ԿարևորՀասարակություն

Բարի ծառայություն․ առաջին հրամանը նորակոչիկներին

Սյունիքում այսօրվանից մեկնարկել է 2023 թ․ ձմեռային զորակոչը։ Նորակոչիկներն օրհնանք ու բարի ծառայության մաղթանքներ են ստացել Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որից հետո նրանց ճանապարհել են  Կենտրոնական հանրապետական հավաքակայան։

Քաջարանցի Ալեքս  Հակոբյանը Կապանի զինկոմիսարիատ է եկել մարտական տրամադրությամբ․ հայոց բանակ է զորակոչվում։ Նրա  Խաչատուր պապն  ու Էռնեստ հորեղբայրը Արցախյան առաջին պատերազմում են զոհվել, հպարտ է, որ անմահացած հերոսների ընտանիքից է։ Ալեքս Հակոբյան.

«Լավ տրամադրությամբ եմ գնում ծառայության։ Բոլորովին պատրաստ։

-Չե՞ս վախենում

Թող իրենք ինձնից վախենան»

Վաղ առավոտից Կապանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ է․նորակոչիկները ներսում  բուժզննություն են անցնում, դրսում հարազատները նրանց ուսապարկներն են ստուգում՝ հանկարծ բան մոռացած չլինեն։ Բուժզննությունից հետո նորակոչիկներին օրհնանքի խոսք է ասում Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակը։

«Դուք գնում եք ազգ պահպանելու։ Դուք պարտավորված եք բոլորին տեր լինել։ Գնում ենք մեր պատիվը հետ բերելու, մեր պատվախնդրությունը վերադարձնելու։ Դուք կոչված եք դրա համար։ Այսքան մարդ դրսում սպասում ու հետևելու են ձեզ։ Եղեք բոլորի հույսերը արդարացնող»։ 

Պաշտպանության  նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման  զինակոչի բաժանմունքի պետ Սմբատ Դադոյանն  է ներկայանում նորակոչիկներին։ Ասում է՝ այս պահից արդեն զինվորական եք, իսկ ես՝ ձեր  հրամանատարը։ Ուստի և առաջին հորդոր-հրամանը։

«Բարի ծառայություն, անփորձանք գնաք, անփորձանք հետ գաք, ձեր կյանքը նպատակային օգտագործեք։ Խնդրում եմ ձեզ»։

Զինկոմիսարիատից ուղևորվում են Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Այստեղ նորակոչիկների օրհնության կարգին միանում են նաև պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Վահե Աղալարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որի որդին՝ Արտակ Ղուկասյանը, նույնպես ծառայում է բանակում։ Զինվորի հայր մարզպետի խոսքը լակոնիկ է․ «Ձեր ցավը տանեմ, տղերք»։

Հայրենիքին արժանապատվորեն ծառայելու մաղթանքով զինակոչիկներին դիմեց Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ հայրենիքն այսօր ճգնաժամի մեջ է, որին պետք է դիմակայել։ Տեր Խաչատուրը համոզված  է, որ այսօր քաջերի հերթական խումբն է ճանապարհվում բանակ։

«Աղոթքը պիտի լինի առ Աստված, որ չլինի պատերազմ։ Բայց մեր հույսը դուք եք։ Մենք ձեզանով պիտի կարողանաք ապրել ու իմացեք՝ ձեր կյանքով դուք մեզ կյանք եք տալիս»։ 

Անահիտ Առաքելյանը թոռնիկին է ճանապարհում բանակ։ Աղոթում է  ու խաղաղություն խնդրում Բարձրայլից, որ տղաները բարեհաջող ծառայեն ու երկու տարի հետո վերադառնան։  Թոռանը՝ Գարիկին, խրատ–խորհուրդներ է տվել․

«Խելոք մնա, լսողի դերում լինի, ինչ հանձնարարեն, կատարի, ուշադիր լինի, ամենակարևորը՝ անփորձանք ծառայություն բոլորին»։

Նորակոչիկներն էլ իրենց խոսքն ունեն ասելու հարազատներին։ Ալեքս Հակոբյան․

«Ծնողներս չանհանգստանան, չտխրեն առանց ինձ ու ամեն դժվարություն անցնի»։

Շամպայն՝ հանուն խաղաղ ծառայության, ուրախության արցունքներ ու շուտ վերադարձի մաղթանքներ։ Աղմուկ–աղաղակի մեջ հնչում է մայոր Սմբատ Դադոյանի հերթական հրամանը․ «Բոլոր նորակոչիկները դեպի մեքենաները։ Ուղղությունը՝ կենտրոնական հավաքակայան»։

Back to top button