Վերնատուն

Հացը՝ մշակութային ֆենոմեն․ «Վերնատուն»

«Հացի ապագան անցյալում է», – ասում է հացարար, արվեստաբան, «Ուտելի» հաց թխարանի հիմնադիր Անի Հարությունյանը։ Հացն այն սննդատեսակներից է, որը հին ժամանակներից մինչ օրս գրեթե չի ենթարկվել փոխակերպումների։

Ինչու՞. քանի որ այն անկյունաքարային դեր ունի, եղել է պաշտամունքի առարկա, մի շարք գաղափարներ նրա հետ են կապվել։ Մարդկության պատմության բոլոր փուլերում՝ հեթանոսական թե քրիստոնեական, հացի հետ կապված բոլոր լեգենդներում, հացն ընկալվել է որպես առատության և հյուրասիրության խորհրդանիշ, ու եթե որևէ բան տանը չի եղել հյուրասիրելու, ուղղակի հաց են հյուրասիրել։

Խոսելով հացի մշակութային ֆենոմենի և հացարարության արվեստի մասին՝ Անի Հարությունյանը նշում է, որ մեր օրերում, կապված ինդուստրիալ զարգացումների հետ, հացի ծիսական ու ավանդական գործառույթները մոռացվել են։ Դա տեղի ունեցավ, երբ մարդիկ սկսեցին տներում հաց չթխել։

Լավաշն այսօր միակ հացատեսակն է, որը պահպանում է իր ծիսական, հոգևոր, արարողակարգային նշանակությունը։ Մի քանի տասնյակ հացատեսակներ կան պատմության մեջ, որոնց ձևն ու բաղադրությունը, դրանց բաղարդատոմսերը մոռացվել են և չեն կիրառվում։

«Հայկական հացը տարբերվում է իր բազմապիսի ձևերով, զարդանախշերով ու բովանդակությամբ։ Հացի յուրաքանչյուր բաղադրիչ կապված է տոնի գաղափարի հետ․ հատիկների և չրերի ընտրությունը, դրանց վրա կարդացվող աղոթքները, տեքստերը, երգերը, որ երգվել են հացերը թխելիս։ Օրինակ՝ լավաշ թխում էին միայն կանայք և տղամարդկանց մուտքը թոնրատուն արգելված էր, դա համարվում էր վատ նշան։ Առաջին հացը, որ թխվում էր, ուղարկվում էր այդ բնակավայրում ապրող հիվանդին»։

Անի Հարությունյանը կարևորում է հայկական հացը վերծանելու, վերականգնելու և մոդեռնիզացնելու, հայկական բնական մթերքների, հատկապես հայկական ցորենը և այլ հացահատիկների տեսակները վերականգնելու գաղափարը կյանքի կոչելը` ավանդույթի հետ կապը չկորցնելու համար։

«Ինձ համար կարևոր է, որ վերականգնվի բնական հացի ավանդույթը, այն հացի, որ բացառապես բաղկացած է բնական մթերքներից, անցնում է բնական հասունացում, առանց արհեստական նյութերի, և օգտագործվում են բացառապես հայկական մթերքներ, հատկապես՝ հայկական հացահատիկ, գտնել այն բոլոր հացահատիկները, որոնք պատմական նշանակություն ունեն, ժամանակին մշակվել են, վերականգնել նաև հացերի ձևերը՝ ըստ տարածաշրջանների, դրանք նույնպես մտցնել շրջանառության մեջ։ Մենք հայկական հացերի բազմազանությանը ծանոթ չենք»։

Անի Հարությունյանի համար ամեն ինչ սկսվում է հողից և այն բոլոր փուլերից, որ անցնում է հացահատիկը․ «Կարևոր է հասկանալ հողից մինչև վերջնական մթերք, այդ ամբողջ շղթան այնպես մոդեռնիզացնել, որ չկոցնենք հացը որպես գաղափար, նրա հոգևոր մասն ու բովանդակությունը, չնայենք հացին որպես մթերք, որն ուղղակի խանութում կա։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան հացի պատմությունը՝ ստեղծման պահից սկսած։ Հացի ապագան ինձ համար անցյալի մեջ է, ավանդույթի մեջ է, վերցնել ավանդույթը, հաշվի առնել ժամանակակից կենսակերպը և պահպանել համն ու բնականությունը», – ասում է Անի Հարությունյանը։

Back to top button