Մոռացված ֆիլմերի ստվերները

«Պատահար հուլիսին»․ ֆիլմ, որ բացահայտեց թռչելու գաղտնիքը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Սրանից ուղիղ 40 տարի առաջ՝ հունվարի 4-ին տեղի ունեցավ «Պատահար հուլիսին» ֆիլմի պրեմիերան։

Նույն տարի՝ 1983 թվականին Մոսկվայում ՎԳԻԿ-ի ամենամյա ուսանողական կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի անվանացանկում ներկայացված էր նաև կինոռեժիսոր Գեորգի Կևորկովի «Պատահար հուլիսին» ֆիլմը։ Հանձնաժողովի անդամներին հիացրած ֆիլմը հավակնում էր գլխավոր մրցանակի։ Բայց, ի զարմանս բոլորի, դա տեղի չունեցավ։

1982 թվականի ամառային մի արևոտ օր «Հայֆիլմ» կինոստուդիայի ճանապարհին գտնվող հինգհարկանի շենքերից մեկի բնակիչների անդորրը խախտվում է անսպասելի բղավոցներով։

Այսօր արդեն ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Գասպարյանն այդ ֆիլմում մարմնավորել է տանիքներ ներկող վարպետի հնարամիտ օգնականի կերպարը։ Այդ նրա բարիտոնային ձայնն էլ անհանգստացրել էր շենքի բնակիչներին։ Տարիներ անց էլ վերհիշելով այդ զավեշտալի դեպքը՝ էդուարդ Գասպարյանը, չթաքցնելով ծիծաղը, պատմում է այդ միջադեպի մասին, իսկ նրա ուրախ ձայնի մեջ լսվում է նաև թախիծ ու կարոտ անցած օրերի համար, երբ «Հայֆիլմ» կինոստուդիայում իսկական աշխատանքային եռուզեռ էր, իսկ հայկական կինոն բարձրաճաշակ էր։

Էդուարդ Գասպարյան

«Իմ գոռգոռոցներից հետո շենքի բնակիչները խուճապահար դուրս էին եկել և իրար անընդհատ հարցնում էին «Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել» մենք էլ իրենց հանգստացնում էինք ասելով,որ ֆիլմ է նկարահանվում, տանիքում դերասաններն են աշխատում »,-պատմում է Էդուարդ Գասպարյանը:

Կինոռեժիսոր Գեորգի Կևորկովը հայտնի է կատակերգական ժանրի ինքանատիպ ֆիլմերով։ Ռեժիսոր Ստեփան Կևորկովի ընտանիքի կրտսեր որդին մասնագիտություն ընտրելիս գնաց հոր և ավագ եղբոր ճանապարհով։ Անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսին նա ավարտեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, իսկ մի քանի տարի անց մեկնեց Մոսկվա՝ բարձրագույն ռեժիսորական կուրսերում ուսանելու։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը, լավ ծանոթ լինելով Կևորկովների ռեժիսորական գերդաստանին, նշում է, որ կինոն արվեստի այնպիսի տեսակ է, որ կամա թե ակամա ներգրավում է ընտանիքի անդամներին։

Դավիթ Մուրադյան

«Գեորգի Կևորոկովը Մոսկվայում ավարտել էր նշանավոր ռեժիսոր Էլդար Ռյազանովի կուրսը: Եվ իր առաջին երկու կարճամետրաժ կատակերգությունները նա նկարահանել էր այդ ռեժիսորի արվեստանոցում: Բավականին հետաքրքիր, կոմիկական ֆիլմեր են, որոնց մեջ նկատվում է Ռյազանովյան թախծոտ կատակերգության տարրեր »,-ասում է Դավիթ Մուրադյանը:

Գեորգի Կևորոկով

Բարձրագույն ռեժիսորական կուրսերի ավարտական ֆիլմը Գեորգի Կևորկովը նկարահանեց 1982-ին։ «Պատահար հուլիսին» այսպես է կոչվում 20 րոպե տևողությամբ կարճամետրաժը։ Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո, 1983 թվականի հունվարի 4-ին տեղի ունեցավ «Պատահար հուլիսին» ֆիլմի պրեմիերան։ Էդուարդ Գասպարյանը պատմում է, որ այդ երեկո Կինոյի տան դահլիճում խորհրդային կինոյի անվանի մարդիկ գովեստի խոսքեր էին շռայլում։

«Ֆիլմի դիտումից հետո ներկայացրեցին դերասանական կազմին, որից հետո տեղի ունեցավ քննարկում: Եվ հավատացեք գովեստի ջերմ արձագանքներ էին, ինչը շատ ոգևորիչ էր»,- ասում է Էդուրադ Գասպարյանը:

 «Պատահար հուլիսին» ֆիլմից հետո Գեորգի Կևորկովը ծրագրում էր նույն դերասանական կազմով լիամետրաժ կինոնկար նկարահանել, որի սցենարի վրա նա երկար աշխատեց, բայց ցավոք այն իրականություն չդարձավ։ Երջանիկ ճակատագիր չունեցավ նաև «Պատահար հուլիսին» կարճամետրաժը, որ վաստակել էր հայ և խորհրդային կինոգործիչների շնորհավորանքի ու խրախուսանքի խոսքերը։

Զարմանալիորեն, խորհրդային տարիներին ստեղծված դրական գնահատական ստացած շատ ֆիլմեր են հայտնվել այդպիսի անբացատրելի հակասական իրավիճակում։

Back to top button