

Պատմությունը կրկնվում է։ Շատերս այս հայտնի միտքը կրկնում էինք հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերին և դրանից հետո, երբ ականտես եղանք, որ շատ իրադարձություններ, կարծես, հարյուր տարվա կտրվածքով նորից նույնությամբ կրկնվեցին։
Ինչո՞ւ է կրկնվում պատմությունը․ փորձում ենք պատճառները հասկանալ այս հաղորդման հյուրի՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ` ներկայացնելով նաև նրա անցած ուղին, որպես քաղաքական իրադարձությունների մասնակցի ու ականատեսի հուշերը։
«Ղարաբաղ» կոմիտեի բանտարկված լինելու ընթացքում արդեն հայկական բազմաթիվ բնակավայրեր ենթարկվել էին բռնաճնշումների։ Հազարավոր հայեր, բազմաթիվ զոհեր տալով, բռնագաղթի էին ենթարկվել ու տեղահանվել իրենց պապենական բնակավայրերից, այդ թվում նաև Հյուսիսային Արցախի մի մասից։ 1990 թվականի հունվարին խիստ ծանրացել էր նաև Ազատ և Կամո գյուղերի վիճակը։
Մարտի 7-ին Ազատը և Կամոն անսպասելիորեն շրջապատվեցին հսկայական մարտական ուժերով։ Ռազմական գործողությունների սպառնալիքով այդ երկու հայաբնակ գյուղերը հայաթափվեցին և հանձնվեցին ադրբեջանցիներին։
Մարտի սկզբին Գետաշենում և Մարտունաշենում ընդհանուր ժողովներ եղան՝ հետագա անելիքները որոշելու նպատակով։ Թաթուլ Կրպեյանի, որպես Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար, պատասխանատվության ստանձնումով Գետաշենի ինքնապաշտպանությունը դրվեց նոր մակարդակի վրա։
Ալեքսան Հակոբյանը Գետաշենում էր, երբ Լենա մայրիկը՝ ռադիստ Լենան, հաղորդեց, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել։ 1991 թ․ ապրիլի 30-ին Խորհրդային Միության և ադրբեջանական պետական ուժային գերատեսչությունների անմիջական կազմակերպմամբ և մասնակցությամբ սանձազերծվեց «Օղակ» ցեղասպանական գործողությունը։ Ալեքսան Հակոբյանը այդ ողբերգական օրերին Գետաշենում չէր։
Գետաշենին հաջորդեց բազմաթիվ հայաբնակ շրջանների բնակչության բռնի տեղահանությունը։
Շուշիի ազատագրումը ոսկորի պես խրված էր ադրբեջանական իշխանությունների կոկորդին և ոչ միայն՝ նրանց։
Կայսրապետական մոտեցմամբ առ այսօր շարունակվում են տարածքային վեճեր հրահրվել, դաշնակիցներին թիկունքից հարվածներ հասցվել, որը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։
Ընդունված տեսակետ կա, որ անկախության գնալու համար Հայաստանը պատժվեց «Օղակ» ռազմական գործողությամբ։