

Կարատեն մարտարվեստ է, փիլիսոփայություն, հոգեբանություն, աշխարհայացք, կենսակերպ, դաստիարակություն, հարգանք, ոչ միայն ֆիզիկական զարգացում, այլ նաև մարդու լավագույն հատկանիշների ձևավորում, մարմնի և հոգու միաձուլում, ինչպես ասում են Արևելքում՝ ուղի, ինքնակատարելագործման ճանապարհ, որ տանում է դեպի անսահմանություն, և որն ուսումնասիրելու համար կպահանջվի մի ողջ կյանք:
Ճապոնական ծագում ունեցող այս հնագույն մարտարվեստն ամենահայտնիներից է, ժամանակի ընթացքում անցնելով զարգացման երկար ճանապարհ, շարունակում է մնալ ամենասիրվածն ու տարածվածն ամբողջ աշխարհում:
Հոգու, մտքի ու մարմնի ինքնակատարելագործման ճանապարհը՝ կարատեն, մեծ դերակատարում ունի ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական գեղեցկության և կոփվածության, այլ նաև նրա անձնական և կամային հատկանիշների ձևավորման գործում:
Արևելյան այս մարտարվեստին տիրապետելը հեշտ չէ, ուսուցումն արդիական է ցանկացած տարիքում: Խորաթափանց մարտարվեստ, որտեղ մեկտեղված են ուժն ու ֆիզիկական անթերի պատրաստվածությունը, ազնվությունն ու բարեկրթությունը, առողջ դատողությունն ու ինքնավստահությունը, համեստությունն ու աշխատասիրությունը, պատասխանատվության զգացումն ու հարգանքը, մարտարվեստ, որտեղ գլխավորը բարոյական օրենքներն ու արժանապատվությունն է, հոգու, մտքի ու մարմնի ինքնակատարելագործման ճանապարհ, որ սերմանում է կարգապահություն, զգացմունքների վերահսկողություն, ինքնագնահատականի բարձրացում, նպատակասլացություն:
Զրույց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանի և Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանի հետ: