Ծովահայեր

Ջրօրհնեք. երբ միավորվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներն ու տիեզերական հաճախականությունը. «Ծովահայեր»

Հունվարի 6-ին Քրիստոնյա աշխարհը կամ մոլորակի 8 միլիարդ բնակչության 2,4 միլիարդը ջրի օրհնության տոնը նշեց։

Հունվարի 6-ին Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով եկեղեցիներում մատուցվում է սուրբ և անմահ պատարագ։ Ս. պատարագի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի արարողությունը:

Կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, սակայն Աստվածահայտնության տոնին միաբանվում են բոլոր եկեղեցիները ջրի օրհնության կարգը կատարում հունվարի 6-ին։  Քրիստոնյաներն այդ օրը հրաշքի սպասումով օրհնած ջուրն իրենց տուն են տանում, որ չարը խափանվի, հիվանդները բժշկվեն, մեղքերին թողություն շնորհվեն և նպատակները կատարվեն։ Հավատում են նաև, որ օրհնած ջրի հետ օջախ մուտք կգործի սերն ու բարօրությունը։ 

Հայոց կենցաղավարման ծեսերում ջրի հետ կապված հավատալիքները գալիս են դեռ անհիշելի ժամանակներից։ Գյուղաբնակներից շատերը մինչ օրս էլ հավատում են, թե Ամանորի գիշերը «հրաշագործ» կամ «սրբազան» համարվող աղբյուրի ակունքից եթե ջուր վերցնեն ու առանց խոսելու տուն տանեն, այդ տարին բարեբեր կլինի ընտանիքի համար։ 

Աշոցքի բնակչուհի 88-ամյա Գոհար Գալստյանը հիշում է, թե ինչպես էր մանուկ հասակում Ամանորի գիշերը տատն իրեն ուղարկում «Ժամի աղբյուր» (նկատի ունի եկեղեցու աղբյուրը)՝ ջուր բերելու։ Տիկին Գոհարն հավատում է, որ իրենց ընտանիքում հարստություն ու բարօրություն տիրեց հենց ջրի օգնությամբ։

Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյան

Հայ կաթողիկե եկեղեցու Գյումրիի ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է, հիշում է, որ խորհրդային տարիներին, երբ եկեղեցիները չէին գործում, իրենց գյուղի եկեղեցուն հարակից աղբյուրից էին ջուր տանում։ Ջրօրհնեքին ոչ թե քահանան էր օրհնում ջուրը սրբալույս մյուռոնով, այլ մի բարեսիրտ տատիկ, ում ընտանիքը, գաղթելով Արևմտյան Հայաստանից, խաչի մասունք էր բերել։ Այդ խաչը, ընկղմելով ջրի մեջ, տատն աղոթքներ էր շշնջում, հետո՝ համագյուղացիները, ինչքան էլ սաստիկ բուք լիներ, միևնույնն է թեյնիկներն առած հունվարի 6-ին գալիս էին օրհնված ջուր տանելու։

Տեր Վարուժան քահանա Տերտերյան

Գյումրու Հայ առաքելական ս․ Հակոբ Մծբնեցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարուժան քահանա Տերտերյանն ասում է, որ Աստվածահայտնության տոնից հետո հավատավորներն հաճախ են մոտենում և պատմում, թե Ջրօրհնեքին եկեղեցուց տարած ջուրն ինչպես է իրենց բժշկել։ Տեր Վարուժանը նաև պատմում է, թե ինչքան էլ այդ օրը ընտանիքի անդամները օրհնված ջուր տանեն, միևնունն է, տուն գնալիս երեխաները սպասում են, որ այդ հրաշագործ ջուրը՝ որպես ընծա, քահանա հորից ստանան։

Կարինե Սահակյան

Էթնոհոգեբան Կարինե Սահակյանի կարծիքով շատ ազգերի մոտ առկա է այն հավատալիքը, որ ջուրը կարող է ճակատագրի ընթացք փոխել։ Ջրօրհնեքի հետ կապված ծիսակարգերն ինքնաբերաբար են ընթանում, անկախ նրանից էթնոսը գիտակցու՞մ է ծեսի հոգեբանական բովանդակությունը, թե՞ ոչ։ Էթնոհոգեբանն ասում է, հնարավոր է ծիսակարգի որոշ բաղադրիչներ դարերի ընթացքում մոռացության ենթարկվեն, սակայն բուն էությունն ու բովանդակությունը հզոր արքետիպի շնորհիվ պահպանվում է ժողովրդի հայեցակարգում։

Մարդու օրգանիզմի 70-90% (կախված տարիքից) ջրից է կազմված: 

Տպավորելով ինֆորմացիան՝ ջուրը նոր հատկություններ է ձեռք բերում, չնայած քիմիական բաղադրությունը մնում է անփոփոխ, սակայն մոլեկուլների դասավորությունը միանգամայն փոխվում է։ Ճապոնացի գիտնական Մասարու Էմոտոն այդ գիտափորձն առավել պատկերավոր ներկայացեց, երբ տարբեր տարրաներում լցրեց ջուրը, յուրաքանչյուր տարրային մի բնութագրիչ շշնջաց, ապա ակնթարթորեն սառեցնելով՝ ստացավ տարբեր տեսքի բյուրեղներ։

Ջրօրհնեքի արարողության ժամանակ կարդում են ս․ Բարսեղ Կեսարացու աղոթքը, Հովհաննես Պլուզ վարդապետի «Յամենայն ժամ» քարոզը և «Ով զարմանալի» ու «Այսօր ձայնն» տաղերը։ Ապա քահանան ջուրը օրհնում է ս․ Ավետարանով, որտեղ 28-րդ Սաղմոսում ասվում է. «Տիրոջ ձայնը ջրերի վրա է»։

Տեսակետ կա, որ ցանկացած լեզվով աղոթքի բառերի տատանման հաճախականությունը հավասար է 8 գիգահերցի, ինչը համապատասխանում է Երկիր մոլորակի էլեկտրամագնիսական դաշտի տատանման հաճախականությանը:

Աղոթքներ ընթերցելով՝ մարդը փոխում է ջրի կառուցվածքը, ինչն էլ իր դրական ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա:

Back to top button