Վերնատուն

Արցախի վտանգված ժառանգությունը․ նոր գիրքը՝ նաև աշխարհի գրադարաններում․ «Վերնատուն»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք — ալբոմը՝ Րաֆֆի Քորթոշյանի հեղինակությամբ։

«Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը բաղկացած է երկու մասից․ առաջին բաժնում ներկայացված են 1991թ․-ից մինչ օրս Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում հայկական ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը ներկայացնող փաստեր։

Փաստերն առավել տեսանելի են դարձնում գրքում ներառված QR կոդերը։ Յուրաքանչյուր հուշարձան ներկայացված է և՛ լուսանկարներով, և՛ տեսագրությամբ, որտեղ տեսանելի են ադրբեջանցի զինվորների վայրագությունները, նրանց տարածած կեղծ տեղեկատվությունը։

Երկրորդ մասը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող և վտանգված պատմամշակութային հուշարձաններն են՝ ըստ շրջանների: Գրքում ներառված է մոտավորապես 400 հուշարձան։

«Այս գրքով Արցախի վտանգված քրիստոնեական հուշարձանների մասին մեր մտահոգությունը մենք փոխանցում ենք աշխարհին։ Այս ալբոմը թերթելով՝ օտարները պիտի տեսնեն, թե ինչպիսի գանձեր են հայակական հուշարձանները, որ դրանք այսօր վտանգված են ու իրականում համամարդկային մշակույթի մասնիկն են»,– ասում է գրքի հեղինակը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

Գիրքը ներկայացնում է Արցախի մշակույթի պատմությունը։ 1000 տպաքանակով լույս տեսած գրքի 500 օրինակն արդեն ուղարկվել է աշխարհի գրադարաններ, կրթական ուսումնական կարևոր հաստատություններ, մնացած մասը նախարարությունը պատրաստվում է բաժանել հայ և օտար դիվանագետներին։

«Ես հավատում եմ, որ այսպիսի քարոզչական նպատակ ունեցող գրքերը արդար ու անշահախնդիր դիվանագետների ու գիտնականների համար կծառայեն որպես ճիշտը խոսելու հենարան», – ասում է Րաֆֆի Քորթոշյանը։

Back to top button