնել պատկառելի տեղ առանց այդ աշխարհին արձագանքելու։ Աստղիկ Պողոսյանն ասում է՝ բույսն ունակ է իրեն պաշտպանել նաև խիստ տեսանելի միջոցներով․

«Մենք ասում ենք՝ կան գիշատիչ բույսեր։ Ինչո՞ւ է առաջացել գիշատչությունը։ Որովհետև այն տարածքում, որտեղ բույսը աճում է, բացակայում են իր զարգացման համար անհրաժեշտ տարրերը։ Ինքն այդ բացը ինչպե՞ս է լրացնում։ Մարսողական գեղձեր է սկսում արտադրել, միջատը կպչում է, և բույսը միջատից վերցնում է այն նյութերը, որոնք իրեն պակասում են։ Եվ փորձեր են արվել․ եթե այդ միջատակեր բույսին պահում ենք իդեալական պայմաններում, որտեղ չկա այդ պակասը, տարիների ընթացքում ինքը կորցնում է այդ հատկությունը։ Այսինքն՝ դա պատասխան ռեակցիան է։ Բույսն այդպես է պատասխանում, որովհետև այլ կերպ չի կարող»։

«Ես փորձելու համար մեկ անգամ այդպես կպել եմ։ Իսկապես շատ վախենալու էր։ Թվում էր, թե կենդանի էակ է»,- ասում է Թամարա Գալստյանը։

Նա առաջին մասնագիտությամբ թատերագետ է, երկրորդով՝ բնագետ։ Իր գործը սարերում ու դաշտերում է։ Ավելի քան 10 տարի շրջում է Հայաստանով, բացահայտում՝ որտեղ, երբ, ինչ բույս է աճում։ Արդյունքներն ամփոփել է անգլալեզու և միայն համացանցային հարթակներում վաճառվող գրքում։ Սակայն գործնականում գիտելիքը կիրառում է զբոսաշրջության բացառիկ ճյուղերից մեկի՝ էկոտուրիզմի միջոցով․

«Տուրիզմի մեջ մի փոքր բնագավառ է, երբ մարդիկ գալիս են այդ երկիր բույսերը նայելու։ Իրենք փնտրում են մեկին, որը կճանաչի բույսերը, կիմանա այդ բույսերի աճման վայրերը, կտանի իրենց այդտեղ, կգտնի բույսը, ցույց կտա և անունը կասի։ Լինում է, որ մարդիկ ուզում են տեսնել հենց այս բույսերը, ու ես այնպես պետք է կազմակերպեմ իմ արշավը, որ այդ պահին մարդիկ գտնվեն Հայաստանի հենց այդ վայրերում, որ տեսնենք այդ բույսերը ծաղկած վիճակում, լինում է նաև, որ ասում են. «Դու ցույց տուր մեզ այն, ինչ ուզում ես»։ Ու այդ ժամանակ ես արդեն գնում եմ այն վայրերը, որ ես եմ ուզում գնալ ու հետազոտել»։

Այս աշխատանքը թույլ է տվել ճանաչել ոչ միայն Հայաստանի բուսական աշխարհը, այլ նաև բույսին՝ իր բնավորությամբ ու կենսակերպով, հասկանալ՝ բույսը զգո՞ւմ է․

«Բարդ հարց է։ Եթե այդ բարդ հարցին տանք պարզ պատասխան, կլինի՝ ոչ։ Բույսը չունի նյարդային համակարգ, չունի ուղեղ, չունի զգայարաններ, ինքը չի կարող զգալ ցավն այնպես, ինչպես կենդանիներն են զգում։ Բայց և’ բույսերը, և’ մարդիկ, և’ կենդանիները, և’ սողուններն ու թռչունները պատկանում են կենդանի օրգանիզմների աշխարհին»։

Թամարան բույսերի զգալու ու պաշտպանվելու կարողությանն անձամբ է ականատես եղել։

«Բույսերն ունեն ինքնապաշտպանական ռեակցիա։ Օրինակ՝ ակացիան․ երբ կենդանին ակացիայի տերևը պոկում է, ինքը քիմիական նյութեր է արձակում, որը տհաճություն է առաջացնում կենադանու մոտ և ինքը հրաժարվում է շարունակել նույն ծառից ուտել։ Կամ միմոզաբույսը` սիրուն գարնանային հատիկները, որ փնջերով նվիրում են․ եթե դուք կպնեք միմոզային, իր տերևները փակվում են, դա ևս ինքնապաշտպանության միջոց է․ իր մակերեսը փոքրացնում է»։

Պարզ դիտումը թույլ է տվել նաև ենթադրել, որ բույսը բացառիկ կամքի ուժ ու ռազմավարություն մշակելու կարողություն ունի։ Բոլորս տեսել ենք՝ ինչպես է ծաղիկը գլուխը շրջում դեպի լույսի աղբյուրը։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում, եթե բույսը չունի շարժումն ապահովող մկաններ։ Այստեղ գործում է բջիջների բաժանման մեխանիզմը։ Հենց բոլոր բջիջները գտնվում են ցանկալի դիրքում՝ շարժումը կանգ է առնում։ Ստացվում է, որ

  1. գնահատում է առկա իրավիճակը- լույսի աղբյուրը հակառակ կողմում է,
  2. կատարում է անհրաժեշտ փոփոխության վերլուծություն- անհրաժեշտ է պտտվել դեպի լույսը,
  3. մշակում է գործողությունների պլան- բջիջները պետք է շարժվեն այս ուղղությամբ՝ ցանկալի դիրքում հայտնվելու համար,
  4. ստանում է գործողության կատարման վերաբերյալ տեղեկատվություն,
  5. վերլուծում է արդյունքը- լույսն արդեն ցանկալի կողմում է,
  6. գործողությունը դադարեցնելու որոշում է կայացնում։

Սա ինտելե՞կտ է, թե՞ ուրիշ մի բան․ բոլոր գիտնականները չեն, որ այս հարցին միանշանակ պատասխան են տալիս։ Մի շարք գիտափորձեր մի քանի անգամ հաջողելուց հետո կրկին փորձելիս նույն արդյունքը չեն տվել, ինչը գիտական աշխարհում բացառում է եղելությունը որպես բացարձակ փաստ ընդունելու հավանականությունը։

«Ես բույսերին ամեն առավոտ, ինչպես իմ թոռնիկներին, բալիկներին, բարի լույս եմ ասում։ Ես իրենց հետ միշտ խոսում եմ, ասում եմ՝ շնորհակալ եմ, որ դուք կաք»,- ասում է Աստղիկ Պողոսյանը։

Նշանակություն չունի՝ որքան խելացի եք դուք համարում բույսին, կարևոր չէ՝ ձեր բանականությունը ընդունում է բույսի բանական լինելու միտքը, թե ոչ, լավ խոսքը դեռ ոչ ոքի չի վնասել։

Աստղիկ Պողոսյանն այս թողարկմանը պատրաստվելիս նկատել է՝ բույսի լեզվի մասին հայալեզու գիտական գրականությունը գրեթե «չի խոսում»։ Խոստացել է թողարկումից հետո հարստացնել գիտական հոդվածների շարքը։

Մենք էլ խոստանում ենք հաջորդ անգամ հանդիպել՝ հերթական պարզ, գուցեև անհեթեթ հարցին գիտական պատասխան գտնելու նպատակադրմամբ։

Back to top button